Երկխոսությունը մայրաքաղաքայի՞ն կատեգորիա է
Երբ ապրում ես Երեւանում, քեզ թվում է, թե աշխարհի կենտրոնը հենց սա է, եւ բոլոր քաղաքական կամ կիսաքաղաքական կրքերը շիկանում են հատկապես այս քաղաքում: Ու երբ, շատ չէ՝ 50-60 կիլոմետր հեռանում ես մայրաքաղաքից, համոզվում ես, որ քաղաքական գործընթացներ չկան, իսկ եղած խնդիրներն էլ գրեթե ամբողջովին սոցիալական հանդերձանք ունեն, մարդիկ Երեւանից դուրս, կոնկրետ՝ Ծաղկաձորում կամ Հրազդանում, քաղաքականությունից շատ հեռու են, իրենցը՝ իրենց չեղած արտն է ու չեղած ցորենը, չեղած բերքն ու բարիքը, չեղած հույսն ու հավատը: Լրագրողի մասնագիտությունն անարձակուրդ մասնագիտություն է: Երկու օր Ծաղկաձորում եւս չհաջողվեց թաքնվել, անկեղծ ասած՝ հիմնականում մասնագիտական «խասյաթի» պատճառով: Ուրիշ բան չլինի էլ, հարցուփորձ անելը կա ու կա: Միրգ-բանջարեղեն վաճառող տիկինը միանգամից հասկացավ, որ լավ լսող է գտել ու սկսեց պատմել իր հաճախորդների մասին: Նրանցից մեկը՝ մի թմբլիկ տիկին երեկ 50 դրամի պատճառով գլխին օյին է սարքել, սպառնացել, թե ամեն ինչ կանի, որ կինն այդտեղ չաշխատի, այսինքն, տանձ ու խնձոր չվաճառի: Հանգստի եկած, մեկ օրվա մեջ երեք անգամ սնվելու եւ քնելու համար 50 հազար դրամ վճարող տիկնոջը թվացել էր, թե վաճառականը իրեն լոլիկի քաշի մեջ 50 դրամ խաբել է: Ու կռիվ է գցել: Մրգավաճառն էլ թե՝ «արի տեղներս փոխենք, ես գնամ քո հյուրանոցում ապրեմ, դու արի իմ տեղը էս լոլիկը վաճառիր»: Որպես լրագրող փորձում եմ դեպքը քաղաքականացնել, ոչ մի կերպ չի ստացվում. «Ախր, քաղաքականությունն ի՞նչ կապ ունի, էդ կինը, հաստատ, ինձնից ավելի պակաս կրթություն է ստացել, բայց մազերը խոպոպիկացրել է, ու իրեն թվում էր ինքը ամեն հարց լուծող է: Ախր ի՞նչ հարց լուծող, իմ բարձրագույն կրթությամբ ամուսինը Ռուսաստանից ետ չի գալիս, որ գա ի՞նչ աշխատի, սրա ամուսինն էլ, հաստատ, մի լավ գործի է, դրա համար է վեր-վեր թռչում»:
Տաքսու վարորդ Վարդանը, քանի որ թերթի կրպակի մոտ է կանգնած լինում, քաղաքականությունից քիչ-միչ խոսել սիրում էր, բայց եւ այն կարծիքին էր, որ. «Ով ուզում է լինի, էս ժողովրդի վիճակը մի քիչ որ թեթեւացնի, էլ ուրիշ բան պետք չի, դրանից դենը մենք մեր գլխի ճարը կտեսնենք»: Նա վստահաբար պնդեց, որ ուրիշ տարիների հետ համեմատած, այս տարի Ծաղկաձորը դատարկ է, գնացող-եկողները քիչ են. «Սենց տարի չի եղել, դե ո՞նց գան, ամեն ինչ Երեւանի համեմատ 3-4 անգամ թանկ է, երեխեն սովորական քաղցր բամբակ է ուզում՝ 150 դրամ է, մարդիկ բոխչեն կապում են ու գնում դեպի Վրաստան, համ ծով կա, համ էլ՝ էժանություն, հարգանք ու պատիվն էլ տեղը»:
Ամեն երեկո ծաղկաձորցի պապիկները հավաքվում են եկեղեցու մոտ, զրուցում են, վիճում, նայում անցնող-դարձողին, սիրուն կանանց աչքով են անում: Փորձեցի ինձ աչքով անողներից մեկին հարցնել, թե ինչ գիտի Երեւանում ընթացող ՀԱԿ-կոալիցիա երկխոսության մասին: Պապիկը նախ զարմացավ՝ «էդ ինչի՞ մասին ես հարցնում, հա՜, էն որ ամեն օր տելեվիզրով ցույց են տալի՞ս, էն փոքր Լեւոնը եւ Հարությունյան Դավի՞թը, գիտեմ, ո՞նց չգիտեմ, իրենք հանդիպում են, ասում-խոսում, երկուսն էլ սիրուն տղերք են, խի իրենք իրար հետ չե՞ն, մի թիմի մեջ չե՞ն, յա՜, բա, ինչի՞ համար են հանդիպում»,- էլի աչքով է անում միամիտ- խորմանկ պապիկը: Կողքից ինքն իրեն Վանուշ կոչող մի տարեց տղամարդ հարկ համարեց մասնակից դառնալ մեր զրույցին եւ հեղինակավոր տոնով պնդեց. «Հա, գիտեմ, Սերժը եւ Լեւոնը էլի բարիշել են, իրենք իրար հետ միշտ էլ լավ են եղել, Ռոբերտին չեն սիրում, հիմա իրար հետ ուզում են գործեր անեն»: Իմ հարցին՝ ի՞նչ գործեր կարող են անել ներկա եւ նախկին նախագահները, Վանուշը հանդիմանանքով պատասխանեց. «Դու էլ քեզ միամիտի տեղ մի դիր էս մեր Մովսեսի պես, իբր դու չգիտե՞ս, իրենք ուզում են երկրի վիճակը լավացնեն, բոլորիս գործերը լավանա, որ մեր գործերը լավանա, իրենցն էլ հետը կլավանա»: Կողքից մեկն էլ թե՝ «Իշտահիդ՝ քացախ, բա չէ, գիշերը չեն քնում, քո գործերը լավացնելու մասին են մտածում»:
Տարբեր հանգստյան տներում սպասուհի կամ աման լվացող աշխատող մի խումբ կանայք էլ կեսգիշերից առաջ տուն վերադարձի ճանապարհին չզլացան զրույցի բռնվել եւ պատմեցին իրենց դարդ ու ցավից՝ տղամարդիկ խոպան են գնացել կամ՝ պարզապես թողել են իրենց ընտանքները եւ հեռացել, երեխաները մնացել են մայրերի խնամքին, ապրուստը դժվար է. «Էհ, այ քուր, սրտիս հետ գնա, էդ ինչ հարց ես տալիս, բա ինձ պե՞տք է, թե իշխանությունը կամ ընդդիմությունը ինչ են խոսում, ինչ ուզում են՝ խոսեն, մեկ ա, Ծաղկաձոր են գալիս երկուսն էլ ջիպերով եւ լավ-լավ ավտոմեքենաներով, չես հասկանում, ո՞րն է իշխանությունը եւ որն է ընդդիմությունը»: Այս օրերին, երբ հանրապետական մամուլը եւ սոցիալական ցանցերը հեղեղված են երկխոսություն-ակտիվիստ-ոստիկան առճակատումների եւ այս կարգի այլ թեմաներով, Երեւանից դուրս ապրող ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը անտարբեր է քաղաքական նման բաների հանդեպ եւ փորձում է գտնել իր ամենօրյա ապրուստը: