Անցած շաբաթ տրվեց մարզական երկու համալիր խոշոր մրցման մեկնարկ. Երեւանում՝ Համահայկական 5-րդ համաշխարհային խաղերի եւ Շենչժենում՝ Ուսանողական 26-րդ ամառային համաշխարհային խաղերի:
Ունիվերսիադա-2011-ի ծրագրում ընդգրկված է 24 մարզաձեւ, որոնց մասնակցելու համար Չինաստան են ժամանել 150 երկրների շուրջ 10 հազար մարզիկներ՝ անկախ ազգային պատկանելությունից, իսկ Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված 10 մարզաձեւում հանդես են գալիս միայն հայերը, որոնք ներկայացնում են աշխարհի 125 քաղաք:
Իսկ ընդհանուր առմամբ՝ այս օրերին Հայաստան եկել է շուրջ 15 հազար մեր հայրենակից: Այնպես որ, մասսայակայնության եւ մասշտաբայնության առումով այս երկու մրցումների համեմատությունը Համահայկական խաղերի օգտին է:
Ունիվերսիադայի կազմակերպիչները միայն բացման արարողության վրա ծախսել են մոտ $1,5 միլիարդ, իսկ Համահայկական խաղերի (ներառյալ նախապատրաստության ու մրցումների ամբողջ ընթացքը) անցկացումը իրականացվում է անհավատալի նվազագույն գումարներով, ինչը Խաղերի ավարտից հետո ամփոփիչ մամուլի ասուլիսում լրատվամիջոցներին ամենայն մանրամասնությամբ կներկայացնի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: