Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցի գնում են հարսանիքից հարսանիք

Օգոստոս 17,2011 00:00

Եկեղեցու նկատմամբ մարդկանց հավատը կորել է.  ցույց է տվել հետազոտությունը

Մեր երկրի բնակչության ծերացման վերաբերյալ ՄԱԿ-ը ուսումնասիրություններ էր կատարել: Այդ հետազոտության մեջ կենսաթոշակային տարիքի մարդիկ նաեւ պատասխանել են, թե որ արժեքներն են իրենց համար կարեւոր, որոնք՝ ոչ: Պարզվում է, մեր եկեղեցին, որը ցանկացած հայ մարդու համար մեծագույն արժեք էր, հիմա այլեւս չի համարվում այն անառարկելի սրբությունն ու արժեքը, ինչ տարիներ առաջ: Հարցին, թե ի՞նչ կրոն եք դավանում՝ հարցվածների 1,8 տոկոսը նշել է, որ որեւէ կրոնի չի դավանում, 0,5 տոկոսը նշել է, որ քրիստոնյա չէ, իսկ 3 տոկոսը ընդհանրապես չի ցանկացել որեւէ պատասխան տալ: Մարդիկ նշել են, որ եկեղեցի են գնում հարսանիքից հարսանիք, կնունքից կնունք, այսինքն՝ այն ժամանակ, երբ ինչ-որ առիթ, միջոցառում կա, իսկ ուղղակի մոմ վառելու համար քչերն են մտնում եկեղեցի: Հարցվածների միայն 28,9 տոկոսն է նշել, որ տարբեր արարողություններից բացի, կարող է գոնե ամիսը մեկ մասնակցել կրոնական ծիսակատարության: Եթե մայրաքաղաքում եկեղեցի գնալու հարցում պասիվ են պապիկները, մարզերում պատկերն այլ է, այսպես ասած՝ ավելի «անհավատ» են տատիկները: Թվում էր, թե 50-ն անց տարիքի մարդիկ ավելի շատ պետք է կապված լինեն եկեղեցուն, քան ջահելները, բայց ՄԱԿ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ այդ տարիքի մարդկանց 28,6 տոկոսը երբեք չի մասնակցում կրոնական ծիսակատարություններին: Ընդ որում, հատկապես Կոտայքի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում պատկերն առավել տխուր է. հարցվածների գրեթե կեսը՝ 42,1%-ը չի ուզում եւ չի ցանկանում մասնակցել պատարագների կամ որեւէ նման ծիսակատարության:
Մի ուշագրավ տվյալ եւս կա, որը մտորումների տեղիք է տալիս: Մարզերում թոշակառու տղամարդկանց համարյա 15 տոկոսը, կանանց՝ 9 տոկոսը պարտադիր չեն համարում երեխային կնքելը: Տարիներ առաջ, երբ ես փոքր էի, տատս իր ոչ մի թոռանը թույլ չէր տալիս չկնքված երեխաների հետ շփվել, նրանց համարում էր թուրք, մուսուլման, մինչդեռ հիմա, փաստորեն, մեր մեծահասակների մի մասը կնքվելուն այնքան էլ մեծ տեղ չի տալիս:
Լոռիում, Շիրակում եւ Արագածոտնում 65 տոկոսը պարտադիր չի համարում, որ ամուսնությունը գրանցելուց բացի, նաեւ եկեղեցու օրհնությունը ստանա, ինչը նույնպես վկայում է այն մասին, թե հայ հասարակությունն ինչքան է հեռացել եկեղեցուց եւ որքան փոքր է արդեն վստահությունը եկեղեցու նկատմամբ:
Մեր հանրապետությունում սովորաբար կրոնական արարողություններ են կատարվում թաղումների ժամանակ: Եվ այս ամբողջ տխուր ֆոնի վրա, հարցին, թե թաղման ժամանակ կարեւո՞ր է պահպանել կրոնական արարողակարգը, մարդկանց գերակշիռ մեծամասնությունը ասել է «այո»: Ըստ ՄԱԿ-ի եզրակացության, հավանաբար այդ ակտիվության պատճառն այն է, որ բնակչության այդ շերտերը մոտ են արդեն երկրային կյանքին հրաժեշտ տալուն եւ սա հասկանալի միտում է՝ քրիստոնյա մեծահասակների համար:
Ընդհանրապես այս հետազոտությունը նույնպես ցույց տվեց այն, ինչ բոլորս էլ գիտենք. մեր հոգեւոր առաջնորդները, իրենց ոչ հարիր վարքագծով, խիստ աշխարհիկ կյանքով ու պահվածքով հանգեցրին նրան, որ ժողովրդի հավատն ու վստահությունը կորավ եկեղեցու նկատմամբ: Դրանում հատկապես մեծ էր կաթողիկոսի «իմիջն» ու համբավը:
Մինչ օրս շատ հայ ընտանիքներում պահպանվում են Վազգեն Առաջինի մասին հրապարակումներ, գրքեր, որտեղ ներկայացվում է, թե այդ ամիս ուր է այցելել նա, ինչ է ասել, ինչ է արել: Ցանկալի կլիներ, որ նույն հարգանքը լիներ Գարեգին Բ-ի նկատմամբ, որ մարդիկ սրբության պես պահեին նրա այցելությունների մատյանները կամ նրա լուսանկարները:
ՄԱԿ-ի հետազոտության մասին մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից: Նա ասաց, որ այդ հետազոտությանը ծանոթ չէ, երբ կծանոթանա, պարզաբանումներ կտա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել