Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՏԵՂ ՄԵՆՔ ՏԱՆՆ ԵՆՔ

Օգոստոս 17,2011 00:00

Համահայկական խաղերը, մարզական միջոցառում լինելուց զատ, որտեղ տարեցտարի սպորտային ցուցանիշներն աճում են ու պայքարն էլ՝ թեժանում, աշխարհասփյուռ հայերի, հատկապես՝ երիտասարդների համար իրենց հայրենիքին կապվելու բացառիկ հնարավորություն են: Եվ պատահական չէ, որ իրենց արձակուրդը Հայաստանում անցկացնելու եկած մեր հայրենակիցներն անհամեմատ ավելի շատ են, քան անմիջականորեն մրցումներին մասնակցողները:
Շատերը հաճախակի են լինում Հայաստանում ու այս Խաղերը նրանց համար հարազատներին այցելելու եւս մի առիթ է: Կան նաեւ այնպիսիք, ովքեր առաջին անգամ են ոտք դրել նախնիների երկիր: Ու յուրաքանչյուրի ճակատագիրը տարբեր է:
\"\"Անահիտ Շահինյանը բնակվում է Հոլանդիայում: Նա այնտեղ քոլեջում մաթեմատիկա է դասավանդում հոլանդացի երեխաներին: Գրեթե ամեն տարի որդիների հետ գալիս է Երեւան՝ ծնողներին, հարազատներին, ընկերներին տեսնելու: Նրա կյանքի պատմությունը շատ հետաքրքիր է: Ծնվել է Բելառուսի Լիդա քաղաքում՝ խորհրդային սպայի ընտանիքում: Տասը տարեկանում զինվորական հոր հետ ընտանիքով տեղափոխվել են Չինաստանի սահման: Չիտայում դպրոցը դեռ չավարտած՝ նոր տեղափոխություն, այս անգամ՝ Հյուսիսային Օսեթիա: Բարձրագույն կրթությունն ստացել է Վլադիկավկազում: Եվ երբ հայրը՝ Էդուարդ Շահինյանը, զորացրվել է, տեղափոխվել են Երեւան: Այնուհետեւ, հանգամանքների բերումով հայտնվել է Հոլանդիայում: «Գիտե՞ք, թե ինչն է ամենահետաքրքիրը: Հոլանդիայում, երբ փաստաթղթերս ներկայացնելու անհրաժեշտություն է լինում, տեսնում են, որ Լիդայում եմ ծնվել, հարցնում են՝ բելառո՞ւս ես: Պատասխանում եմ՝ ոչ, անդրբայկալցի՞, օսե՞թ՝ կրկին՝ ոչ: Ես հայ եմ ու իմ երկիրը Հայաստանն է: Նայում են երեսիս, փորձում հասկանալ: Լավ է, որ Հոլանդիայում ճանաչում են հայերին ու մեծամասամբ լավ կարծիք ունեն: Այս արձակուրդս համընկավ Համահայկական խաղերին: Առաջին անգամ եմ այսպիսի խոշոր սպորտային միջոցառում տեսնում Հայաստանում ու հպարտանում եմ: Բացման արարողությունը հրաշալի էր: Անհամբեր սպասում եմ վերադարձիս, որպեսզի այնտեղ պատմեմ այս խաղերի մասին: Որպեսզի Հոլանդիայում տեղյակ լինեն, որ հայերը միակ ազգն են, որ անցկացնում են իրենց՝ համահայկական օլիմպիական խաղերը»:
\"\"Ի տարբերություն մեր առաջին զրուցակցի, Անդրե Հաուգեն առաջին անգամ է Հայաստանում: Նա 32 տարեկան է, եկել է Օսլոյից: Անվտանգության համակարգի աշխատակից է: Հայերեն չի խոսում. «Հայրս՝ Ջիմի Վարթիվարյանը, ամեն տարի մի քանի անգամ գալիս է Հայաստան ու այստեղ շատ ընկերներ ունի՝ հատկապես սպորտի ոլորտում: Նա ծնվել է Բեյրութում, եղել խճուղային հեծանվավազքի Լիբանանի քառակի չեմպիոն, այնուհետեւ հաստատվել է Նորվեգիայում: Բայց բոլոր թելերով կապված է Հայաստանի հետ, անում ամեն բան՝ ինչ-որ չափով օգտակար լինելու համար: Դեռ փոքր տարիքից միշտ լսել եմ նրա պատմությունները հայերի, ցեղասպանության մասին: Բայց ամենից շատ սիրում է խոսել իր, հետեւաբար, նաեւ իմ իսկական հայրենիքի՝ Հայաստանի մասին: Ես էլ որոշեցի այս խաղերի առիթով գալ Հայաստան: Մի քանի օր է, ինչ այստեղ եմ: Որոշ բաներ հասցրել եմ տեսնել՝ Սեւանը, Գառնին, Գեղարդը, Խոր Վիրապը… Գիտեմ, որ դա մեր պատմամշակութային հարստության չնչին մասն է միայն: Սակայն տպավորված եմ: Երբ սեփական աչքերով ես տեսնում, շոշափում հազարամյա քարերը, միանգամայն այլ զգացողություն է: Բայց ամենից շատ սիրեցի մարդկանց: Ես, ցավոք, հայերեն չգիտեմ, այստեղ էլ նորվեգերեն չեն հասկանում, անգլերենն էլ այն չէ: Բայց մարդկանց հետ շփվելիս ոչ մի խնդիր չի առաջանում. միմյանց հասկանում ենք անգամ առանց խոսքի: Գուցե գեներն են խոսում: Հայաստանը շատ սիրեցի: Ափսոսում եմ, որ ուշ եմ սկսել այն ճանաչել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել