Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ հայերը՝ անցյալում եւ ներկայում»

Օգոստոս 17,2011 00:00

Գիտաժողով Արցախում

Աշխարհի առաջատար մի շարք բուհերի հետ բավականին ընդլայնված կապեր հաստատած Արցախի «Մեսրոպ Մաշտոց» պետհավատարմագրված համալսարանը առաջին անգամ չէ, որ հյուրեր է ընդունում ՌԴ-ի ուսումնական հաստատություններից: Օրեր առաջ Ռուսաստանի, ավելի կոնկրետ՝ Ռոստովի տարբեր բուհերի մի խումբ գիտնականներ կրկին Արցախում էին: Այս անգամ առիթը մեկը չէր. հագեցած օրակարգի առաջին մասում տեղի ունեցավ Ռոստովի Հարավ-դաշնային համալսարանի գիտխորհրդի կողմից հրատարակվող «ԼՂ հայերը՝ անցյալում եւ ներկայում» վերնագրով գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը, որի 67-րդ հոդվածը ամբողջությամբ նվիրված էր Արցախին:
Հայ եւ ռուս գիտնականների հոդվածներում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի հայերի եւ Ռուսաստանի միջեւ փոխհարաբերությունները՝ սկսած 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմից մինչեւ մեր օրերը: Ժողովածուում տեղ գտած հոդվածները ուղղված էին այն մշակութաբաններին, պատմաբաններին, քաղաքագետներին, որոնք զբաղվում են կովկասագիտությամբ: Հարավ-դաշնային համալսարանի ներկայացուցիչ Հայկ Տրունյանը, խոսելով ժողովածուի հրատարակման ընթացքի մասին, նշել է. «Ժողովածուի հրատարակումը բավականին երկար ճանապարհ է անցել, բայց հանուն նման արդյունքի՝ արժեր ջանալ»: «Մեսրոպ Մաշտոց» եւ Ռոստովի Հարավ-դաշնային համալսարանների համատեղ ջանքերով հրատարակված ժողովածուի օրինակները հենց շնորհանդեսին ստացան այն 10 հեղինակները, որոնց հոդվածները զետեղված էին այնտեղ: Իսկ օրակարգի երկրորդ մասում Ռուսաստանից, Հայաստանից եւ Արցախից հրավիրված հյուրերը մասնակցեցին «Կրթության եւ գիտության դերը ԼՂՀ զարգացման հեռանկարում» 2-րդ ամենամյա գիտագործնական «կլոր սեղանին»: Ելույթ ունեցողները անդրադարձան կրթական համակարգում առկա հիմնահարցերին, տնտեսության զարգացման գործում կրթության ունեցած դերին, նախանշեցին Արցախում կրթական մակարդակի բարձրացման ուղիներ: Զուգահեռներ անցկացնելով հայկական եւ համաշխարհային կրթական համակարգերի միջեւ՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը կարեւորեց այն հանգամանքը, որ հայկական կրթական համակարգը եվրոպականին համընթաց քայլելուն զուգահեռ՝ պետք է պահպանի իր առանձնահատկությունները: Քննարկումից հետո հյուրերը ճանապարհվեցին դեպի Գանձասար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել