Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համակարգիչներ՝ Արցախին

Օգոստոս 17,2011 00:00

\"\"«Ֆրութֆուլ Արմենիայի» հերթական  նախաձեռնությունը

Սեպտեմբերից Ղարաբաղի շուրջ 3200 աշակերտ կունենա իր անձնական համակարգիչը: «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը (ՖԱՀ) Լեռնային Ղարաբաղում սկսում է «Նոր ուսումնական ռազմավարություն»՝ ՆՈՒՌ ծրագիրը, ըստ որի՝ ԼՂՀ-ի 6-12 տարեկան յուրաքանչյուր աշակերտի կտրամադրվի ծրագրի համար հատուկ նախատեսված մեկական համակարգիչ:
Երեկվա ասուլիսում ծրագրի կազմակերպիչները ներկայացրին մանրամասները: Ինչպես նշեց ՖԱՀ գործադիր տնօրեն Անա-Քրիստինա Շիրինյանը, դեռեւս հունվարին ծրագիրն իրականացնելու համար ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի եւ Հայաստանում արգենտինահայ գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի միջեւ կնքվեց պայմանագիր, որը պետք է իրագործվեր ԼՂՀ կառավարության եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ գործակցությամբ:
ՆՈՒՌ ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիաս Դուվալը նկատեց. «Այս ծրագիրը կյանքի կոչվեց՝ հետեւելով «մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային» նախագծի գաղափարին: Դա կրթական մի նախագիծ է, որը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների համալսարանի կողմից: ՆՈՒՌ ծրագիրը օգտվելու է XO դյուրակիր համակարգիչներից՝ տրամադրելով դրանք առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին եւ նրանց ուսուցիչներին»:
Ա. Շիրինյանն էլ հավելեց. «Ծրագրի նպատակն է փոխել ապագա կրթական համակարգը: XO համակարգիչները կօգնեն Ղարաբաղի աշակերտներին արդյունավետ կազմակերպել ուսուցումը, կապ ունենալ ամբողջ աշխարհի հետ: Արցախցի երեխաներն ավելի շատ կարիք ունեն «Ֆրութֆուլ Արմենիայի» օգնությանը, քանի որ միջազգային կազմակերպությունները չեն կարողանում աջակցել Արցախին: Առայժմ ծրագրի առաջին փուլում XO դյուրակիր համակարգիչներ կստանան Ստեփանակերտի եւ Շուշիի 1-4-րդ դասարանների 3150 աշակերտ եւ 160 ուսուցիչ: Երկրորդ փուլում արդեն 3.600 աշակերտ հնարավորություն կունենա կիրառել ՆՈՒՌ-ի համակարգիչները: ԼՂՀ կառավարությունն էլ հանձն է առել դպրոցներն ապահովել ինտերնետ կապով»:
Ս. Արիաս Դուվալի բնութագրմամբ՝ XO-ն սովորական laptop համակարգիչ չէ. «Այն պատրաստված է հատուկ երեխաների համար՝ վայր ընկնելու դեպքում չի կոտրվում, ստեղնաշարը ջրակայուն է, վերալիցքավորվում է նույնիսկ արեւային էներգիայի շնորհիվ: Համակարգիչները մնալու են երեխաներին, նրանք կարող են տուն տանել ծրագրի ավարտից հետո: Ծրագիրը բոլոր աշակերտների համար կստեղծի հավասար հնարավորություններ, հասանելի կդարձնի տեղեկատվությունը, համաշխարհային կրթական փորձը եւ մշակույթը»:
Ծրագիրը շարունակական է լինելու՝ իր մեջ ներառելով ԼՂՀ մյուս քաղաքների ու գյուղերի դպրոցները. ընդհանուր հաշվով Արցախի երեխաներին նախատեսվում է հանձնել ավելի քան 22.000 համակարգիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել