Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հետո ինչ, որ Շչուկինան հայերեն գիտի

Օգոստոս 17,2011 00:00

Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում է գտնվում Վերա Շչուկինայի բողոքը Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 18-ի վճռի դեմ:
Հիշեցնենք, որ Վերա Շչուկինան դիմել էր դատարան՝ ընդդեմ Հայաստան Շահնազարյանի, Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Գայանե Ենգիբարյանի, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի պատասխանողի կողմում հանդես եկող, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության՝ անշարժ գույքի առուծախի հիփոթեքի եւ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում ՀՀ դրամով եւ արտարժույթով բանկային հաշիվների բացման, վարման եւ դրամարկղային սպասարկման վերաբերյալ պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով, իսկ Հայաստան Շահնազարյանի հակընդդեմ հայցն էլ Վերա Շչուկինայի դեմ էր՝ տնից վտարման պահանջի մասին:
Վ. Շչուկինայի ներկայացուցիչ Խ. Մարոզյանի կարծիքով. «Վերաքննիչ բողոքի ներկայացված պատասխանում տեղ են գտել այնպիսի հիմնավորումներ, ինչպիսիք են Վ. Շչուկինայի հայերեն գրել-կարդալ եւ արտասանել իմանալը: Ներկայացվել է նաեւ Վերա Շչուկինայի կողմից միասնական տեղեկանքի համար դիմումը, հայերեն անուն-ազգանուն գրելը եւ ստորագրությունը»: Ոստիկանության Նոր Նորքի բաժնում Հայաստան Շահնազարյանը պարտավորագիր է տվել այն մասին, որ ինքը պարտավորվում է թույլ տալ Վ. Շչուկինային, որպեսզի վերջինս մինչեւ իր կյանքի վերջը բնակվի վեճի առարկա հանդիսացող բնակարանում: Ըստ Խ. Մարոզյանի. «Դա դեռեւս ապացույց չէ այն բանի, որ Վ. Շչուկինան գիտակցել է մինչեւ պարտավորագրի կնքումը կատարված առուծախի գործարքի էության մասին: Կենցաղավարության մակարդակով հայերենին տիրապետելը համոզումը չէ այն բանի, որ ազգությամբ ռուս մարդը հստակ կարող է գիտակցել իրավաբանական տերմիններով կնքված գործարքի էությունը»:
Վերա Շչուկինայի ներկայացուցչի պնդմամբ, իր վստահորդը ազգությամբ ռուս է եւ նրա մայրենի լեզուն ռուսերենն է, թեպետ կենցաղային մակարդակով հայերեն գրել, կարդալ եւ արտասանելուն տիրապետում է, սակայն հայերեն իրավաբանական տերմիններին ընդհանրապես չի տիրապետում: Տիկին Վերան ունի ռուսերեն լեզվամտածողություն, ինչը պարտադիր է գործարքներ կնքելու եւ դրանցում իր կամքը ճիշտ եւ արդյունավետ արտահայտելու համար:
Վերա Շչուկինան, երբ իր բնակարանի հետ կապված գործարք էր կնքում հարեւանուհու՝ Հայաստան Շահնազարյանի հետ, այդ պահին եւ դրանից առաջ ունեցել է առողջության հետ կապված բարդ խնդիրներ, ենթարկվել է վիրահատության: Բժիշկների գնահատմամբ՝ Վ. Շչուկինայի կյանքը խիստ վտանգի տակ է եղել եւ նրա ապրելու հավանականությունը եղել է չնչին:
«Վ. Շչուկինան բնակվում է միայնակ, չունի խնամողներ եւ հարազատներ: Այդպիսի բարդ սոցիալ-հոգեբանական եւ առողջական վիճակում գտնվող մարդը կառչում է ցանկացած մեկին, ով նրան հույս ու հավատ կներշնչի: Այդ վիճակում հայտնված մարդը հակված է հավատալու ամեն մեկին, ով հույս կտա նրան: Հույս տվողը եղել է Հայաստան Շահնազարյանը»,- նշում է Խ. Մարոզյանը:
Վերա Շչուկինան առաջին ատյանի դատարանում ասաց, որ հավատալով Հայաստան Շահնազարյանին, ընդունել է նրան որպես իրեն սրտակից մարդ եւ կատարելով իր խոստումը, տունը կտակել է վերջինիս աղջկա՝ Լուսինե Շահնազարյանի անունով. «Երբ պարզ է դարձել, որ իրեն մոլորեցնելով տան առուվաճառքի եւ հիփոթեքի պայմանագիր են կնքել, անմիջապես պետնոտարում հայտարարություն է տվել իր իսկ կտակը վերացնելու վերաբերյալ»:
Վերա Շչուկինայի՝ Հայաստան Շահնազարյանին ուղղված հարցին՝ «Ես քեզ իմ տունը վաճառե՞լ եմ», Հայաստան Շահնազարյանը պատասխանել է. «Ոչ, անձամբ ինձ տուն չես վաճառել»: Խ. Մարոզյանի դիտարկմամբ. «Ակնհայտ է, որ Վերա Շչուկինան նոտարական գրասենյակ է գնացել ոչ թե առքուվաճառքի եւ հիփոթեքի, այլ գրավի պայմանագիր կնքելու համար, որից Վերա Շչուկինային Հայաստան Շահնազարյանի տղան՝ Արմեն Շահնազարյանը տվել է բուժման եւ այլ ծախսերի համար նախօրոք խոստացված 900 000 ՀՀ դրամը»:
Շչուկինան խնդրում է վերաքննիչ բողոքը բավարարել, ստորադաս դատարանի վճիռը բեկանել եւ գործն ուղարկել դատարան՝ այլ կազմով քննելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել