Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ «ԲԱՐԵԿԵՆԴԱՆ» Չէ

Օգոստոս 17,2011 00:00

Հայաստանի 24.04.1989թ. թիվ 218, Երքաղխորհրդի գործկոմի
24.04.1989թ. թիվ 11/9, 11/12 որոշումների համաձայն, վերակառուցվելու եւ իրացվելու էր խարխուլ տներով ծանրաբեռնված Երեւանի Կոնդ թաղամասը։

\"\"

Այդ թաղամասում բնակվող ընտանիքներն իրենց ցանկությամբ կարող էին պայմանագրեր կնքել տեղում կառուցվելիք շենքերից բնակարաններ ստանալու կամ կառուցելու անհատական բնակարաններ, իսկ պատրաստի բնակարաններ ցանկացող բնակիչներին հատկացվում էր Երեւան քաղաքում ընթացիկ տարում շահագործման հանձնվող շենքերից։
Այդ թաղամասի Չկալովի 40 տան բնակիչ-սեփականատեր Սարգիս Գրիգորի Գրիգորյանին նրա ցանկությամբ հատկացվել է Դավիթաշեն 3-րդ թաղ. 22 շ. 5-րդ հարկի թիվ 27 երեք սենյականոց բնակարանը՝ 43,94 քմ բնակելի, 69,76 քմ ընդհանուր մակերեսով։ Այդ նույն տան բնակիչ-սեփականատեր Ջուլիետա Գրիգորի Գրիգորյանին հատկացվել է Դավիթաշենի 2-րդ թաղ. 8 շ. (11 հարկանի) թիվ 40 մեկ սենյականոց՝ 19,8 քմ բնակելի, 43.6 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը։ Այն ժամանակ գործող նախկին Քաղօրի 151 հոդվածի, իսկ այժմ գործող ՀՀ քաղօրի 218, 279 հոդվածների համաձայն, այդ փաստով դադարել է նրանց սեփականության իրավունքը Չկալովի 40 հասցեի նկատմամբ։ Նույն տարում Սարգիս եւ Ջուլիետա Գրիգորյանները այդ հասցեի գրանցումից դուրս են եկել եւ գրանցվել հատկացված բնակարաններում։ Սակայն դա չի խանգարել, որ Սարգիսը 1000 ռուբլի գումար վերցնի Ռուսթավելու 112 հասցեի բնակչուհի Գայանե Պետրոսյանից, որոնց տունը քանդվել էր՝ տեղում կառուցվող շենքից բնակարան հատկացվելու համար եւ մնացել Էին առանց օթեւան, այդ Չկալովի 40 իրացված տան բանալին տվել էր նրան՝ ասելով. «քոնն է, բնակվիր մինչեւ քանդեն»։
Սարգիս եւ Ջուլիետա Գրիգորյանների մյուս եղբայրը՝ Կառլոս Գրիգորյանը որպես այդ հասցեի ժառանգությունն ընդունած ժառանգ-սեփականատեր (ՀՀ նախկին Քաղօրի 549 հոդված), ԱսՏՐՈ միավորումից 1976թ. իր ընտանիքի համար, որի կազմում եղել է նաեւ մայրը՝ Սիրվարդ Գրիգորյանը (4 անձ), ստացել է երեք սենյականոց բնակարան։ Այն ժամանակ ՀՀ-ում գործող «Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման եւ բնակելի տարածությունների հատկացման կարգի մասին» կանոնադրության 36 կետի 2-րդ պարբերության համաձայն, Կառլոս Գրիգորյանի բաժնեմասը անցնում էր Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմին, այսինքն՝ դադարում էր Կառլոս Գրիգորյանի սեփականության իրավունքը այդ հասցեի նկատմամբ։
Սարգսի, Կառլոսի, Ջուլիետայի մյուս քույր Իդա Գրիգորյանը, որը նույնպես համարվել է այդ հասցեի ժառանգությունը ընդունած ժառանգ-սեփականատեր, 1963թ. «Հայարդնախագիծ» ինստիտուտից ստացել է 2 սենյականոց բնակարան։ Այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն, նա պարտավոր էր մեկ տարվա ընթացքում օտարեր կամ իր ստացած բնակարանը, կամ էլ հորից ժառանգություն ստացած Չկալովի 40 տան իր բաժնեմասը, սակայն չի արել ոչ մեկը, ոչ էլ մյուսը։
ՀՀ նախկին Քաղօրի 108 հոդվածի նախավերջին պարբերության համաձայն, նրա այդ բաժնեմասը մինչեւ 1989թ. անհատույց անցել է շրջխորհրդի գործկոմին։ Չնայած նրանք իրենց հոր՝ Գրիգորի մահվանից միայն 26 տարի հետո՝ 1976թ. են ստացել ժառանգության վկայական, սակայն այն կադաստր՝ այն ժամանակվա «ինվենտ» (գույքագրման) բյուրո չեն ներկայացրել եւ չեն գրանցել, այլ 13 տարի հետո, երբ լսել են, որ այդ տարածքը իրացվում, վերակառուցվում է, ներկայացրել են գույքագրման բյուրո եւ 06.05.1989թ. ստացել Չկալովի 40 տան տեխանձնագիր, որով իրացվելիք տարածքում կրկին՝ 2-րդ անգամ դարձել են համասեփականատերեր։
Ռուսթավելու 112-ի քանդված (իրացված) տան բնակչուհի Գայանե Պետրոսյանը իր ընտանիքով 1989թ. Սարգիս Գրիգորյանի առաջարկությամբ բնակություն է հաստատել Չկալովի 40 տանը եւ այդտեղ բնակվել մինչեւ օրս՝ 21 տարի։ 1989թ. ինչպես կառավարության, այնպես էլ Երքաղխորհրդի գործկոմի որոշումներով Կոնդ թաղամասը, հողատարածքը, որը պետական էր, ինչպես նաեւ չքանդված շինությունները մնացել են Երքաղխորհրդի գործկոմի տնօրինությանը, իսկ 1996թ. դարձել են Երեւանի քաղաքապետարանի սեփականությունը։
Երեւանի քաղաքապետարանը 2007թ. իր 301Ա որոշմամբ, ձեռքբերման վաղեմության ուժով Գայանե Պետրոսյանին (ՀՀ հողային օրենսգրքի 72 հոդված) ճանաչել է Չկալովի 40 հասցեի տան (170 քմ հողատարածքով) սեփականատեր։ Գայանե Պետրոսյանը 25.04.2007թ. դիմել է «Կենտրոն» կադաստրի ստորաբաժանում՝ Երեւանի քաղաքապետի որոշմամբ իր իրավունքը պետական գրանցման ենթարկելու համար։ Սակայն ստորաբաժանումում չեն գրանցել՝ հիշատակելով 1989թ. հունիսի 7-ին տրված տան տեխանձնագիրը։
Գայանե Պետրոսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կենտրոն» տ/ս-ի, այստեղ կադաստրի ներկայացուցչի միջնորդությամբ հարկ համարվեց մասնակից դարձնել Չկալովի 40 տան տեխանձնագրում նշված անձանց՝ Կառլոս, Սարգիս, Ջուլիետա, Իդա Գրիգորյաններին, որոնք 1963թ., 1978թ., 1989թ. որեւէ առնչություն չեն ունեցել այդ հասցեի հետ։
Տեսնելով, որ «երկնքից մանանա է իջել», հանպատրաստի հրավիրվել են եւ իրենք կարող են «կրակից» շագանակներ հանել, դիմեցին դատարան՝ Երեւանի քաղաքապետի 16.02.2007թ. թիվ 301-Ա որոշումը՝ Չկալովի 40 տան նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Գ. Պետրոսյանի սեփականությունը ճանաչելու մասով անվավեր համարելու համար: ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Կ. Մաթեւոսյան) փոխանակ հենվի ինչպես այն ժամանակվա ՀՀ քաղօրի 151, այնպես էլ այժմ գործող ՀՀ քաղօրի 218, 279 հոդվածների վրա, հանկարծ գտավ, որ Երեւանի քաղաքապետի որոշումը ոչ իրավաչափ է, քանի որ Գ. Պետրոսյանի նկատմամբ վարչական վարույթ կազմելիս եւ քննելիս պիտի մասնակից դարձնեին այդ տան 1989թ. տրված տեխանձնագրում նշված անձանց եւ որ այդ մասով խախտվել է նրանց իրավունքը, որը զավեշտ է։ Վերեւում նշվեց, որ նրանց սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով դադարեցվել է դեռեւս 1963թ., 1978թ. եւ 1989թ., եթե այդ թվականներից այդ հասցեի նկատմամբ նրանց իրավունքը դադարեցված էր, ապա ինչ իրավունքների խախտման մասին կարող է խոսք լինել…
Դատարանն անտեսել էր, որ Կոնդ թաղամասի տարածքը՝ սկսած 1989թ., անցել էր պետության (հանձին Երքաղխորհրդի գործկոմի), իսկ 1996թ.՝ Երեւանի քաղաքապետարանի տնօրինությանը, եւ այդ տարածքը Երեւանի քաղաքապետի բացառիկ իրավասության տակ էր։
Դատարանն անտեսել էր, որ Կառլոս, Իդա, Սարգիս եւ Ջուլիետա Գրիգորյանները համապատասխանաբար 47, 32 եւ 21 տարիներ շարունակ որեւէ առնչություն չեն ունեցել այդ տան հետ եւ նրանց իրավունքը որեւէ կերպ կամ որեւէ ժամանակ չի խախտվել եւ որ եղած տեխանձնագիրը իրավական ուժ ունենալ չի կարող։
Այս եւ մյուս փաստերը նկատի ունենալով, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բեկանեց վարչական դատարանի վճիռը եւ Սարգիս, Կառլոս, Ջուլիետա, Իդա Գրիգորյանների հայցը Երեւանի քաղաքապետի 2007թ. թիվ 301-Ա որոշումը մասնակի անվավեր ճանաչելու մասով անհիմն համարեց եւ մերժեց։
Մեծ եղավ մեր զարմանքը, երբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը այդ բողոքը վարույթ ընդունեց, ընդ որում՝ բողոքները վարույթ են ընդունվում բեկանելու կամ փոփոխելու համար, այսինքն՝ բողոքաբերների իրավունքը ճանաչելու կամ նրանց օգտին որեւէ գործողություն կատարելու համար։ Հետաքրքիր է, գուցե ՀՀ վճռաբեկ դատարանում էլ են մոռացել ՀՀ քաղօրի պահանջները, կամ այնտեղ էլ են մտածում այնպես, ինչպես վարչական դատարանում, որ Երեւանի քաղաքապետը 2007թ. 301-Ա որոշումը ընդունելիս սխալ է թույլ տվել։ Առաջ անցնելով նշենք, որ Կառլոս Գրիգորյանը դատական մարմինների միջոցով, 2-րդ անգամ պետությունից՝ «Գալակտիկա» ՓԲԸ-ից 2 սենյականոց բնակարան սեփականացրեց Գառնի բանավանում, իսկ այժմ էլ 3-րդ անգամ ցանկանում է կրկին պետությունից բնակարան ստանալ, այն էլ այն հասցեից, որտեղից մեկ անգամ՝ 1976թ., արդեն ստացել էր։
Ժողովուրդն ասում է՝ «ախորժակն ուտելիս է բացվում»։
Դե ինչ, սպասենք, տեսնենք, սակայն հավատացած ենք, որ կպահպանվի օրենքի տառը, որ դատարանը «բարեկենդան» չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել