Երեկ հայտարարությամբ հանդես եկած Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ոստիկանության եւ քաղաքապետարանի գործողությունները համարել է ոչ իրավաչափ: Խոսքը Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 10-ին կրպակների ապամոնտաժման գործընթացի մասին էր, երբ քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցների կողմից խախտվեցին մարդկանց իրավունքները: «Կրպակների ապամոնտաժման մասին քաղաքապետարանից ապօրինի ծանուցումներ են ստացել օրինական հիմքերով եւ գործող պայմանագրերով տարածքը զբաղեցնող կրպակատերերը, մինչդեռ ծանուցումները պետք է ուղարկվեին միայն անօրինական տեղադրված կրպակների տերերին՝ փաստաթղթերը նախապես ուսումնասիրելուց հետո: Ապամոնտաժման պահին 13 կրպակներից 5-ի դեպքում կրպակատերերը ներկայացրել են սեփականության իրավունքի վկայականներ, որոնք հաշվի չեն առնվել»,- արձանագրել էր երկրի Պաշտպանը:
Իսկ ոստիկանության աշխատակիցների գործողությունները գնահատվել էր այսպես. «Առանց բավարար իրավական հիմքերի վարչական հարկադրանք կիրառելով, նույնպես խախտել են կրպակատերերի գույքային եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը: Ավելին, մեր տրամադրության տակ գտնվող նյութերը վկայում են, որ այդ ոչ իրավաչափ գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն է գործադրվել միջադեպին ներկա կանանց նկատմամբ»:
Պաշտպանը հանդես էր եկել մի շարք առաջարկներով:
Մասնավորապես, խորհուրդ էր տվել քաղաքապետարանին. «Գործել այն համոզմամբ, որ ի տարբերություն բիզնեսի կառավարման, որտեղ առաջին հերթին կարեւոր են արդյունքները, հանրային կառավարման դեպքում՝ հաճախ արդյունքից առավել կարեւոր են գործընթացները եւ նպատակին հասնելու միջոցները, հատկապես, երբ դրանք կարող են վնասել թեկուզ մեկ անձի օրինական շահին»: