Լրահոս
Օրվա լրահոսը

Օդային զորավարժություններ՝ բնակիչների գլխավերեւում

Օգոստոս 17,2011 00:00

\"\"Զորամասամերձ համայնքների բնակիչները  չգիտեն աղմուկից ուր փախչեն

«Առավոտի» խմբագրությանը հաճախ են դիմում Երեւան համայնքի Նորագավիթ, Սովետաշեն, երեւանամերձ Այնթապ համայնքի բնակիչները, ովքեր իրենց բողոքն են արտահայտում իրենց հանգիստը խանգարող ամենօրյա աղմուկից: Ըստ բնակիչների, գրեթե ամեն օր վաղ առավոտից իրենք զարթնում են ռազմական ուղղաթիռների հռնդալից աղմուկից, որն իրենց ուղեկցում է գրեթե ողջ օրվա ընթացքում: «Ամբողջ օրը արեւի տակ քիչ ենք տանջվում այս հողերի մեջ, դեռ այդ դղրդոցն էլ մյուս կողմից: Այնպիսի աղմուկի մեջ ենք ապրում, որ մեր ականջները ուղղակի չեն հանգստանում: Երբեմն այդ ուղղաթիռներն այնքան են մոտենում տներին եւ այնպիսի աղմուկ հանում, որ թվում է, թե ուր որ է կընկնեն մեր տան վրա կամ բակում: Չգիտենք, գլուխներս առնենք ուր կորչենք: Հնար լինի, տունը կվաճառենք-կգնանք այս աղմուկի ձեռքից»,- ասում է Այնթապի բնակչուհիներից մեկը: Իսկ մեկ այլ բնակիչ ասում է. «Տանը ունեմ մանկահասակ երեխաներ, որոնք քնելու ռեժիմ չունեն՝ այս դղրդոցի պատճառով: Տղաս կարծես վախեցած լինի, որ սրանք սկսում են աղմկել, մտնում է տուն ու ասում, որ դուռն ու լուսամուտները պինդ փակենք: Բայց դա էլ չի օգնում: Իսկ ուղեղի կաթված տարած սկեսրոջս համար այս աղմուկն ուղղակի սպանիչ է: Երբեմն երեխայի նման լաց է լինում, ասում է աղմուկից գլուխս ցավում է»:
Այն, որ մեր ռազմական ավիացիան ուժեղ է, հպարտանալու առիթ է բոլորիս համար, բայց զորավարժություններ կատարելը հենց բնակավայրերի վրա, դժվար թե տրամաբանական լինի, այն դեպքում, երբ մեր հանրապետության տարածքում, հենց զորամասերին մոտ կան տարածքներ, որոնք բնակելի չեն եւ զորավարժություններ կարելի է անել հենց այդ վայրերում, առանց բնակիչներին գլխացավանք պատճառելու՝ բառիս ուղղակի իմաստով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել