Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ՄՐՑՈՒՆԱԿ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՉՈՒՆԵՆՔ

Օգոստոս 17,2011 00:00

\"\"Կառավարությունն ամեն օր ասում է, թե տեղական արտադրողի թիկունքին կանգնած է, բայց իրականում կանգնում է արտադրողի կոկորդին:

Պարզվում է՝ մեր երկրում արտադրվում են բարձրորակ լուսադիոդային լուսատուներ, որոնք նույն հզորությունն ունեն, ինչ արտասահմանյան արտադրության լուսատուները եւ գրեթե նույն դիզայնը: Ներկրված ու տեղական արտադրության լուսատուների միակ տարբերությունը, թերեւս, այն է, որ մեր արտադրածը 2-3 անգամ էժան է: Ուստի հարց է առաջանում՝ եթե մենք արտադրում ենք նման լուսատուներ, ինչո՞ւ են Երեւանի փողոցները լուսավորում չինական, ռուսական, արտասահմանյան այլ երկրների արտադրության լուսատուներով: Սա տարրական հարց է, բայց անգամ այս փոքր խնդրում մենք տեղ ենք տալիս ներկրվածին:
Ավելին, երբ արտադրողները՝ «Երեւանի գեղարվեստական ժամացույցի գործարանի» մասնագետները, նամակով դիմում են քաղաքապետին՝ խնդրելով, որ իրենց մի հնարավորություն տա, որ գոնե մայրաքաղաքի մեկ-երկու փողոցներ լուսավորվեն ոչ թե չինական, այլ մեր՝ հայկական լուսատուներով, այդ նամակները մնում են անարձագանք: Գործարանի տնօրեն Հենրիկ Մելքոնյանի խոսքերով՝ «Մենք մեր աշխատողներով գլուխ գլխի ենք տվել, մեր ուժերով նորմալ արտադրություն ենք ստեղծել, բայց եթե մարդ իր տան մեջ պահանջարկված չէ, էլ դրսի մասին ի՞նչ կարելի է խոսել: Հետո էլ կառավարությունն ասում է՝ մրցունակ արտադրանք չունենք: Ո՞վ ասաց չունենք: Ես չեմ ուզում քայլել չինական լուսատուներով լուսավորված Երեւանի փողոցներով, որովհետեւ այս նույն քաղաքում այդ գործի առնվազն 200 հազար մասնագետ կա, որոնք գործազուրկ են ու որոնց հնարավորություն չեն տալիս աշխատելու»: Բոլորին է հայտնի, որ տեղական արտադրություն ասելով՝ նկատի պետք է ունենալ նոր աշխատատեղեր, հարկային մուտքեր, տնտեսության զարգացում, գնաճի ճնշում: Միայն լուսադիոդային լուսատուների փոքրիկ արտադրության դեպքում 30-40 ընտանիք կունենար օրվա հացը վաստակելու աղբյուր:
Եթե ասվում է, որ տեղական արտադրության փողոցային լուսատուներն ավելի էժան ու ավելի որակյալ են, դա ստուգելը դժվար չէ: Ինչպես նշեց Հենրիկ Մելքոնյանը, դա հասկանալու համար պետք է առավելագույնը 2 ամիս: Սակայն Բեյրութի փողոցում եւ Շահումյան հրապարակում արդեն մոտ 2 տարի է՝ տեղական արտադրության լուսատուները փորձնականորեն տեղադրվել են, պատվով մինչ օրս կատարում են իրենց գործը՝ եւ ոչ մի արձագանք:
«Առավոտի» հարցմանը, թե ինչո՞ւ քաղաքապետարանը զարկ չի տալիս տեղական արտադրության զարգացմանը եւ նախապատվությունը տալիս է արտասահմանյանին, ինչո՞ւ գոնե նոր կառուցվող փողոցների համար չի գնում տեղական արտադրանքը, «Երքաղլույս» ընկերությունը պատասխանել է. «Անհրաժեշտ է նշել, թե խոսքը որ լուսատուների մասին է եւ առաջարկել արտադրողին, որպեսզի իր կողմից արտադրվող լուսատուի փորձնական նմուշը ներկայացնի «Երքաղլույս» ՓԲ ընկերության մասնագետներին»: Սա այն դեպքում, երբ այդ նմուշը ոչ միայն «Երքաղլույսին» տրամադրվել է, այլեւ ծառայում է: Ինչ վերաբերում է Շահումյան հրապարակում եւ Բեյրութի փողոցում լուսատուների տեղադրմանն ու փորձարկմանը, քաղաքապետարանը պարզաբանել է, որ այնտեղ փորձարկման փուլում են գտնվում մի շարք տեղական եւ արտասահմանյան արտադրողների կողմից արտադրված լուսադիոդային լուսատուներ, եւ փորձաշրջանը դեռ չի ավարտվել:
Հիմա վարչապետից սկսած մինչեւ կառավարության տարբեր պաշտոնյաներ անընդհատ հոգեհանգստի արարողություն են անցկացնում տեղական արտադրության գլխին, մենք պարբերաբար լսում ենք, որ տեղական արտադրանքը որակ չունի, որ արտադրությունը քնած է, որ չեն դիմանում մրցակցությանը, բայց ախր ոչ մի երկրում ճնշված տեղական արտադրողը չի կարող մրցունակ արտադրանք տալ, եթե զարթուցիչ չկա՝ այդ արտադրողները չեն էլ արթնանա: Այստեղ, փաստորեն, ոչ մի նպաստող հանգամանք չկա արտադրություն սկսելու, շարունակ էլեկտրաէներգիայի, գազի գինը բարձրանում է, հարկային բեռը մի կողմից է ծանրանում, դրամն արհեստականորեն արժեւորվում է, մնում է գոնե հոգեբանական ու բարոյական աջակցությունը՝ մարդիկ դրանից էլ չեն օգտվում: Արդյունքում՝ մեր երկրում անցյալ տարի գրանցվեց 9.4 տոկոս գնաճ, այս տարի նույնպես մենք առիթ ունեցանք թանկ սնունդ, հագուստ գնելու եւ թանկ ծառայություններ ստանալու «հաճույքը» վայելել: Եվ այդպես էլ պիտի լիներ: Ներկրող երկրի «առավելությունն» էլ հենց դա է, ինչ գին թելադրում ու պարտադրում են, դա էլ գործում է: Եթե հայրենական արտադրողին երկրի ներսում բանի տեղ չդնեն, վաղը չինական նույն լուսատուները քաղաքապետարանը բյուջեի հաշվին կգնի կրկնակի, եռակի թանկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել