Հայաստանը մեր տարածաշրջանում խոսքի ազատության առումով առաջատար պետությո՞ւնն է
IREX միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Եվրոպայում եւ Եվրասիայում անկախ մամուլի կայուն զարգացումը» հետազոտությունը, որի 12 էջերը նվիրված են Հայաստանին:
Նկատենք, որ հետազոտության մեջ կան բավական վիճահարույց պնդումներ: Դրանցից մեկն է. «Անցած տարվա ամենաանսպասելի իրադարձությունը՝ Երեւանի քաղաքապետի պարտադրված հրաժարականը հետեւել էր լուրերին, որ նա ծեծել է ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության աշխատակցին՝ կարելի է նաեւ մասամբ վերագրել առցանց մեդիային եւ բլոգերային հանրությանը, որոնք լուսաբանում էին միջադեպը մինչեւ հրաժարականը»: Ահա այսպես՝ նախագահի աշխատակազմը գրեթե գործադուլ հայտարարի՝ վերջնագրեր ներկայացնի, իսկ փառքի դափնիները վերագրվեն նաեւ բլոգերներին:
Բլոգերների վերաբերյալ ուսումնասիրության մեջ մեջբերված է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ԶԼՄ-ների ծրագրերի ղեկավար Մարինա Մխիթարյանի կարծիքը. «Հայաստանում կան բլոգներ, որոնք շատ ավելի մեծ լսարան ունեն, քան որոշ տպագիր թերթեր»: Եվ դրանց շարքում նշվում են Սամվել Մարտիրոսյանի kornelij.livejournal.com-ը, Տիգրան Քոչարյանի pigh.tv-ին եւ «Ռադիո Վանի» radiovan.am-ը: Տիգրան Քոչարյանն «Առավոտի» հարցին, թե քանի՞ այցելու ունի իր բլոգը՝ պատասխանեց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով՝ ինքը գրառում ունենո՞ւմ է բլոգում, թե՞ ոչ. «Երբ գոնե օրը մեկ անգամ գրում եմ՝ 1000-1200 այցելու է լինում»: Սամվել Մարտիրոսյանը նույնպես հայտնեց, թե այցելուների քանակը փոփոխական է. «Ակտիվ օրերին նվազագույնը մոտ 2 հազար այցելություն է լինում, եթե livejournal-ը նորմալ է աշխատում»: Նկատենք, որ թերթերի առնվազն հայտարարված տպաքանակները շատ ավելին են, թեեւ վստահ ենք, որ ինչպես եւ նախկինում՝ բազմաթիվ թերթեր ուռճացնում են իրենց տպաքանակը:
Սակայն դառնանք այս ուսումնասիրության առավել ընդհանրական եզրակացություններին: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում IREX-ն արձանագրել է զգալի բարելավում՝ խոսքի ազատության ոլորտում, հիմնականում որպես հետեւանք վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման ու նաեւ, որ «կառավարությունը վերջապես առաջ ընթացավ հեռարձակման արտոնագրերի տրամադրման հարցում»: Սակայն նույն փաստաթղթում մեջբերված են փորձագետների կարծիքները, թե արտոնագրման գործընթացը «դեռեւս չի համարվում թափանցիկ կամ նույնիսկ ապաքաղաքական»: Հիշատակված են նաեւ թերթերի դեմ դատերը:
Ավելի լավ գնահատականներ է ստացել նաեւ լրագրության պրոֆեսիոնալիզմը: Թեեւ նույն ուսումնասիրությունում մասնավորապես մեջբերվում է Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի տեսակետը. «Լրագրողները նույնիսկ չեն էլ մտածում, որ տեղեկատվությունը կարող է եւ պետք է ստուգվի: Կան առանձին լրատվամիջոցներ, որտեղ լուրերն անգամ ուղեկցվում են սեփական մեկնաբանություններով»: Կան նաեւ հայ լրագրողների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին վկայող բազմաթիվ այլ պնդումներ, որ լրագրողները հաճախ օգտագործում են ասեկոսեներ եւ ապատեղեկատվություն, գնում են ասուլիսների՝ առանց դրանց նախապատրաստվելու եւ այլն:
Նշվում է նաեւ որոշ առաջընթաց հետեւյալ առումով. «Ի տարբերություն նախորդ տարիների՝ հանցագործություններն այժմ ավելի լավ են հետաքննվում, եւ մեղավորները հաճախ բացահայտվում են ու պատժվում, սակայն ոչ բոլոր դեպքերում»: Եվ անմիջապես մատնանշվում է Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ հարձակումը, երբ կատարողը դատապարտվեց, իսկ պատվիրատուն՝ ոչ:
Ուսումնասիրության շրջանակներում 2010 թվականի դեկտեմբերի 3-ին քննարկում է անցկացվել, որի մասնակիցները համաձայնել են, թե հանրային ԶԼՄ-ները չեն արտացոլում քաղաքական բոլոր տեսակետները եւ «հաճախ չեն ծառայում հանրային շահերին: Բացի այդ, նրանք համաձայնեցին, որ հանրային ԶԼՄ-ներն անկախ չեն պետությունից կամ իշխող կուսակցությունից»: Նշելով, թե հանրային ԶԼՄ-ները չեն լրացնում առեւտրային հեռարձակողների թողած բացը՝ մեջբերված է քննարկման մասնակիցներից մեկի՝ PanArmenian.net-ի եւ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի տեսակետը. «Հաճախ նույնիսկ հակառակն է. մասնավոր հեռուստաընկերություններն են անում այն, ինչ Հանրային հեռուստաընկերությունն էր պարտավոր անել: Օրինակ՝ նրանք քարոզում են ժողովրդական երաժշտություն կամ պատմական վավերագրական ֆիլմեր»: Ուսումնասիրության մեջ նշվում է, որ ի հակադրություն՝ Հանրային ալիքի եթերում իրար հաջորդում են 4 ցածրորակ «օճառային օպերաներ»:
Այս ամենից հետո նշենք, որ IREX-ի ուսումնասիրության մեջ ներառված երկրները գնահատվել են 0-4 բալ սանդղակով, որտեղ 4 ստացել են ԶԼՄ-ների ազատությունն ապահովող երկրները։ Հայաստանը Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների մեջ լավագույնն է՝ իր 2,09 բալով: