Մինչ կոալիցիայի եւ ՀԱԿ-ի երկխոսությունն առկախվեց, քանի դեռ պարզվում է՝ հնարավոր կլինի՞ փոխել կալանավորված 3 ակտիվիստների խափանման միջոցը:
Երեկ մինչ 2 ժամ շարունակ ՀԱԿ-ի պատվիրակությունը եւ կոալիցիայի աշխատանքային խումբը քննարկում էին օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը եւ փորձում պարզել, թե հնարավո՞ր է ձեռնարկել միջոցներ, որոնք կփոխեն երկխոսության համար դարձյալ խոչընդոտ դարձող կալանավորված 3 ակտիվիստների կարգավիճակը՝ մեղադրանքներ առաջադրվեցին միջադեպի մասնակից 3 այլ երիտասարդների՝ Արեգ Գեւորգյանին, Սահակ Մուրադյանին եւ Դավիթ Քիրամիջյանին:
Արեգ Գեւորգյանն «Առավոտին» պատմեց. «Մենք հրավիրված էինք ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչություն: Այնտեղ փորձեցին մեզնից ցուցմունք վերցնել՝ որպես կասկածյալների: Մենք հրաժարվեցինք ցուցմունք տալուց այն պատճառաբանությամբ, որ եթե այս քրեական գործով կոնֆլիկտի կողմ հանդիսացող ոստիկանությունն ինքն է կատարելու քննությունը՝ դա չի կարող ապահովել քննության անաչառությունը: Եվ այդ պատճառաբանությամբ հրաժարվել ենք քննչական որեւէ գործողության մասնակցելուց»:
3 ակտիվիստներին առաջադրվել է մեղադրանք «Քրեական օրենսգրքի» 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ խուլիգանություն, որը «կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ 1-2 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով»: Արեգ Գեւորգյանի, Սահակ Մուրադյանի եւ Դավիթ Քիրամիջյանի խափանման միջոցը քաղաքից չբացակայելու ստորագրությունն է: Արեգ Գեւորգյանը մեզ նաեւ հայտնեց. «Հաշվի առնելով իմ վնասվածքները՝ ես դատաբժշկի կողմից ուղեգիր եմ ստացել այցելելու նյարդաբանի՝ ուղեղի ցնցման ախտանիշով»:
Լրագրողներին ներկայացնելով իրենց համատեղ հաղորդագրությունը, թե «Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումն ուրբաթ օրը», ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ընդգծեց. «Դա նախնական պայմանավորվածություն է»: Կարելի է եզրակացնել, որ օգոստոսի 19-ին կայանալիք հանդիպման ճակատագիրը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչ որոշում կկայացնի ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորված Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նրանց պաշտպանները երեկ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան՝ Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու, իսկ Սարգիս Գեւորգյանին կալանավորելու որոշումը բեկանելու եւ նրան ազատ արձակելու միջնորդությամբ:
ՀԱԿ 7 ակտիվիստները երեկ տարածեցին հայտարարություն, որում ասված է. «Մեկուսարանում գտնվելիս տեղեկացանք, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության կողմից մեր նկատմամբ իրականացրած բռնություններն ու զորակցություն հայտնել մեզ: Բացառություն կազմեց «Սարդարապատ» խումբը, ով թեեւ «սատար կանգնեց» մեզ՝ Կոնգրեսի ակտիվիստներիս, բայց չխորշեց այն համեմել Կոնգրեսի հասցեին արված անպարկեշտ հայտարարություններով: Այսինքն, ձեւականորեն զորակցություն հայտնելով մեզ, Սեֆիլյանն ու իր շրջապատը, փորձեցին հերթական անգամ շահարկել մեր անունը եւ սեպ խրել Կոնգրեսի երիտասարդական թեւի ու նրա ղեկավար կառույցների միջեւ։ Այս առիթով մենք ուզում ենք նշել հետեւյալը. վախկոտ ու ստրկամիտ են նրանք, ովքեր քաջության մասին հիշում են միայն հարցազրույցներում ու հայտարարություններում ու պատահական չէ, որ նման մարդկանց շուրջ հավաքվածների թիվը չի անցնում մեկ տասնյակը, ինչն ասվածի լավագույն ապացույցն է: Նախկին փորձը ցույց է տվել, որ որեւէ լարված պահի ոչ Ժիրայր Սեֆիլյանին, ոչ էլ նրա «հեղափոխական» ընկերներին ոչ-ոք չի տեսնում դեպքի վայրում, ոստիկանատների մոտ, դատարանների դիմաց եւ ոչ էլ մի իրավիճակում, որտեղ բռնության ենթարկվելու փոքր-ինչ վտանգ կա: Բայց մի բանում նրանք հետեւողական են. միշտ ամենալարված քաղաքական պահերին, լինի դա հանրահավաքների նախօրեին կամ նման միջադեպերի ժամանակ Կոնգրեսին հարված հասցնել թիկունքից»: Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանը նաեւ ՀԱԿ անդամ «Հայ կամավորականների շարժում» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգողն է: