Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՐՍԵՎՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ»

Օգոստոս 17,2011 00:00

\"\"Վստահ է իշխանություն-ընդդիմություն երկխոսության կոալիցիայի  աշխատանքային խմբի անդամ, ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության
պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

– Ըստ Ձեզ  կընդհատվի՞ ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը: Ինչ կլինի ուրբաթ օրը կայանալիք հանդիպման ընթացքում
– Ինչ վերաբերում է երկխոսությանը ընդհանրապես, ապա բնական է, որ մի օր այն պետք է ավարտվի, ուղղակի ցանկալի է, որ ավարտվի՝ արձանագրելով կոնկրետ արդյունքներ, համենայն դեպս մենք՝ իշխանական կոալիցիայի աշխատանքային խումբը, պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով՝ հաղթահարելով ընթացքում առաջացած դժվարությունները: Երկրորդ հարցի հետ կապված՝ չեմ կարծում, որ արդեն ժամանակն է խոսել երկխոսության ավարտից, դուք տեսաք, որ երեկվա հանդիպումից հետո կողմերը համաձայնեցված հաղորդագրություն հրապարակեցին, որտեղ ասվում է նաեւ, որ քննարկումները շարունակվելու են հաջորդ հանդիպման ընթացքում: Այլ մեկնաբանություններն ու վերլուծությունները եկեք թողնենք այդ հանդիպմանը:
– Երկխոսության համար  ձեւավորված աշխատանքային  օրակարգի տրամաբանության  մեջ ինչպե՞ս է տեղավորվում ՀԱԿ-ի պատվիրակության կողմից ներկայացված 85  էջանոց փաստաթուղթը:
– Դեռեւս երկխոսության մեկնարկում մենք հայտնեցինք, որ պատրաստ ենք ցանկացած հարց քննարկելու եւ պատրաստ ենք դրան տրամադրելու այնքան ժամանակ, որքան հարկավոր կլինի, այսինքն երկրի համար կարեւոր հարցեր քննարկելու համար մենք՝ գոնե մեզ համար, ժամանակային սահմանափակումներ չենք դնում եւ գտնում ենք, որ կարեւորը ողջամիտ ժամանակահատվածում արդյունքներ արձանագրելն է, այլ  ոչ թե երկխոսության համար կոնկրետ ժամանակ սահմանելը, ինչը առաջարկում են երկխոսության մեր գործընկերները: Այնպես որ, մենք համբերությամբ եւ ուշադիր լսեցինք Կոնգրեսի փաստաթղթի ներկայացումը եւ հույս ունեմ, որ նույնը կանեն մեր գործընկերները մեր փաստաթղթի ներկայացման ժամանակ, քանի որ այն պակաս ծավալուն չէ, այնուհետեւ կմտնենք բովանդակային քննարկումների փուլ: 
– ՀԱԿ ակտիվիստների եւ ոստիկանության  միջեւ հայտնի միջադեպի արդյունքում տղաներից երեքը կալանավորվեցին: Դուք համաձա՞յն եք այն պնդումներին թե սա շատ լավ կազմակերպված սադրանք էր՝ երկխոսությունը տապալելու նպատակով:
– Չեմ ուզում դրան հավատալ, ավելին՝ հակված եմ այն մտքին, որ կողմերը կցուցաբերեն ողջախոհություն եւ, ի հեճուկս երկխոսության հակառակորդների, կգան համաձայնության եւ կշարունակեն սկսածը: Արդեն մի քանի անգամ առիթներ ունեցել եմ ասելու, որ երկրի համար կարեւոր գործընթաց է սկսվել եւ բոլորիս շահերից է բխում այն հասցնել իր տրամաբանական ավարտին՝ հաղթահարելով ընթացքում առաջացած դժվարություններն ու տարաձայնությունները, ինչը ենթադրում է հենց երկխոսության տրամաբանությունը: Ինչ վերաբերում է տեղի ունեցած միջադեպին, հարուցված գործին ու կալանավորվածներին, ապա քննություն է ընթանում, որն էլ առաջիկայում կտա շատ հարցերի պատասխաններ: 
– Կոալիցիայի աշխատանքային խումբը ի՞նչ սկզբունքով է աշխատում, անդամ երեք կուսակցությունները իրենց առանձին  տեսակե՞տն են ներկայացնում, թե՝ մեկը ներկայացնում է, մյուսները՝ ընդունում են ի գիտություն:
– Ուղղակիորեն ասեմ, որ կատարվում է թիմային աշխատանք, քննարկվող հարցերի շուրջ բոլորս ազատ ենք ներկայացնելու մեր կարծիքները, որոնք ընդունվում են կամ չեն ընդունվում, համաձայնության պայմաններում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել