Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՃԱԿԱՏԱԳՐԻՑ»

Օգոստոս 16,2011 00:00

\"\"
Գառնիկ Հովակիմյան (ձախից, քանդակի պատվիրատու), Գետիկ Բաղդասարյան (քանդակագործ), Նաիյրի Սահյան: 

Երջանիկ պատահականությամբ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի երեւանյան արվեստանոցում հանդիպեցի ընդամենը մի քանի օրով Ամերիկայից Հայաստան եկած մի մարդու, ով ոչ միայն շատ թանկ ու շատ հարազատ է Գետիկին, այլեւ վառ անհատականություն, խորը մարդ, լավ մտավորական լինելուց բացի, Աստծո նախախնամությամբ ու ճակատագրով ունի եւս աստվածատուր մի մենաշնորհ ու առավելություն. նա որդին է մեծ բանաստեղծ Համո Սահյանի: Նաիրի Սահյան: Ասում է, որ չէր կարող չգալ այս սրբազան օջախը: Եկել է հոր կարոտն առնելու Գետիկից, որին հայրը իր զավակներից մեկն էր համարում եւ սիրում էր հայրաբար, որ չէր կարող չգալ այս հոգեւոր տաճար, որտեղ արարվել է հոր՝ իր այնքան սիրած, այնքան տիպական, այնքան սահյանաշունչ ու սահյանական քանդակը:
Անակնկալ ու գեղեցիկ հանդիպման առիթից օգտվելով՝ հարցազրույց խնդրեցի մեծ բանաստեղծի որդուն՝ Նաիրի Սահյանին, ինչը սիրով ու ակնածանքով ներկայացնում եմ ընթերցողին:
– Սիրելի Նաիրի Սահյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար, եւ՝ թերեւս ամենասպասված հարցը. դու որդին ես մեծ բանաստեղծի: Ի՞նչ զգացում է դա զավակի համար:
– Սահյանն ինձ համար առաջին հերթին իմ հայրն է: Եվ ցանկացած մարդու համար, իհարկե, այն էակը, ով աշխարհ է բերել իր որդուն, հարգանքի է արժանի մինչեւ կյանքի վերջ:
Բայց երբ հայրդ միաժամանակ իր ժողովրդի մեծագույն զավակներից է, դա կրկնակի պատիվ է զավակի համար: Ես գիտեմ, որ դա այդպես է եւ գնահատում եմ: Ինձ համար մեծ պատիվ է նրա որդին լինելը:
– Նրա պոեզիան ինչպե՞ս է անդրադարձել քո աշխարհընկալման, քո անհատականության ձեւավորման վրա:
– Ինչպես որ՝ բարձր արվեստը: Ինչպես որ Միքելանջելոյի քանդակները, Կարուզոյի երգերը, Ռելիխի նկարները, այնպես էլ Սահյանի պոեզիան մեծ դեր է ունեցել իմ՝ մարդ կազմավորվելու ընթացքին եւ ճանապարհին:
Գուցե իմ կողմից մի քիչ անհամեստ կլինի, որ ես գնահատական տամ, որովհետեւ գնահատականը տալիս են ժամանակը, պատմությունը եւ ժողովուրդը, բայց ես էլ ասեմ, որ շատ մեծ արվեստագետ է: Գնահատականն արդեն տրված է: Ինքն իր հուշարձանը կառուցել է: Ուղղակի ասեմ, որ Սահյանի պոեզիան իմ կյանքում շատ մեծ նշանակություն է ունեցել:
– Հատկապես՝ ի՞նչ առումով:
– Բոլո՛ր: Այստեղ կա ե՛ւ փիլիսոփայություն, կա բարոյականություն, կա գեղեցկություն, կա տիեզերքի ընկալում, ինչը, թող մեծամիտ չթվամ, բայց երեւի մասամբ հասկացել եմ, եւ դա ինձ շատ մեծ բաներ տվեց կյանքում՝ իմ դաստիարակության եւ իմ կայանալու ճանապարհին:
– Թեեւ Սահյանի մասին շատ են գրում, շատ են խոսում, շատ հնչեցնում, բայց նրա գրական, գեղարվեստական մեծությունը դեռեւս ըստ արժանվույն արժեւորված ու գնահատված չէ:
– Անկասկա՛ծ: Ցանկացած մեծ արվեստ մինչեւ վերջ գնահատել հնարավոր չէ, քանի որ մենք մեր չափի մեջ, մեր որակի մեջ չենք կարող ընկալել լիովին, որովհետեւ դա աստվածատուր է, իսկ աստվածատուր արվեստը հնարավոր չէ մեկնաբանել եւ ասել՝ ես լիովին ընկալեցի: Մենք դրա մի մասնիկը միայն կարող ենք բացահայտել ու ընկալել, դա զարգացման ճանապարհ է, այն լիովին ընկալել մեզ տրված չէ:
– Սահյանի գրական ժառանգությունը, եւ՝ ժառանգությունն ընդհանրապես հավաքելու, ամբողջացնելու կարիք կա՞:
– Կան մարդիկ, որ զբաղվում են դրանով, կան մարդիկ, որ իրենց անվանում են Սահյանագետ: Ես դեմ եմ դրան: Չի կարող լինել մարդ, որը լինի Թումանյանագետ կամ Սահյանագետ, որովհետեւ դա հնարավոր չէ, ինչպես ասացի, ժամանակը միայն այն կբացահայտի:
Սահյան բացահայտելու համար պիտի լինել սահյանական զգացողության եւ սահյանական որակի մեջ:
Ինչ վերաբերում է Սահյանի պոեզիայի՝ ըստ արժանվույն գնահատելուն. դեռ գնահատված չէ այդ պոեզիան այնքան, ինչքան որ կա, գնահատված չէ այնքան, ինչքան որ ստեղծված է: Կան բանաստեղծություններ, որ բոլորի շուրթին են, բայց դրանք այն մեծագույն նմուշները չեն, որոնք Սահյանը ստեղծել է: Դրանք դեռ պիտի բացահայտվեն, որովհետեւ մարդը պիտի լինի այդ որակի մեջ, որ կարողանա դա գնահատել: Ցավոք, Սահյան բացահայտել փորձող շատ մարդիկ դեռ այդ որակի մեջ չեն:
– Հիմա՝ ոչ գրական, այլ՝ ֆիզիկական ժառանգության՝ որդիների մասին: Ահավասիկ՝ մեկը դու ես:
– Հայրս ու մայրս աշխարհ են բերել երկու որդի՝ ես եւ Արան: Եղբայրս շատ շիտակ տղա էր, ուղիղ, հրաշք էր: Ես ինչ-որ տեղ ամաչում էի հայրիկից, Արան ուրիշ էր: Ափսոս՝ կյանքից շուտ հեռացավ՝ 2003-ին: Իր հոր եւ մոր իսկական զավակն էր, արժանի, հրաշալի մի անձնավորություն, լեցուն, հզոր մարդ էր: Համո Սահյանի մի ճյուղն էր:
Բացի նրանից, որ մեր ծնողները խիղճ տվեցին, բացի նրանից, որ տվեցին աշխարհը ճիշտ հասկանալու ունակություն, մեզ գենետիկ մեծ ժառանգություն տվեցին, մեզ իրենց արյան հետ եկավ պատասխանատվության մեծ զգացումը, որ մենք պիտի մարդ լինենք, մենք պիտի կարողանանք բարի լինել, պիտի կարողանանք ամեն ինչ անել մարդկանց համար, անգամ՝ զոհաբերվել: Եղբայրս, ցավոք, ապրեց-գնաց, ես շարունակվում եմ, ու չգիտեմ՝ ինչքան է ինձ դա հաջողվում:
– Դժվա՞ր, է թե՞ հեշտ Սահյանի զավակը լինելու գիտակցումը, Սահյանի գենը կրելը, շարունակելը:
– Շա՛տ դժվար է, շա՛տ: Դժվար է այդ ազգանունը պատվով կրելը, որովհետեւ միայն բարի կամեցողներով չես շրջապատված, միայն անշահախնդիր մարդկանց չես հանդիպում: Հայրս եւ մայրս ստեղծել են մի աշխարհ, որի մեջ մենք պիտի ապրենք, դրսեւորվենք, զոհաբերենք այն, ինչ տրված է մեզ Աստծո կողմից, զոհաբերես քո կյանքը, քո ժամանակը, որպեսզի այդ ազգանունը միշտ վառ մնա եւ միշտ՝ բարձունքի մեջ: Դժվար է նաեւ նրա համար, որ մեծ բանաստեղծի որդին լինելու պատճառով շատ բան կորցրել ենք, որովհետեւ երբեք այդ անունը չենք շահարկել, օգտագործել՝ մեր ճանապարհին:
– Սահյանն ասում էր՝ «Իմ պապը տնկել է մեր գյուղի շիվերը…», նրա թոռնե՛րն ի՞նչ պիտի ասեն իրենց պապի մասին:
– Ցավոք սրտի, Աստված մեզ ժառանգ չպարգեւեց: Սահյանի ժառանգությունն ավարտվում է ինձանով:
– Ինչպիսի՞ հայր էր Սահյանը:
– Ինքն արդեն իր գոյությամբ, իր ներկայությամբ հայր էր ոչ միայն իր զավակների համար, այլեւ՝ ազգի համար: Հրաշք մարդ էր:
– Քո կարծիքով՝ Սահյանի մասին, Սահյանի շուրջ ինչի՞ մասին է, որ ավելի քիչ է խոսվում:
– Որպես մարդ՝ ինքը գնահատված չի: Ինքը հրաշք էր, նրա ներկայությունն անգամ մեծ հարստություն էր, բայց չի գնահատվել այդպես, որովհետեւ նրա շուրջը եղած շատ մարդիկ ունակ չէին գնահատելու, ցավոք, չկարողացան իմանալ՝ ով էր իրենց կողքին, ինչ արժեք էր: Դա էլ ժամանակը կբացահայտի: Հայրս լռակյաց էր:
– Դու արտաքնապես շատ նման ես Սահյանին՝ քո լռությունը, նստելու ձեւը, անգամ՝ ձայնը, ու քո ներկայությամբ ասես Սահյանն է ներկա այստեղ:
– Երեւի թե այդպես էլ կա, եւ դա մեծ պատիվ է ինձ համար: Նրա նման լինելը շատ բարդ է, որովհետեւ էդ բարձունքներին հասնելու համար պիտի Սահյան լինես: Իսկ արտաքինը՝ դե, հայրս է, պիտի նման լինեմ: Մայրս էր լավ ասում՝ Համո ջան, էս բանն էլ հո չե՞ս կարող հերքել, իրենց նայի՜ր, քեզ նայիր:
– Այսօր Սահյանի հետ կապված ամեն ինչ սրբազան մասունք է մեզ համար, կներես բառի համար, բայց այն կարելի է նաեւ քեզ վերագրել: Դու էլ ես սահյանական մասունք:
– Երեւի՝ վերջինը, այո՛:
– Ուզում եմ հաղորդել քեզ, որ Սիսիանում պաշտելու չափ սիրում են Սահյանի պոեզիան:
– Չե՛մ կասկածում:
– Ուզում եմ հաղորդել նաեւ, որ Սահյանի փառահեղ քանդակը զարդարում է մեր քաղաքը. շուրջը միշտ մարդիկ են, ծնկներին՝ երեխաներ, ինքը՝ մարդկանց մեջ, մարդիկ՝ իր կողքին, այնքան յուրային, այնքան մերային, ուսերն ասես թամբ է դարձրել աշխարհի հոգսի, ցավի, խոհի ու խոկումի համար, հայացքը՝ հավերժաթռիչ, լռությունը՝ իմաստուն ու այնքան սահյանական, կերպը՝ այնքան սահյանաշունչ, կերտը՝ այնքան սահյանաբար:
– Շնորհակալ եմ ճակատագրից, որ այսօր այստեղ եմ, այս արվեստանոցում, այս մարդկանց հետ:
Աչք եմ բացել, մեր տանը տեսել եմ մեծ գրողներ, մեծ բանաստեղծներ, մեծ նկարիչներ, մեծ քաղաքական գործիչներ, բայց ինձ համար ամենակարեւորը եղել է մարդու մարդ որակը, մարդ լինելը: Այսօր այստեղ հանդիպեցի, տեսա մարդկանց, ու ես խոնարհվում եմ նրանց՝ մարդ լինելու առաջ:
Թեեւ այստեղ չեմ ապրում, բայց քանդակի ստեղծման հետ կապված ամեն ինչ գիտեմ, գիտեմ՝ ոնց է սկիզբը դրվել, ինչ դժվարությամբ, հետո ինչ է եղել, ինչ խոչընդոտներ են հաղթահարվել: Գիտե՞ս ինչ, անշնորհակալ լինելը մարդու մեջ դրված է, մեկը պիտի անի, մյուսը պիտի աղտոտի, խոսի, դրա մեջ նաեւ հրաշալի մի բան կա. անողը երբ որ հաղթում է, կատարվում է այն, ինչ որ պիտի կատարվի: Երեւի հակասության մեջ ինչ-որ հրաշքներ են լինում: Ամենակարեւոր բանը, ինչ էլ որ անես, մարդ մնալն է: Ես այսօր տեսա նրանց: Դժվարություններն էլ Աստված որ տալիս է, գիտի՝ ում է տալիս: Միայն ուժեղն է հասնում իր նպատակին: Միլիոն խոչընդոտ կա նրա ճանապարհին, միլիարդ, սկսած նրա հաջողակ լինելուց, փողից, փառքից, բայց իսկական ճանապարհ գնացողը իր ճանապարհը գնում է գլուխը կախ, ու իր միակ նվերը էդ ճանապարհով գնալն է: Տեղ հասնելն էլ չի իսկի: Գետիկի ցավը տանեմ, Գառնիկի ցավը տանեմ, նրանք իրենց գործն արել են ու հրաշալի են արել ու անշահախնդիր են արել:
Հորս քանդակը դնելուց հետո էնքան զանգեր եկան ինձ, ասում էին՝ տեսա՜ր՝ ի՜նչ արեցի: Երեւի հաճելի է, որ մարդու անուն ինչ-որ մեծ բանի հետ է կապվում, բայց որ կապ չունի, ո՞նց ես կապում, կամ՝ ինչի՞ ես կապում, կամ՝ ո՞ւմ ես խաբում: Կյանքում էնքան հետաքրքիր բաներ են լինում. պատահել է՝ տեղ եմ գնացել, ասել են՝ բա նոր Սահյանի տղան եկավ, դու որերորդն ես: Ասում եմ՝ վերջինը:
– Շնորհակա՛լ եմ հարցազրույցի համար:
– Ե՛ս էլ: Ինձ համար մեծ պատիվ էր, որ հարցազրույց ունեցա քեզ հետ: Ինձ համար բարձրագույն արժեք էր այստեղ լինելը, հրաշալի օր էր, սիրտս՝ բաց, մեծ պարգեւ էր այս մարդկանց հետ շփվելը, տեսնելը: Շնորհակալ եմ ճակատագրից, որ այսօր տեսա հորս հետ կապված այսքան լավ մարդկանց: Նրանց մեջ մարդ տեսա: Ոմանց հեռվից լսել էի, մոտիկից ճանաչեցի: Շնորհակալ եմ ճակատագրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել