Լրահոս
Օրվա լրահոսը

Գրավատունը՝ ինֆորմացիայի լրացուցիչ աղբյո՞ւր

Օգոստոս 16,2011 00:00

«Նոր Սազ» ՍՊԸ-ն, որը գտնվում է Րաֆֆու 19 հասցեում,  զբաղվում է գրավատնային գործունեությամբ

Կենտրոնական բանկի կողմից 2009թ. հունիսի 23-ին անցկացվեցին ստուգումներ, կազմվեց ակտ: Ըստ այդ ակտի. «Գրավատունը մի շարք դեպքերում՝ 100 000 դրամը գերազանցող վարկային պայմանագրերում վարկի մարման դեպքում չի նվազեցրել վարկավորման ընդհանուր ծախսը, այլ գանձել է պայմանագրով նախատեսված, բայց չօգտագործված օրերի համար հաշվարկված տոկոսներ», եւ նաեւ չի ճշտել, թե վարկառուն ինչ նպատակով է ծախսելու ստացված գումարը: Կենտրոնական բանկի գնահատմամբ, դրանով իսկ խախտվել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ եւ 4-րդ մասերի պահանջները: Բանկը առաջարկել էր գրավատանը 7-օրյա ժամկետում այդ կապակցությամբ ներկայացնել բացատրություններ:
Գրավատան տնօրեն Արմեն Հարությունյանի կարծիքով, վերոնշյալ օրենքը ոչ մի կապ չունի իրենց ներկայացված պահանջի հետ եւ կիրառելի չէ: Բանկը գրավատանը 100 000 դրամի տուգանքի է ենթարկում, ինչի դեմ վարչական դատարան բողոք է բերում գրավատունը:
Ի դեպ, նշված օրենքի համաձայն, որը կյանքի է կոչվել 2008թ. հունիսի 17-ին, կրեդիտավորման պայմանագրերը նախատեսված էին միայն հողի կամ գոյություն ունեցող կամ կառուցվող, կառուցվելիք շենքի, բնակարանի նկատմամբ՝ սեփականության իրավունքի ձեռքբերման կամ պահպանման նպատակով: Իսկ «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գրավատունը չի կարող որեւէ պահանջ ներկայացնել վարկառուի կողմից վարկով ստացած գումարի տնօրինման մասին: Հետեւաբար, մեղադրել գրավատանը, որ առանց ճշտելու գումար է տալիս, մեղմ ասած, տեղին չէր:
Մանավանդ որ, վարկ ստանալիս վարկառուն կարող էր խոսել գումարը վերցնելու մեկ այլ «նպատակի» մասին, ծախսել մեկ այլ «նպատակով»:
Վարչական դատարանին գրավատան բացատրությունները համոզիչ չթվացին, ու դատարանը հօգուտ ԿԲ-ի վճիռ կայացրեց: Գրավատունը դիմեց ՀՀ վճռաբեկ դատարան, որն ընդհանրապես չքննեց բողոքը եւ այն վերադարձրեց: Այսինքն, ստացվեց, որ այս դեպքում էլ կողմը զրկվեց դատական պաշտպանության իր իրավունքից:
Ըստ վարչական դատարանի՝ այս վեճով միանձյա ատյանի, որպեսզի գրավատունը չխախտեր «Սպառողական կրեդիտավորման մասին» գործող օրենքը, պարտավոր էր պարզել տրամադրվող վարկերի գումարներն արդյո՞ք ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերման ֆինանսավորման նպատակ են հետապնդում: Բայց ինչպե՞ս, ո՞ր օրենքի համաձայն, վարչական դատարանը հղում չի արել:
Գրավատունն առաջնորդվում է «Գրավատների ու գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքով, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «Գրավատունը չի կարող որեւէ պահանջ ներկայացնել վարկառուի կողմից գումարի տնօրինման մասին»:
Իսկ ուր մնացին առեւտրային եւ մնացած այլ գաղտնիքների պահպանման մասին իրավական երաշխիքները:
Գրավատան միջոցով լրացուցիչ ինֆորմացիա ստանալու նոր պահանջը հեռահար նպատակ է հետապնդում. վարկառուների գործունեության մասին ինֆորմացիա ստանալ: Ընտրական մարաթոնն առջեւում է: Ինչ իմանաս, գուցե ինֆորմացիան պե՞տք գա:

Հ. Գ. Գրավատունը կրեդիտավորող սուբյեկտ է համարվում: Մինչդեռ, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի համաձայն, վարկը ներառվում է անկախ դրա օգտագործման նպատակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել