Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ

Օգոստոս 16,2011 00:00

\"\"Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչում՝ նշելով, որ տեղյակ չի եղել փոխանցվող առարկայի մեջ թմրամիջոցի պարունակության մասին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանի գլխավորությամբ, ընթանում է վանաձորցի 27-ամյա Գեւորգ Ոսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Գեւորգ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 266 հոդվածի 1-ին մասով, այն է՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը:
Նրան սպառնում է ազատազրկում՝ 3-7 տարի ժամանակով:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ ամբաստանյալն իրացնելու նպատակով ապօրինի պատրաստել, վերամշակել է 1,2 գրամ չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, այն մանրացրել եւ լցրել է «Վինսթոն» տեսակի ծխախոտի 3 գլանակների մեջ՝ նույն տեսակի ծխախոտի այլ գլանակների հետ միասին փաթեթավորելով «Վինսթոն» ծխախոտի տուփի մեջ:
Թմրամիջոցը «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Հայկ Նազարյանին իրացնելու նպատակով ծխախոտի տուփը (2010թ. նոյեմբերի 28-ին) փոխանցել է Հայկի եղբայրը, ով էլ հաջորդ օրը՝ նոյեմբերի 29-ին, փոխանցել է պաշտպան Սամվել Թամազյանին՝ չիմանալով, որ ծխախոտի տուփի մեջ թմրանյութ կա: 2010թ. նոյեմբերի 29-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գողություն կատարելու մեջ մեղադրվող Հայկ Նազարյանի դատաքննության ժամանակ նրա պաշտպան Սամվել Թամազյանը ծխախոտի տուփը փոխանցել է Հայկին: Դատարանի վարչական շենքում Հայկ Նազարյանի անձնական խուզարկությամբ թմրամիջոցը հայտնաբերվել եւ վերցվել է ՈԼՄՎ ուղեկցող դասակի ոստիկանության աշխատակիցների կողմից:
Գեւորգ Ոսկանյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը, սակայն, ասում է, որ իր պաշտպանյալը մեղադրվում է 1 անձի տված հակասական ցուցմունքների հիման վրա, բացի այդ՝ առանց համապատասխան փորձաքննությունների՝ նախաքննական մարմինը որոշել է, որ թմրանյութը Գեւորգն է պատրաստել:
«Իմ պաշտպանյալը չի հերքում, որ սիգարետ է փոխանցել, բայց իրեն էլ ուրիշն է տվել, ինքն էլ վերցրել է Հայկին փոխանցելու նպատակով, առանց իմանալու տուփի պարունակության մասին: Սակայն նախաքննական մարմինը անհիմն է համարել նրա ասածները եւ առանց տոքսիկաքիմիական փորձաքննության, առանց ձեռքից քսուքներ, հետքեր վերցնելու՝ անհիմն մեղադրել թմրանյութ պատրաստելու եւ իրացնելու մեջ»:
Պաշտպան Հարությունյանը նշում է, որ Գեւորգ Ոսկանյանին առաջադրված մեղադրանքում նրա մեղքը հիմնավորող ապացույցների շարքում նշված բացատրությունը վերցնելու արձանագրությունը դատարանը անթույլատրելի է համարել. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասը սահմանում է որպես ապացույց թույլատրվող նյութերի սպառիչ ցանկը, իսկ նույն օրենսգրքի 19-րդ գլխում նշված են ապացույցների տեսակները: Օրենքի նշված դրույթներում բացատրությունները քրեական դատավարությունում որպես ապացույց օգտագործելու հնարավորության մասին մեկ բառ անգամ չկա»: Բացի այդ՝ բացատրություն վերցնելիս չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ցուցմունքներին ներկայացվող մի շարք պահանջներ. «Մասնավորապես, իմ պաշտպանյալը չի տեղեկացվել, թե որ գործով է կանչվել, չի բացատրվել, որ նա պարտավոր չէ ցուցմունք տալ իր վերաբերյալ, կարող է ներկայանալ փաստաբանի հետ, ցուցմունքներ տալ փաստաբանի ներկայությամբ»:
Պաշտպանի համոզմամբ՝ առարկաները զննելու եւ վերցնելու ընթացքում թույլ են տրվել ՀՀ օրենսդրության մի շարք էական խախտումներ, արձանագրությունն էլ կազմվել է օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ: «Զննության ընթացքում օգտագործվել է տեխնիկական միջոց՝ ոսկերչական կշեռք, սակայն տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ այդ մասին նախօրոք քննչական գործողության կատարմանը մասնակցող անձինք տեղյակ չեն պահվել: Քրեական գործը Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին, մինչդեռ հետաքննիչ Ա. Մոսինյանը առարկաները զննելու մասին արձանագրությունը կազմել է 2011 թվականի նոյեմբերի 29-ին, այսինքն՝ մինչեւ քրեական գործի հարուցումը:
Արձանագրությունում նշված է, որ զննումը կատարել է ոստիկանության Վանաձորի բաժնի հետաքննիչը, սակայն, պաշտպանի հավաստմամբ, ՀՀ ոստիկանության համակարգում «հետաքննիչի» պաշտոն գոյություն չունի:
«Փաստորեն, արձանագրությունը կազմել է ինքնակոչ մեկը»,-բացատրում է պաշտպանը՝ հավելելով, որ նշված արձանագրությունը եւ դրանով վերցված առարկան չեն կարող օգտագործվել որպես ապացույց թույլատրվող նյութ եւ դրվել ամբաստանյալների մեղադրանքի հիմքում:
Գործի շրջանակներում գողություն կատարելու մեջ մեղադրվող Հայկ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ այս անգամ ՀՀ քրօրի 268 հոդվածի 1-ին մասով: Նա մեղադրվում է առանց իրացնելու նպատակի զգալի չափի՝ 1.2 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու մեջ:
Նա իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ փաստաբան Սամվել Թամազյանն էլ մեղավոր է ճանաչվել փաստաբանի վարքագծի կանոնակարգի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման համար: Նրա նկատմամբ նշանակվել է տույժ՝ նկատողության տեսքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել