Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ՄԵՇՈԿ ԳԱՋ ՈՒ ԱՎԱԶ ԿՏԱՆՔ»

Օգոստոս 16,2011 00:00

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ա՞յս է առաջարկել Փափազյան փողոցի կրպակատերերին

\"\"
Փափազյան փողոցի կրպակները քանդել-գնացել են,  աղբը հավաքելու մասին մոռացել:

\"\"
Ադոնց փողոցի պատկերն էլ այս էր:

\"\"
Փափազյան փողոցի բոլոր աղբարկղներն այս վիճակում էին:

Չնայած վերջին օրերին Փափազյան փողոցի կրպակատերերի նախաձեռնած բողոքի ակցիաներին, այսօր նախկին կրպակների գոյությունը միայն քարակույտն է հիշեցնում: Այս փողոցում, քաղաքապետարանի թույլտվությամբ, դեռ աշխատում է 5 կրպակ: Գոհար Մարտիրոսյանն այն «բախտավորներից» է, ով Փափազյան փողոցում դեռ կարող է աշխատեցնել իր կրպակը. հողի վարձակալման ժամկետի լրանալուն դեռ երկու տարի կա: «Իրենց եվրո խանութները քանդել տվեցին, կրպակատերերին էլ անգործ ու անհույս թողեցին: Հիմա էդ խեղճերը գնացել, արենդայով ուրիշի տարածքն են վերցրել, ուրիշի ձեռքի տակ աշխատում են»,- մեզ հետ զրույցում իր նախկին գործընկերների մասին էր պատմում Գ. Մարտիրոսյանը: Նրա խոսքով, շատ անարդյունավետ է անցել շաբաթ օրվա՝ կրպակատերերի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդիկ Մուշեղյանի հանդիպումը. «Թաղապետի առաջարկած տեղերը կրպակատերերից եւ ոչ մեկի սրտով չէր, բայց դրան էլ աչք կփակեինք, եթե գոնե լավ պայմաններով լիներ: Վատն էն է, որ միայն տեղ են առաջարկում ու մի մեշոկ ավազ ու գաջ: Մնացածը ժողովրդի հաշվին ա: Այսինքն պետք է գնանք ու շինարարություն սկսենք, իրանց առաջարկած խանութը մենք պետք ա կառուցենք: Ձեւական բնույթի հանդիպում էր, ի՞նչ փոխվեց: Իբր մեր մասին են մտածում, դե թող մեր առաջարկն էլ լսեին, հաշվի առնեին»: Կրպակատերերից մեկն էլ դժգոհեց, թե իրենց կենտրոնից հանում են ու «չոլերն են գցում». «Լավ առաջարկ որ լիներ, ինչո՞ւ պետք է մերժեինք: Մեր քաղաքի ղեկավարը որ պարոն Կարենը լինի, մեր օրն էլ էս կլինի: Նա լավ առաջարկ անողը չի»: Ի տարբերություն կրպակատերերի, լոտոյի վաճառքով զբաղվող Ժորա Կարապետյանն այդքան էլ դժգոհ չէր: Նրա խոսքով, քաղաքապետարանի աշխատակիցները իրեն սկզբում վտարել, հետո էլի հրավիրել են իր գործին: Ինչո՞ւ: «Ինձ ուզեցան հանել, բայց մյուս օրը փոշմանեցին: Պարզ չի՞, լոտոն ո՞ւմն է»,- պատասխանեց Ժ. Կարապետյանը: Նախկին կրպակատեր Ալբերտ Մարտիրոսյանն էլ համոզված է՝ քաղաքապետի որոշումն ամենեւին էլ քաղաքը մաքրելու նպատակ չուներ. «Ժողովրդին վառում են էլի, ինչ է սրանց մտքերը, թող իրենց ասած կրպակները սարքեին, նոր էս ժողովրդին տեղներից հանեին: Թաղապետն օրեր առաջ ելույթ էր ունենում՝ կրպակաշարեր ստեղծենք, մարդավարի աշխատեք: Հարցնում են՝ որտե՞ղ, չի պատասխանում, չգիտի: Անգործ թողեցին ժողովրդին»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ ասաց, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը կրպակատերերի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է այլընտրանքային վայր՝ Մամիկոնյան-Շիրվանզադե խաչմերուկում ու կրպակատերերին մեկ շաբաթ մտածելու ժամանակ տվել. «Ամեն ինչ պարզ կլինի առաջիկա օրերին»:
«Քաղաքապետի անմիջական վերահսկողությամբ մեր համայնքում կրպակների ապամոնտաժման աշխատանքները հաշված ժամերում ավարտվեցին: Քաղաքն են մաքրում: Քաղաքը աղբի՜ց մաքրեք, ոչ թե կրպակներից»,- դժգոհեց Արաբկիր համայնքի բնակիչ Սանամ Գալստյանը: Բնակիչների պատմելով, համայնքում արդեն մի շաբաթ է աղբահանում չի կատարվում: Մեր ֆոտոխցիկը գնաց բնակիչների դժգոհությունների հետքերով ու ֆիքսեց ահա այս կադրերը: Աղբը «վազում էր» համայնքի ոչ միայն ծայրամասային, այլեւ որոշ կենտրոնական փողոցներով ու մայթերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել