Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Օգոստոս 16,2011 00:00

\"\"Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 2-ին անհայտ անձը Երեւանում, Զաքիյան փողոցում «Մակարով» տեսակի ատրճանակով սպանել էր ՌԴ քաղաքացի, Տուապսե քաղաքի բնակիչ, գործարար, 46-ամյա Խաչիկ Գալոյանին: Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք պահելը, կրելը, օգտագործելը) հատկանիշներով:
Երեք օր առաջ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկում Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Հակոբյան փողոցի բնակիչ, 56-ամյա Բորիս Հաիրյանին (լուսանկարում): Ոստիկանությանը Հաիրյանը խոստովանում է, որ սպանությունը կատարել է ինքը եւ ինքնակամ ներկայացնում է «Մակարով» տեսակի ատրճանակը, որով կատարել էր սպանությունը:
«Առավոտի» աղբյուրների համաձայն, սպանության հիմնական պատճառը համարվում է «վենդետան», քանի որ, ըստ մեր տեղեկությունների՝ մեկ տարի առաջ Տուապսե քաղաքում անհայտ անձանց կողմից ենթարկված դաժան ծեծի արդյունքում մահացել էր Բորիս Հաիրյանի որդին՝ «Բաքսյոր Տիկոն»: Նրա հայրը՝ Բորիսը վստահ է, որ որդու մահվան մեջ հիմնական մեղավորը եղել է Խաչիկ Գալոյանը, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ նա վրեժխնդիր լինի:
Տիգրանը Տուապսեում ունեցել է սրճարան, որը որդու մահվանից հետո աշխատեցրել է հայրը: Ըստ տեղեկությունների՝ Տիգրանի մահվան առիթը կապված է եղել նաեւ սրճարանին առնչվող ինչ-որ խնդիրների հետ:
Այսօր ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչը միջնորդությամբ դիմելու է Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Բ. Հաիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ քննչական մարմինը միջնորդությամբ դիմել է ՌԴ իր գործընկերներին, որպեսզի Տիգրանի մահվան փաստով հարուցված քրեական գործի նյութերի պատճենները ուղարկվեն Հայաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել