Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Անտինյանին վտարեցին ՀՌԱԿ շարքերից

Օգոստոս 16,2011 00:00

\"\"Սա իր երկրորդ նիստում արեց նույն համագումարը, որի առաջին նիստում՝ հունվարի 20-ին, Էդվարդ Անտինյանին ընտրել էին ՀՌԱԿ ատենապետ:

Օգօստոսի 14-ին «Golden Palace» հյուրանոցում կայացած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ պատգամավորական Ժողովը, ինչպես երեկ տեղեկացրեց ՀՌԱԿ լրատվական ծառայությունը՝ «վտարեց Էդվարդ Անտինյանին ՀՌԱԿ-ի շարքերից՝ կուսակցությունը հետագա խարդավանքներից զերծ պահելու ակնկալիքով»: ՀՌԱԿ ատենապետ է ընտրվել Հարություն Առաքելյանը, իսկ փոխատենապետ՝ «Եվրասիական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Հարությունյանը:
Էդվարդ Անտինյանը մեր խնդրանքով անդրադառնալով կատարվածին՝ ասաց. «Այս ամբողջ պատմությունը սկսվեց նրանից, որ «Ազգ» օրաթերթի հուլիսի 27-ի հրապարակման մեջ Հարություն Առաքելյանը մեղադրվում էր, որ ապօրինի կերպով օտարել է կուսակցության 5 գրասենյակային տարածքները, որոնք ժամանակին նվիրաբերել էին կուսակցությանը սփյուռքահայ բարերարները: Առաքելյանն այդ հրապարակման մեջ նշված փաստերը հրապարակայնորեն չի հերքել, եւ իրեն պետք էր ամեն ինչ անել, որ կուսակցության փաստաթղթերը չհանձնվեին ինձ, իսկ ինքն էլ ստիպված չլիներ համագումարի ժամանակ հաշվետվություն տալ, որով կբացահայտվեին այդ ապօրինությունները: Դա էր պատճառը, որ հապշտապ համագումարի հայտարարություն էին տարածել, թե այն անցկացվելու է Աղվերանում, իսկ իրականում այն անցկացրել են Երեւանում, այսինքն ամեն ինչ արել են, որ ոչ միայն կուսակցության ոչ իրեն համախոհ պատվիրակները չկարողանան մասնակցել համագումարին, այլ լրագրողները ականատեսը չլինեին այդ ապօրինություններին»:
Համագումարի ընթացքում, ըստ ՀՌԱԿ հաղորդագրության՝ ընթերցվել է ՀՌԱԿ կարգապահական ատյանի գրությունը. «Գրության հիմնական իմաստը բացահայտումն էր Էդվարդ Անտինյանի վերջին ամիսների իրականացրած անօրինականությունների»: Որպես այդպիսին մասնավորապես ներկայացված է կեղծ տեղեկատվություն հաղորդելը՝ ՀՌԱԿ կլոր կնիքի եւ Պետական ռեգիստրի գրանցման վկայականի կորստի մասին, մինչդեռ դրանք ՀՌԱԿ ատենադպիր Կարեն Կակոյանի մոտ էին. «Էդվարդ Անտինյանը միանձնյա որոշում է կայացրել եւ հայտարարել ԶԼՄ-ներին, թե իբր փոխվել է ՀՌԱԿ Կենտրոնական գրասենյակի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն: Գաղտագողի փոխել է ՀՌԱԿ պաշտոնական կայքէջի գաղտնաբառերը»: Նշված է նաեւ, որ Անտինյանը «տարածել է ապատեղեկատվություն, թե իբր իր ատենապետ դառնալուց հետո կուսակցության գործերի ընդունում ու հանձնում չի եղել՝ այն պարագայում, երբ ատենապետության առաջին օրերից իր ստորագրությունն է հաստատված ե՛ւ տարածքային հարկային տեսչությունում, ե՛ւ բանկային հաշիվներում»:
Ելույթ ունենալով ժողովում՝ Հարություն Առաքելյանը ներողություն է խնդրել պատգամավորներից, որ ժամանակին սխալ ընտրություն է կատարել ու ներկայացրել Անտինյանի թեկնածությունը՝ որպես կուսակցության ատենապետի, եւ ասել է, թե այժմ ցանկանում է ուղղել իր սխալը:
Էդվարդ Անտինյանը մեր զրույցում վկայակոչեց ՀՌԱԿ կանոնադրության մի քանի հոդվածներ՝ հիմնավորելու համար, որ կատարվածն ապօրինի է: Մասնավորապես՝ հոդված 53-ի համաձայն, ՀՌԱԿ ատենապետն ընտրվում է 2 տարի ժամկետով: «ՀՌԱԿ ատենապետի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման որեւէ հոդված չկա կանոնադրության մեջ»,- ասաց պրն Անտինյանը: Կանոնադրության 76 հոդվածի համաձայն՝ պատգամավորական ժողովը «Բողոքի դեպքում քննում ու տույժեր է սահմանում Հանրապետական վարչության անդամներից որեւէ մեկի կամ ամբողջ Հանրապետական վարչության նկատմամբ՝ նախապես ստանալով կարգապահական ատյանի եզրակացությունը»: Էդվարդ Անտինյանը պարզաբանեց. «Կարգապահական ատյանի տույժը չի կարող հանգեցնել ատենապետի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, քանի որ կանոնադրության մեջ ատենապետի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման որեւէ դրույթ գոյություն չունի, ինչպես նաեւ տույժերի ցանկի մեջ չկա լիազորությունների դադարեցում: Իսկ աբսուրդն այն է, որ 2011թ. հունվարի 20-ին ՀՌԱԿ 19-րդ արտահերթ համագումարի օրակարգն է հաստատվել, որի 1-ին հարցով ընդունվել է Հարություն Առաքելյանի հրաժարականը, իսկ նույն համագումարի 2-րդ նիստի ժամանակ օրակարգ է մտել արտահերթության կարգով ինձ հեռացնելու եւ Հարություն Առաքելյանին ընտրելու կետ: Այսինքն՝ նույն համագումարով ես 1-ին կետով ընտրվել եմ, իսկ երկրորդ կետով՝ հեռացվել: Ես համոզված եմ, որ Արդադարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրը պատշաճ կերպով կքննի այս ապօրինությունները եւ Հարություն Առաքելյանի գրանցումը՝ որպես ատենապետի, կմերժի: Եվ մինչ հարցի քննարկումը՝ ես շարունակում եմ կատարել իմ լիազորությունները որպես օրինական ընտրված ատենապետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել