Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱԴԱՐԻ ՊԻՏԲՈՒԼԻ ԴՆՉԿԱԼԻ ԱՌԻԹՈ՞Վ

Օգոստոս 16,2011 00:00

\"\"Հայ ազգային կոնգրեսը երեկ ներկայացրեց տրամագծորեն հակառակն այն պատկերի, որն օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ միջադեպի առնչությամբ ներկայացրել էր ՀՀ ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանության YouTube-ի էջում տեղադրված են տեսանյութեր, որոնք հաստատում են այն, ինչ ասուլիսում պատմել էր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Այսպես՝ կարմիր բերետավորները պատմում են. «Ծառայություն իրականացնելով՝ Տերյան փողոցով իջնում էինք դեպի Թումանյան փողոց, ճանապարհին հանդիպեցինք մի երիտասարդի, որը ման էր գալիս պիտբուլանման մի շան հետ, որն առանց դնչկալի էր»: Ըստ նրանց՝ նկատողություն են արել, երիտասարդն ընդունել է նկատողությունը. «Շարունակեցինք մեր ծառայությունը Տերյան փողոցով դեպի Սարյան փողոց: Մի քանի քայլ գնալուց հետո մեր հետեւից լսվեցին ձայներ՝ այ բերետավորներ, հերիք չի մարդկանց հոգին ուտեք, ձեզ դատել ա պետք: Էդ ձեների վրա մենք պտտվեցինք, տեսնենք՝ ովքեր են: Ֆռռացինք, տեսանք 2 երիտասարդի, որոնց հաճախակի տեսել էինք հանրահավաքների ժամանակ՝ ակտիվիստներից էին: Էդ ամենը իմանալով հանդերձ՝ նորից պտտվեցինք, շարունակենք մեր ճանապարհը: Դրանից հետո իրանք էլի սկսեցին՝ այ բերետավորներ…»:
Մինչդեռ երեկ ասուլիսում ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պնդեց, թե իրականությանը չի համապատասխանում ոստիկանության վարկածը, թե միջադեպի պատճառն առանց դնչկալի շան տիրոջը նկատողություն անելն էր, եւ ներկայացրեց դեպքերի հետեւյալ շարադրանքը. «Խնկո-Ապոր անվան գրադարանի մոտ երկու կարմիր բերետավորներ խուզարկելիս են եղել մի քաղաքացու, նրանց է մոտեցել Արտակ Կարապետյանը եւ առաջարկել ներգրավվել որպես ընթերակա: Խոսակցությունն ընթացել է շատ բարեկիրթ երկու կողմից էլ, եւ փոխադարձ քաղաքավարի տոնով: Սակայն, երբ մոտեցել է Տիգրան Առաքելյանը եւ բարեւել ոստիկաններին՝ ոստիկաններից մեկի կողմից հնչել է հետեւյալ ռեպլիկը՝ արա, սրան ես ճանաչում եմ, սրանք լեւոնականներ են, որից հետո սկսվել է վիճաբանություն, որն ավարտվել է մեր երկու համակիրների նկատմամբ դաժան բռնություն գործադրելով»: Մյուս 5 երիտասարդներն ավելի ուշ մոտենալով՝ «Ականատես են եղել հետեւյալ տեսարանին. Տիգրան Առաքելյանը տապալված գետնին, կարմիր բերետավորներից մեկը ոտքը դրած նրա գլխին, մի ձեռքով բարձրացրած Տիգրան Առաքելյանի ոտքը, եւ երկու բերտավորները հարվածում են Տիգրան Առաքելյանին ընկած վիճակում»:
ՀՀ ոստիկանության «02» հաղորդաշարի ընթացքում ցուցադրվել էր հարցազրույց Շտապօգնության կենտրոնական կայանի բժիշկ Ն. Նանուշյանի հետ, որտեղ նա պատմել էր. «Դեպքի կապակցությամբ կանչը տրվել է ոստիկանության կողմից: Շատ արագ հասել ենք»: Նաեւ վկայել էր. «Այդպես կոպիտ վնասվածքներ չկար, ծանր վիճակով տուժած չկար: Կար երիտասարդ, որի մոտ ճնշումն էր բարձրացած»: Չնայած ՀԱԿ-ի օգոստոսի 10-ի հայտարարության մեջ նշված էր. «Ոստիկանության կողմից արգելվել է երիտասարդներին ցուցաբերել բուժօգնություն՝ անգամ շտապօգնության բժշկի կողմից վնասվածքներն արձանագրելուց հետո», բժշկուհին պատմել էր. «Մեր աշխատանքին բոլորովին խոչընդոտ չի եղել: Բոլոր տղաները կրկնակի քննության են ենթարկվել»:
Որպես յուրօրինակ հերքում բժշկուհու պնդմանը, թե կոպիտ վնասվածքներ չեն եղել՝ Արման Մուսինյանը լրագրողներին փոխանցեց այն լուսանկարը, որը հրապարակում ենք. «Սա նրա գրառումներն են, որտեղ հստակ երեւում է, որ մի քանիսի անվան կողքին գրված է «ուղեղի ցնցում»: Այսինքն՝ բժշկուհին կասկած է ունեցել, որ նրանց մոտ առկա է ուղեղի ցնցում: Գիտեք, նման պարագայում անհրաժեշտ է մարդուն հոսպիտալացնել, որովհետեւ ուղեղի ցնցման դեպքում մարդը պիտի առնվազն հետազոտվի՝ ռենտգեն պիտի արվի, որպեսզի կարողանան կա՛մ հերքել, կա՛մ հաստատվելու դեպքում՝ նա պետք է անշարժ պառկի»: Բարեբախտաբար՝ թերեւս ուղեղի ցնցման կասկածն անցած օրերին հերքվել է, քանի որ վերոհիշյալ գրառման մեջ նշված անձանցից 3-ը՝ Արեգ Գեւորգյանը, Սահակ Մուրադյանը եւ Դավիթ Քիրամիջյանը, մասնակցում էին ասուլիսին: Ե՛վ նրանց, ե՛ւ ասուլիսի մյուս մասնակից Վահագն Գեւորգյանի վրա ակնհայտ երեւում էին բռնության հետքերը:
«Առավոտի» խնդրանքով պրն Մուսինյանն անդրադարձավ ոստիկանության Կենտրոնի բաժնում արված տեսագրություններին, որոնք տեղադրվել են համացանցում (https://www.youtube.com/watch?v=MMLP1aa-V4k&feature=
player_embedded): Հիշեցնենք, որ այս տեսագրություններում հնչում են ակտիվիստների տված հայհոյանքները եւ այն, թե ինչպես է այդ կապակցությամբ արված դիտողությանը՝ «Հորդ տարիքի մարդ եմ, չի կարելի», երիտասարդներից մեկն արձագանքում. «Իմ հերը տենց բան իրան թույլ չի տա, դու ինձնից 6 տարի փոքր էլ լինեիր՝ էսքան անխելք չէիր լինի»: Մեր դիտարկմանը, թե այդ տեսագրություններում պատկերվածը համահունչ է նրան, ինչ պատմում էր ՀՀ ոստիկանապետը՝ ՀԱԿ մամուլի խոսնակն այսպես արձագանքեց. «Բոլոր հայհոյանքները եղել են ի պատասխան բռնության եւ նմանատիպ հայհոյանքների («Ժամերով տեղացած»,- լրացրեց Արեգ Գեւորգյանը.- Ա. Ի.): Ես էլ լինեի՝ նույնը կանեի, եւ այստեղ որեւէ տարօրինակ բան չկա: Նախ պետք է ոստիկանությանը հարցնել, թե ինչո՞ւ են համացանցում հայտնվել միայն այն մասերը, երբ տղաներն են բուռն արձագանքում ոստիկանության գործողություններին: Երկրորդ՝ այդ տեսանկարահանումներն ինքնին ապօրինի ապացույց են, եթե դրանք դրվեն քրեական գործի հիմքում»:
Արման Մուսինյանն ամփոփեց. «Անգամ մարտի 1-ից հետո քննվող գործերում խախտումների նման փունջ գոյություն չի ունեցել, երբ բանը հասներ նույնիսկ նրան, որ ֆիզիկական հարվածներ հասցվեին փաստաբաններին: Սա ուղղակի աննախադեպ է: Հաշվի առնելով այս ամենը եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ըստ էության՝ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկն արել է հայտնի ռեպլիկը, որից հետո նրանց վերաբերմունքը փոխվել է՝ սա միանշանակ ենթադրում է, որ ոստիկանության գործողություններն ուղղակի սադրանք են եղել, քաղաքական հետապնդում են եղել, եւ մեր ընկերները, որոնք այս պահին գտնվում են կալանքի տակ՝ նրանք քաղաքական բանտարկյալներ են»:
Հարցին, թե այս փաստը հնարավո՞ր է, որ ազդի երկխոսության վրա եւ այն դադարեցվի՝ Արման Մուսինյանը պատասխանեց. «Քաղբանտարկյալների առկայությունը մեզ համար 3 տարի շարունակ մշտապես եղել է այն հիմնական նախապայմանը, որը խանգարել է երկխոսությանը: Եվ այս պարագայում, բնականաբար, դա լրջագույն խոչընդոտ է»: Հիշեցնելով, որ հաջորդ հանդիպումն օգոստոսի 16-ին է՝ հայտարարեց. «Դեռ 24 ժամ ժամանակ կա: Եվ կախված նրանից, թե ինչպիսին կլինի տղաների կարգավիճակը մինչեւ երկխոսության հաջորդ ռաունդի սկիզբը, մենք կկայացնենք համապատասխան որոշում»: Կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Մհեր Շահգելդյանն այս կապակցությամբ «Ա1+»-ին ասել է. «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՀԱԿ-ի հետ ժամանակային ուլտիմատումների լեզվով չխոսել: Ես չեմ ընդունում այսօրվա հայտարարությունը: Մենք կողմ ենք, որ օբյեկտիվ քննություն լինի եւ պարզվի, թե ինչ է տեղի ունեցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել