Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏԸ ԵՎ ՍԱՄՎԵԼԸ ՈՍԿՈՒ ԵՎ ԱՐԾԱԹԻ ԱՄԵՆԱՌԵԱԼ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐՆ ԵՆ

Օգոստոս 13,2011 00:00

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող շախմատում մինչեւ 20 տարեկան տղաների 50-րդ եւ աղջիկների 29-րդ առաջնությունները թեւակոխել են ավարտական փուլ:

\"\"

\"\"Իններորդ տուրից հետո տղաների մրցապայքարում մրցաշարային աղյուսակի առաջին եւ երկրորդ տեղերը «մաքուր» զբաղեցրած Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, երեկ հանդիպեցին միմյանց հետ ու արդեն 31-րդ քայլում բաժանեցին միավորը: Վերջերս աշխարհի մեծահասակների թիմային առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Ռոբերտ Հովհաննիսյանը Հնդկաստանում պայքարի ավարտից երեք տուր առաջ 8,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքերը եւ շարունակում է մնալ աշխարհի այս տարվա երիտասարդների չեմպիոնության գլխավոր հավակնորդը: Նա տասը պարտիաներում տարել է յոթ հաղթանակ, երեքում բաժանել միավորը:
Ինչ վերաբերում է Սամվել Տեր-Սահակյանին, նա, ինչպես նաեւ լեհ Դարիուշ Սվյերչը, որը երեկ սեւերով առավելության հասավ հնդիկ Կուշիկ Գիրիշի նկատմամբ, իրենց անվան դիմաց գրանցել են 8,0-ական միավոր եւ բաժանում են մրցաշարային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականները: Սակայն անհատական ավելի բարձր վարկանիշի շնորհիվ Սամվելն ընթանում է երկրորդ հորիզոնականում:
Աղջիկների մրցապայքարի սկզբում բավականին լավ տպավորություն թողած մեր հանրապետության միակ ներկայացուցիչը՝ Մարիա Գեւորգյանը, հետագայում աստիճանաբար զիջեց դիրքերը: Մինչ այդ, 4,0 միավորով 42-րդ տեղն զբաղեցնող հայ շախմատիստուհին երեկ կրկին անհաջողության մատնվեց: Իսկ թե մրցաշարի ավարտից երեք տուր առաջ նա ո՞ր հորիզոնականում հանգրվանեց, հայտնի էր դառնալու բոլոր հանդիպումների ավարտից հետո միայն:
Դե ի՜նչ: Աշխարհի երիտասարդների առաջնության ավարտին մնում է ընդամենը երեք տուր, ու դատելով պայքարի ընթացքի տրամաբանությունից՝ Հայաստանը ներկայացնող երկու տղաները ոսկե եւ արծաթե մեդալները միմյանց մեջ բաժանելուն հավակնող ամենառեալ շախմատիստներն են Հնդկաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել