Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հետախուզում հայտարարելու մասին որոշումն ապօրինի է եղել

Օգոստոս 13,2011 00:00

Պաշտպան Գուրգեն Հարությունյանը դիմել է  ՀՀ վերաքննիչ դատարան

Վանաձորցի Աշոտ Էվոյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանն իր պաշտպանյալի նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու որոշումը վերացնելու պահանջով դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Աշոտ Էվոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր.-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը ազատազրկման կամ կալանքի ձեւով պատիժը կրելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում, առանձնապես խոշոր չափերով:
Պաշտպանը պնդում է, որ Աշոտ Էվոյանը որեւէ առնչություն չունի կատարված հանցագործության հետ: Աշոտը ցուցմունք է տվել այն մասին, որ ՔԿՀ ուղարկվող սննդամթերքի մի մասն իրեն է տվել ոմն անծանոթ եւ խնդրել իր հանձնուքի հետ ուղարկել Վիգեն Բաղդասարյան անունով մեկին:
«ՔԿՀ-ի աշխատակիցները իմ պաշտպանյալի ներկայությամբ զննել են հանձնուքը եւ այնտեղ կասկածելի իրեր չհայտնաբերելով՝ վերադարձրել են անձնագիրը: Աշոտն առանց խոչընդոտի հեռացել է ՔԿՀ-ի տարածքից»,- պատմում է պաշտպան Հարությունյանը:
Որոշ ժամանակ անց, սակայն, ՔԿՀ-ի աշխատակիցները կրկին ստուգել են հանձնուքը եւ քյաբաբ սննդամթերքի մեջ հայտնաբերել առանձնապես խոշոր չափերով՝ 5,956 գրամ ացետիլացված ափիոն տեսակի տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոց:
«Սա ավելի շատ «սարքած գործի» է նման»,- ասում է պաշտպանը՝ հավելելով, որ նախաքննական մարմինը ոչ մի անվիճելի ապացույց չի ներկայացրել՝ հիմնավորելու, որ թմրամիջոցը հայտնաբերվել է հենց Աշոտ Էվոյանի տարած հանձնուքի մեջ:
Բացի այդ՝ քրեական գործում չկա գոնե մի փաստաթուղթ, որտեղ գրված լինի, որ Աշոտ Էվոյանի ներկայացրած հանձնուքում արգելված իրեր կան:
«Միայն հիմնավոր կասկածի բացակայությունն ինքնին բավարար էր, որ դատարանը մերժեր քննիչի՝ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը»:
Դատարանը, սակայն, ի դեմս դատավոր Վարդուհի Հովնանյանի, երկարացրել է կալանքի ժամկետը, գտնելով, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը կարող է դիմել փախուստի, քանի որ նրա նկատմամբ այս գործի շրջանակներում հետախուզում է հայտարարված եղել:
«Դատարանում քննիչը հայտարարեց, որ իմ պաշտպանյալը օրենքով սահմանված կարգով ծանուցված չի եղել դատական նիստին մասնակցելու մասին: Ստացվում է՝ Աշոտին հետախուզում հայտարարելու մասին որոշումը նույնպես ապօրինի է եղել»,- պարզաբանում է պաշտպանը:
Ըստ պաշտպանի, դատարանն անտեսել է այս հանգամանքը՝ կալանքի երկարացման հիմքում դնելով անհիմն պատճառաբանություն: Աշոտ Էվոյանին սպառնում է ազատազրկում՝ 7-15 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել