Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԶՈՒԳԱՐԱՆՆԵՐՆ ԷԼ ՉԴԻՄԱՑԱՆ

Օգոստոս 13,2011 00:00

\"\"Հանրային լողափերում դրանք փոխարինվել են հակահիգիենիկ պայմաններով շարժական զուգարաններով

Սեւանա լճի ափին գործող հանրային լողափերում հատկապես շաբաթ-կիրակի օրերին ասեղ գցելու տեղ չկա, որոշ հանգստացողներ լողափ են ժամանում նույնիսկ լուսադեմին՝ վաղ առավոտյան, որպեսզի կարողանան օգտվել լողափի պարագաներից: Ճիշտ է, հանրային լողափերի անվճար շահագործումն այսօր շատ շատերին հնարավորություն է տվել հանգիստը կազմակերպել նվազագույն ծախսերով, մաքուր եւ հարմարավետ պայմաններում, եւ մարդիկ էլ, ի տարբերություն հարակից վճարովի լողափերի այցելուների, ստիպված չեն լինում տեղի, խորովածի մանղալի ու բնության պարգեւած այլ բարիքների համար վճարել, սակայն այս լողափերում որոշ անհարմարություններ արդեն ստեղծվել են:
Հանգստացողների մեծ հոսքին չեն դիմացել եւ շատ կարճ ժամանակում շարքից դուրս են եկել անվճար լողափերի անվճար եվրազուգարանները, դրանցում տեղադրված ծորակները եւ այլն, ինչի պատճառով այսօր լողափի այցելուները ստիպված են օգտվել այդ տարածքում տեղադրված շարժական զուգարաններից: Դրանցում առկա հակասանիտարական պայմաններն ու «բուրող» գարշահոտը, չի բացառվում, որ շատ հանգստացողների մղի իրենց որոշ բնական կարիքներ ոչ թե այդ զուգարաններում հոգալու, այլ՝ հենց Սեւանա լճում: Մեր այցելության ժամանակ լողափի հավաքարարները տարածքը դժկամությամբ մաքրելով, քթի տակ անընդհատ հանգստացողներին հանդիմանում էին՝ ասելով, որ «մեր ժողովրդին բան չի դիմանում»: Առավոտ կանուխ մեծ հերթեր են գոյանում, ժողովրդի լեզվով ասած, «տապչանների» համար: Չնայած դրանք տրամադրվում են անվճար, սակայն սահմանափակ քանակով են եւ «պիկ» օրերին արդեն կեսօրին լողափ մուտք գործողը ստիպված է ծածկոցի վրա արեւայրուք ընդունել: Ի դեպ, «տապչանները» տրամադրվում են միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության պարագայում: Հանգստացողների դժգոհություններին ի պատասխան, թե «մարդկանց համար անտեղի անհարմարություններ են առաջացնում», լողափի պատասխանատուները հայտնեցին, որ 3 «տապչան», յուրաքանչյուրը 25 հազար դրամ արժողությամբ, արդեն գողացվել են, եւ դրանց գումարը՝ 75 հազար դրամ, մնացել է իրենց աշխատողի վրա:
Լողափի տարածքը 1 հեկտարից ավելի է եւ, աշխատողների ներկայացմամբ, բոլորին վերահսկելն այդքան էլ հեշտ չէ: Շաբաթ-կիրակի օրերին լողափում աղբի մեծ կուտակումներ էլ են լինում, ինչին շատ հաճախ ականատես են լինում հանգստացողները: Սակայն նկատենք, որ, ընդհանուր առմամբ, մարդիկ գոհ էին:
Տարածքում գործում է նաեւ բուժկետ եւ փրկարար խումբ: Մեզ հետ զրույցում այս երկու ծառայությունների առկայությունը լողափում հանգստացողները խիստ կարեւոր էին համարում, նրանց խոսքերով, ջուրը քաղցրահամ եւ սառը լինելու պատճառով Սեւանա լճում խեղդվելու, սրտանոթային խնդիրներ ունենալու հավանականությունը մեծ է, ուստի, եթե առաջին օգնությունը ժամանակին եւ հմտորեն տրամադրվի՝ կարել է շատ դժբախտ դեպքերից խուսափել:
Այստեղ պաղպաղակն էլ, մայրաքաղաքի խանութների համեմատությամբ, էժան է վաճառվում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հանրային լողափերի համար պետբյուջեից 134 միլիոն դրամ էր հատկացրել: Դրանք գտնվում են «Սեւան» ազգային պարկի գոտում՝ Լճաշեն գյուղի մերձակայքում, թերակզու մոտ եւ Սեւան քաղաքին հարակից տարածքում: Լողափերը ստեղծվեցին ՀՀ նախագահի հանձնարարականով եւ նպատակ ունեն ապահովել ազգաբնակչության հանգստի անվճար եւ արդյունավետ կազմակերպումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել