ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ քսանչորսերորդ
ՄՈԳԱԿԱՆ ՌԵԱԼԻԶՄ
Առաջվա պես շարունակելով «Տոտոյի», «Վիվարոյի» ու «Եվրոֆուտբոլի» բաժանմունքներ այցելել՝ ես ոչ թե խաղադրույքներ եմ դնում, այլ ընդամենը հետեւում եմ մարզաշխարհում ընթացող ու տեղի ունեցող խաղերին, ավելի ճիշտ՝ ոչ էնքան էդ խաղերին եմ հետեւում, ինչքան՝ նախկին խաղընկերներիս, եւ նախկին խաղընկերներիս գերլարված հայացքներին ու կտրուկ շարժումներին հետեւելով՝ չափազանց եմ զարմանում. զարմանում եմ, որ ընդամենը ամիսուկես առաջ ինքս էլ եմ սրանց էս շարունակական վիճակների մեջ շարունակաբար գտնվել, եւ չնայած էս փորձս բուքմեյքերական խաղամոլությանս վերջ տալու առաջին փորձս չի, էս անգամ մի քիչ ավելի վստահ եմ, որ երբեւէ չեմ վերադառնա սրանց էսօրվա ու իմ առաջվա խելագար ու խելահեղ վիճակներին, եւ չնայած նախորդ փորձերիս դեպքերում էլ էի համոզված, որ էդ վիճակներին այլեւս չեմ վերադառնա, էս անգամվա համոզվածությունս մի քիչ ուրիշ է, որովհետեւ վերջինը լինելով՝ իր մեջ ավելի շատ զգուշացումներ ու զգուշավորություն է պարունակում, եւ չնայած նախորդ փորձերս էլ էին ահագին զգուշացումներ ու զգուշավորություններ պարունակում, էս անգամվանը նաեւ որոշակի տագնապ է պարունակում, եւ դա միանգամայն բնական է, որովհետեւ ցանկացած խաղամոլ ողջ գիտակցական կյանքում խաղալով՝ շուտ թե ուշ հանգում է եզրակացության, որ խաղերն ու խաղամոլությունը որեւէ լավ բան չեն խոստանում ու որեւէ լավ տեղ չեն առաջնորդում, եւ չնայած ցանկացած խաղամոլ ժամանակ առ ժամանակ սթափության, ինքնաճանաչման ու ինքնամաքրման էսպիսի էտապներ ունենում է, ոչ բոլորի մոտ է էդ էտապներից հերթականը տեւական ու վերջնական բնույթ կրում, չնայած բոլորն էլ իրենց հոգիների խորքերում տրամադրված են, որ էդ հերթականը վերջինը լինի, եւ հատկապես բուքմեյքերականներից կախվածության մեջ գտնվողներիս դեպքում է էդպես, բայց հատկապես բուքմեյքերականներից կախվածության մեջ գտնվողներիս չի հաջողվում էդ, ուրեմն, էտապներից մեկը վերջինն ու վերջնականը դարձնել, որովհետեւ Հայաստանում ու մանավանդ Երեւանում բուքմեյքերականներն էնքան են շատացել, որ մեր քաղաքամոր փողոցներից որ մեկով էլ անցնես, դեմդ միանգամից մի քանի բուքմեյքերականներ են բուսնում, եւ չափազանց դժվար է դրանց կողքով անտարբեր անցնելը, եւ մանավանդ բուքմեյքերականներից տեւականորեն կախվածության մեջ գտնվողներիս համար է էդ հաստատություններից մեկնումեկի կողքով անցնելը չափազանց դժվար, եւ քանի որ բազմիցս եմ փորձել, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ բուքմեյքերական էդ հաստատությունների կողքով անտարբեր անցնելն էլ ելք ու միջոց չի, որովհետեւ մի քանի անգամ անտարբեր անցնելուց հետո մի օր էլ ինքդ քեզ էդ տարածքներից մեկնումեկում ու նախկին խաղընկերներիդ կողքին ես հայտնաբերում, եւ առաջ ընկնելով՝ պիտի նաեւ ասեմ, որ էդ տարածքներում ու նախկին խաղընկերներիդ կողքին ինքդ քեզ վերստին հայտնաբերելն առանձնապես սարսափելի չի. ավելին. կյանքը ցույց է տվել եւ շարունակում է ցույց տալ, որ եթե ուզում ես բուքմեյքերական էս միանգամայն նոր տեսակի խաղամոլությանը վերջ տալ, էդ տարածքներից ոչ թե ոտքդ պիտի կտրես, այլ՝ միտքդ ու հոգիդ, որովհետեւ երբ հաջողացնում ես միտքդ ու հոգիդ զատել ու տարանջատել խաղադրույքների էդ գրավիչ ու զգլխիչ տարբերակներից, արդեն սկսում ես ոչ թե բուքմեյքերականում տեղադրված էկրաններից մեկին կամ երկուսին նայել, այլ միանգամից ու միաժամանակ՝ բոլոր էկրաններին, եւ, որ ամենակարեւորն է, սկսում ես ուշադիր նայել էկրաններից ամենամեծին՝ կյանքին, եւ էկրաններից ամենամեծին նայելով՝ ոչ միայն Սաշիկին, այլեւ մյուսներին էլ ես ավելի ամբողջական ու նորովի տեսնում, ընդ որում՝ ոչ միայն մյուսներին ու բոլորին ես ամբողջական ու նորովի տեսնում, այլեւ՝ ինքդ քեզ, ընդ որում՝ ինքդ քեզ ոչ միայն էսօրվա մեջ ես ամբողջական ու նորովի տեսնում, այլեւ՝ մոտակա ու հեռավոր անցյալի եւ նույնիսկ մոտակա ու հեռավոր ապագայի մեջ, եւ ինչպես ծխելը թարգածներն են սկսում կյանքին ու աշխարհին նորովի նայել, էդպես էլ խաղամոլությունը թոթափածներն են կյանքում ու աշխարհում միանգամայն նոր երեւույթներ նկատում ու հայտնաբերում, եւ չնայած ծխելը թարգելս մի քանի ժամից երկար չի տեւել, ծխելը թարգածների պատմածներից գիտեմ, որ իրենք իսկապես նորովի են տեսնում շրջապատող կյանքն ու աշխարհը, եւ նմանապես իրենք իրենց են նորովի տեսնում ու հայտնաբերում, ընդ որում՝ իրենք իրենց ոչ միայն կողքից՝ կողմնակի հայացքով են տեսնում ու հայտնաբերում, այլեւ՝ ներսից, եւ իրենց ներսից տեսնելով ու հայտնաբերելով՝ իրենց ներսերից հազար ու մի թույներ ու թունաքիմիկատներ են արտանետում ու արտահանում, եւ չնայած երանելի ու երանավետ էդ վիճակներին երբեւէ չեմ արժանացել, արժանացածներից ու արժանավորներից բազմիցս եմ լսել, որ երբ ժամանակի ընթացքում կուտակված էդ թունավոր ավելորդություններից ազատվում ես, էնպիսի զգացողություն ես ունենում՝ ասես նոր-նոր ես մորիցդ ծնվել ու լույսաշխարհ եկել, եւ ծխելը թարգածներից ու մասնավորապես Վերդյան Իոսիֆից լսել եմ, որ ծխելը թարգելու համար հեչ էլ պարտադիր չի ծխախոտի տուփը ճմռել ու դեն շպրտել, որովհետեւ եթե ծխելը թարգելու գաղափարին փիլիսոփայորեն չես հանգել, միշտ էլ կարող ես նոր ծխախոտ առնել ու հաջողությամբ ծխելը շարունակել, եւ, ընդհակառակը, եթե ծխելը թարգելու եզրակացությանը փիլիսոփայորեն ու գաղափարապես ես հանգել, դարակներումդ ազատորեն կարող ես զանազան սիգարետներ ու սիգարներ պահել եւ, ուրեմն, երբեւէ չծխել դրանք, եւ քանի որ ծխելը թարգելս ընդամենը մի քանի ժամ է տեւել, էս դատողություններս բխեցնում եմ ծխելը հաջողությամբ ու վերջնականապես թարգածների փորձից ու պատմածներից, եւ իմ փորձից ու իմ անունից գրեթե նույնը կարող եմ ասել բուքմեյքերական արկածախնդրությունը թարգելու փորձերիս ու մանավանդ էս վերջին փորձիս մասին. այսինքն, էդ փորձերիցս ու մանավանդ էս ամենավերջին ու դեռեւս ընթացիկ ու ընթացող փորձիցս ելնելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ բուքմեյքերական հաստատություններից տեւականորեն կախվածության մեջ գտնված անձնավորությունն էդ կախվածությունից վերջնականապես ազատվելու իր ջանքերը ոչ թե պիտի էդ հաստատություններից խուսափելու ուղղությամբ մսխի, այլ, ընդհակառակը, հենց էդ հաստատություններում ու էդ տարածքներում նստած պիտի իր իսկ խաղամոլության դեմ պայքար մղի. այսինքն, եթե վերջնականապես ու հաստատակամորեն ես որոշել հրաժարվել բուքմեյքերական խելագարությունից ու մոլագարությունից, ոչ թե պիտի էդ հաստատությունների մոտով դողդողալով անցնես ու չհամարձակվես ներս մտնել, այլ, ընդհակառակը, պիտի ռիսկով ու ինքնավստահ էդ տեղերը մտնես ու շարունակես արդեն նախկին խաղընկերներիդ հետ շփումներդ, որովհետեւ եթե բուքմեյքերական մոլագարությունից ազատվելու որոշումդ վերջնական է, էդ տարածքներում քեզ արդեն ոչ միայն որեւէ վտանգ չի սպառնում, այլեւ արդեն ի վիճակի ես միանգամայն օգտակար խորհուրդներ տալ նախկին խաղընկերներիդ՝ բուքմեյքերական էդ խելագարությանը վերջ տալու իմաստով, ու էս խորհրդածություններս բխում են հիմնականում իմ էս վերջին փորձից, որովհետեւ էս վերջին փորձս ոչ միայն ամենանորն ու ամենաթարմն է, այլեւ դեռեւս շարունակվում է ու դեռեւս չի ավարտվել, եւ չնայած որոշ գրագետներ սերունդների դաստիարակության շահախնդրությամբ տոգորված՝ ինձ հորդորում են վազն անցնել բուքմեյքերական իմ էս թեմաներից, ես ամենեւին էլ չեմ շտապում իրենց էդ գրական պատվերը կատարել, որովհետեւ շարունակում եմ համարել, որ բուքմեյքերական էս հատվածներս մարդկանց ու մանավանդ մատաղ սերնդին ոչ թե բուքմեյքերական տարածքներ են մղում, այլ, ընդհակառակը, ահելներին ու ջահելներին հնարավորինս հետ են պահում էդ միանգամայն վտանգավոր տարածքներից. ավելին. եթե վեպիս էս բույքմեյքերական հատվածներն ի մի բերելով՝ առանձին գրքով հրատարակեմ, էդ գիրքը կհանդիսանա լավագույն ու առայժմ միակ ձեռնարկը՝ մատաղ սերնդին բուքմեյքերական վտանգներից հեռու պահելու իմաստով, որովհետեւ ես մեզանում առայժմ միակն եմ՝ ով ոչ թե օդի մեջ է խոսում խաղամոլության վնասների մասին, այլ իր անձնական օրինակի վրա է էդ վնասները ցույց տալով ապացուցում. ավելին. ես ոչ միայն ընդամենը վնասներն եմ ցույց տալիս, այլեւ փորձում եմ բուքմեյքերական էդ վտանգավոր կախվածությունից ազատվելու ելքերը հայտնաբերել ու մատնանշել, եւ, ինչպես տեսնում եք, լավ էլ հայտնաբերում ու մատնանշում եմ, եւ հավատացնում եմ ձեզ, որ էս արածս չափազանց օգտակար է, ինչպես նաեւ՝ միանգամայն աննախադեպ, որովհետեւ ինչ-որ չեմ հիշում, որ էս արածս մեզանում որեւէ մեկն ինչ-որ ժամանակ արած լինի, ու էս արածս չափազանց կարեւոր է հատկապես մատաղ սերնդի ուղղորդման ու դաստիարակության իմաստով, որովհետեւ բուքմեյքերականների հաճախորդների զգալի մասը ջահել պարմանիներ են՝ տասնյոթից քսանհինգ տարեկան, եւ չնայած էդ տեղերում տասնյոթից ցածրերի մուտքը խստիվ է արգելված, տասնվեց եւ նույնիսկ տասնհինգ տարեկաններ էլ են երբեմն-երբեմն մուտք գործում, եւ չնայած էս անչափահասներից խաղադրույքներ չեն ընդունում, սրանք միշտ էլ ձեւը գտնում են. կամ հետները չափահաս մարդ են բերում, կամ էլ, վատագույն դեպքում, փողը դեմ անելով՝ քեզ են խնդրում, որ իրենց փոխարեն խաղադրույք դնես, եւ չնայած մի քանի անգամ ինքս էլ եմ դեռահասների խնդրանքով «Բարսելոնայի» վրա խաղադրույք դրել, հիմնականում մերժել ու մերժում եմ, եւ, ինչպես տեսնում եք, նույնիսկ չափահասներին եմ հորդորում բուքմեյքերական էդ մտագարությունն ու մոլագարությունը թարգել, ընդ որում՝ ոչ թե ընդամենը հորդորում եմ, այլեւ թարգելու ուղիներն ու ձեւերն էլ եմ ցուցանելով մատնանշում, ընդ որում՝ էդ անում եմ չափազանց պարզ ու հասկանալի լեզվով, եւ եթե ինձնից առաջ մեզանում որեւէ մեկն էս ամենն էսքան պարզ ու էսքան հասկանալի ձեւով բացատրած լիներ, ես վաղուց ազատված ու ազատագրված կլինեի բուքմեյքերական իմ էս կախվածություններից ու հիմա երեւի ավելի կարեւոր թեմաներ շոշափեի, չնայած, այսուամենայնիվ, ես էս թեման էլ պակաս կարեւոր չեմ համարում՝ մանավանդ մեր էս կապիտալիստական ժամանակներում, երբ փող վաստակելը չափազանց դժվար է, իսկ վաստակածդ քամուն տալը՝ չափազանց դյուրին, եւ չնայած կապիտալիստական մեր ժամանակներում փող վաստակելը չափազանց դժվար է, կազինոների ու բուքմեյքերականների տերերը լավ էլ վաստակում են, որովհետեւ քամուն տրված փողերը ոչ թե հօդս են ցնդում, այլ միշտ կոնկրետ ինչ-որ մեկի գրպանում են հայտնվում, եւ ես ամենեւին էլ խաղամոլներից միակը չեմ՝ ով էս պարզ ու հասարակ բանը հասկացել ու շարունակում է հասկանալ. ավելին. բուքմեյքերական խաղամոլներից ոմանք ճիշտ ժամանակին էս պարզ ու հասարակ բանը հասկանալով՝ ոչ միայն խաղալն են թարգել, այլեւ անձամբ են բուքմեյքերական խաղատներ բաց արել եւ էսօրվա դրությամբ սոցիալապես ավելի քան ապահով վիճակում են, բայց էս ասածս ընդամենը նրանցից բացառիկներին է վերաբերում, որովհետեւ բուքմեյքերական խաղամոլներից նրանք՝ ովքեր բուքմեյքերական գործ են դնում, ամենեւին էլ ապահովագրված չեն բուքմեյքերական վտանգներից, որովհետեւ նրանցից շատերը բուքմեյքերական գործ դնելով՝ շարունակում են անձամբ խաղադրույքներ դնել ու արդեն վերջնականապես են կործանվում, որովհետեւ եթե նախկինում ընդամենն իրենց գրպանի պարունակությունն էին տանուլ տալիս, հիմա արդեն ոչ միայն իրենց հասանելիք բուքմեյքերական էդ կանոնավոր հասույթն են տանուլ տալիս, այլեւ տանուլ են տալիս օրական էն շոշափելի ու պատկառելի գումարը, որը պիտի օրվա վերջում բուքմեյքերական Կենտրոն հասցվեր, ու էդպես իրենց իսկ Կենտրոնին պարտք մնալով ու էդ պարտքն էսօր ու վաղը գցելով՝ օրեցօր ավելի ու ավելի մեծ պարտքերի մեջ են խրվում, եւ շուտով ոչ միայն իրենց բացած էդ նոր բուքմեյքերականներն են մեկը մյուսի հետեւից փակվում, այլեւ, փակվելուց հետո էլ, դրանք բացողները տեւականորեն պարտք են մնում բուքմեյքերական իրենց Գլավկեքին, ու էդ պարտքն օրեր, ամիսներ եւ նույնիսկ տարիներ անց հազիվ են փակում, եթե, իհարկե, հաջողացնում են փակել, եւ եթե օրեր, ամիսներ եւ նույնիսկ տարիներ անց մի կերպ հաջողացնում են փակել, հետագայում արդեն իրենց հնարավորինս հեռու են պահում բուքմեյքերական էդ տարածքներից ու մթնոլորտից. այսինքն, ոչ միայն բուքմեյքերական իրենց Կենտրոնի հետ իրենց գործընկերային հարաբերություններն են դադարեցնում, այլեւ խաղալն ու խաղադրույքներ գրելն են կտրականապես ու վերջնականապես թարգում՝ ճիշտ այնպես, ինչպես ինֆարկտ ու սրտի վիրահատություն տարածներն են ծխելը ճարահատյալ թարգում՝ նույնպես կտրականապես ու վերջնականապես, եւ ինչպես ինֆարկտ ու սրտի վիրահատություն տարածներն են ծխելը ճարահատյալ թարգելուց հետո մտածում թե՝ եթե թարգելու էինք, ինչի՞ էշի պես ինֆարկտից ու վիրահատություից առաջ չթարգեցինք,- նույնպեսեւ պարտքերի մեջ խրված ու խաղադրույքներից ճարահատյալ ձեռ քաշածներն են իրենք իրենց հարց տալիս՝ եթե ի վերջո թարգելու էինք, ինչի՞ նախքան էս ահավոր պարտքերի մեջ խրվելը չթարգեցինք,- բայց, այսուհանդերձ, բուքմեյքերական կենտրոնների հետ համագործակցած ոչ բոլորն են պարտքերի մեջ հայտնվում ու գլխներին տալիս. ավելին. նրանցից ամենախելոքները բուքմեյքերական գործ սկսելով՝ առաջին հերթին խաղադրույք կատարելն են դադարեցնում՝ մշտապես ու շարունակաբար հիշելով, որ էդ խաղում սովորաբար ու հիմնականում հաղթողներ չեն լինում, եւ չնայած խաղադրույք դնողների հետ իրենց հարաբերությունները պահում են, հոգու խորքում արդեն լուրջ չեն վերաբերվում նրանց՝ ինչպես որ արդեն իրենց իսկ մոտակա անցյալին լուրջ չեն վերաբերվում, եւ չնայած էս սկսնակ գործավորներն իրենց հոգիների խորքերում սկսնակ թարգածներիս լավ էլ լուրջ են վերաբերվում, այդուհանդերձ, իրենց հոգիների խորքերում հույսեր են փայփայում առ այն, որ սկսնակ թարգածներիս թարգելն ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում, եւ հատկապես ինձ հետ են նմանատիպ հույսեր կապում, որովհետեւ ես, ի տարբերություն այլ թարգածների, առաջվա պես շարունակում եմ էդ տարածքներ հաճախել եւ առաջվա պես շարունակում եմ հետեւել աշխարհում ու մանավանդ բուքմեյքերականների էկրաններին խաղացվող խաղերին եւ ժամանակ առ ժամանակ նույնիսկ խաղադրույքներ էլ եմ դնում, բայց հիմիկվա էս դրածներս արդեն ոչ թե իմ ներսում երանելիորեն նիրհող խաղամոլն է դնում, այլ՝ իմ ներսում տարիներ շարունակ մրափած խաղասերն ու զվարճասերը, եւ չնայած խաղասիրության ու խաղամոլության առումներով ահագին ստաժ ունեմ, հիմա նոր եմ սկսում հասկանալ, որ էդ երկու գծերով էլ աշխատանքային կենսագրությունս որոշակի ընդհատումներ է ունեցել, որովհետեւ հերթական անգամ խաղամոլությունս թարգելով ու դադարեցնելով՝ առաջին անգամ եմ լրջորեն ու համակողմանիորեն հասկանում, որ խաղամոլությունն ու խաղասիրությունն իրար հետ որեւէ առնչություն չունեն, եւ մանավանդ էս բուքմեյքերական խաղամոլությունը խաղասիրության հետ որեւէ առնչություն չունի, որովհետեւ հերթական անգամ բուքմեյքերական խաղամոլությունս թարգելով՝ վերստին սկսել եմ ամենայն սիրով նայել ու վայելել էս ֆուտբոլները, էս թենիսները, էս բասկետբոլներն ու մարզական մյուս խաղերը, որոնց վրա ընդամենը ամիսուկես առաջ հետեւողականորեն խաղադրույքներ էի դնում, եւ չնայած ավելի ուշադիր էի հետեւում ընթացող ու ընթացիկ խաղերին, էդ ընթացող ու ընթացիկ խաղերից որեւէ բավականություն չէի ստանում, որովհետեւ երբ որեւէ խաղի վրա խաղադրույք ես դնում, բացարձակապես չես տեսնում ու չես գնահատում տվյալ խաղի գեղեցկությունը, ավելի ճիշտ՝ էդ խաղի գեղեցկությունը տեսնում ու գնահատում ես բացառապես էն դեպքերում՝ երբ էդ գեղեցկությունը ցուցադրում են էն թիմերն ու էն թիմերի մարզիկները, որոնց վրա ու որոնց օգտին ես խաղադրույք դրել, բայց երբ հակառակորդ թիմերն ու հակառակորդ թիմի մարզիկներն են նույն էդ գեղեցկությունը ցուցադրում, էդ դեպքերում գեղեցկությունը ոչ միայն չես տեսնում ու չես գնահատում, այլեւ կատաղում ես էդ, ուրեմն, գեղեցկությունից՝ ճիշտ այնպես, ինչպես էս օրերին Էմմիի երկրպագուներն են կատաղում Եվա Ռիվասի գեղեցկությունից. այսինքն, մարդ արարածը բոլոր դեպքերում ու բոլոր ասպարեզներում գեղեցկությունը տեսնում ու գնահատում է բացառապես էն դեպքերում, երբ տվյալ գեղեցկությունը տեսնելն ու գնահատելը ձեռնտու է իրեն, եւ, ընդհակառակը, եթե տվյալ գեղեցկությունը տեսնելն ու գնահատելն իրեն ձեռնտու չի, մարդ արարածը տվյալ գեղեցկությունը ոչ միայն չի տեսնում ու չի գնահատում, այլեւ, ինչպես արդեն ասացի, կատաղում է դույն գեղեցկությունից, ընդ որում՝ էն աստիճանի է կատաղում ու կատաղությունից էն աստիճանի է կուրանում, որ դույն գեղեցկությունը չտեսնելով՝ սկսում է մոլեռանդորեն կողքիններին ու բոլորին բացատրել, որ դույնը ոչ միայն գեղեցկություն չի, այլեւ ահավոր ու բացարձակ տգեղություն է, եւ, որ ամենակարեւորն է, վերջնական խաղամոլը վերջնականապես կուրանալով եւ վերջնականապես կտրվելով օբյեկտիվ իրականությունից ու օբյեկտիվ գեղեցկությունից՝ գեղեցկության ու ամեն ինչի մասին իր կարծիքները միանգամայն անկեղծ է ասում, եւ եթե փորձես հետը չհամաձայնվել ու հակառակն ապացուցել, մի էնպիսի ղալմաղալ կդնի, որ վերջում դու քեզ սխալ ու մեղավոր կհամարես, եւ քանի որ միշտ էլ վերջում զիջելով ընդառաջ ես գնում իրենց էդ կույր ու ագրեսիվ համոզվածությանը, հաջորդ անգամ աշխատում ես գլխանց զիջել եւ էդ տարածքում վերջնականապես հրաժարվել գեղեցիկի ու ճշմարտության վերաբերյալ քո իսկ պատկերացումներից, եւ չնայած հիմա իրենց մասին երրորդ ու թարգածներիս մասին էսպես առաջին ու երկրորդ դեմքով եմ խոսում, երեւի դուք արդեն հասկացաք, որ երեք դեպքերում էլ անձամբ իմ մասին էի խոսում, եւ հատկապես կուրացածների մասին խոսելիս էի անձամբ իմ մասին խոսում, ընդ որում՝ կուրացածներիս մասին խոսելիս ոչ թե կուրացածներիս աչքերի կուրությունը նկատի ունեի, այլ միայն՝ մտքի կուրությունը, եւ չնայած երբեւէ աչքերից կույր չեմ եղել, համոզված եմ, որ մտքի կուրությունն ավելի ահավոր է, քան՝ նույնիսկ աչքերինը, ու էս ասածս հասկանալու համար ընդամենը հարկավոր է առնվազն մի քանի օրով մտքով կույր լինել, ցանկալի է՝ բուքմեյքերական միջավայրում, եւ եթե կուզեք՝ լավ պատկերացնողն առանց բուքմեյքերական միջավայրում հայտնվելու էլ կարող է մտավոր կուրության ահավորությունը պատկերացնել ու գիտակցել, որովհետեւ մտավոր կուրությունն անխտիր բոլոր ասպարեզներում ու բնագավառներում է առկա, եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ մեր պատմիչը երբեւէ որեւէ բուքմեյքերականում չլինելով՝ գիտակցել ու ասել է՝ «լավ է կույր աչոք, քան կույր՝ մտոք», եւ մեր դույն պատմիչին երկրորդելով՝ իր ասածին ավելացնելու բառ չեմ գտնում՝ էնքան որ ճշգրիտ, հակիրճ ու վերջնական է իր էդ ձեւակերպումը տվել, եւ իսկապես զարմանալի է, որ էսքան դարեր անց էլ որեւէ բառ չենք կարողանում ավելացնել մեր պատմիչների ասածներին, որովհետեւ մեր պատմիչները ոչ թե սովորական պատմաբաններ ու պատմողներ են, այլ առաջին հերթին՝ փիլիսոփաներ, մտածողներ եւ, ինչու չէ, արձակագիրներ, որոնց արձակը ոչ միայն պատմական իրադարձություններով է լեցուն, այլեւ՝ պոեզիայով, ու նաեւ էդ է պատճառը, որ մենք մեր պոեզիայով ավելի ենք հպարտանում, քան՝ մեր պատմագրությամբ, եւ երբ մեր արձակի մասին խոսակցություն է բացվում, առաջին հերթին մեր պատմիչների արձակն ենք հիշում, որովհետեւ մեր պատմիչների պատմություններն ավելի շատ գեղարվեստական գրականություն ու էպոս են, քան՝ պատմագրություն, եւ Մարկեսին մոգական ռեալիզմի հիմնադիր համարողների միակ արդարացումն էն է, որ նրանք անծանոթ են Խորենացու, Եղիշեի, Բուզանդի ու մանավանդ Ագաթանգեղոսի ստեղծագործություններին. այսինքն, մեր թագավորներն ու իշխանավորներն ահագին փող ծախսելով ու մեր պատմիչներին Հայոց պատմություն պատվիրելով՝ միանգամայն այլ արդյունքների են հասել. այսինքն, մեր թագավորներն ու իշխանավորները մեր պատմիչներից ստացել են այն՝ ինչ բացարձակապես չեն ակնկալել, ու էս ասածս հաճախ պատահող բան է. այսինքն, կյանքում հաճախ է պատահում, որ մարդ մի բանի ձգտելով՝ միանգամայն այլ բան է ստանում, եւ եթե գործի մեջ պատվիրատու կա, առաջին հերթին հենց պատվիրատուն պիտի ակնկալի, որ, շատ հնարավոր է, իր պատվերի արդյունքը շատ ավելի էական ու շոշափելի լինի, քան՝ իր պատվերն է եղել:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ