«Առավոտի» տեղեկություններով, օգոստոսի 10-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քաղաքացուց 50 եվրո կաշառք վերցնելու պահին ձերբակալել են ոստիկանության Կենտրոնականի բաժնի ավագ տեղամասային տեսուչ Գվիդոն Սարգսյանին: Նրան ոստիկանության համակարգում ավելի շատ գիտեն որպես Սայաթ, իսկ ընկերական շրջապատում անվանում են «Գրիլ»: Նա սպասարկում է Նորք-Մարաշ համայնքը: ԱԱԾ-ում ստեղծված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Երեկ ՀՔԾ քննիչի որոշմամբ Գվիդոն Սարգսյանին հարուցված քրեական գործի շրջանակներում ազատ են արձակել՝ չբացակայելու ստորագրությամբ: Մեր տեղեկություններով, Գվիդոնը ռազմական ոստիկանության Արմավիրի նախկին պետ, «Փառապանծ ազատամարտիկներ» ՀԿ ղեկավար Գրիշա Սարգսյանի (Ժարիտ Գրիշի) եղբայրն է: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով, մինչեւ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտը դադարեցվել է Գվիդոնի աշխատանքային գործունեությունը ոստիկանության համակարգում: