Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԿԱԾ ԴՐՈՇԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Օգոստոս 12,2011 00:00

Երբ առաջին անգամ դատապարտվեցի, մտքովս չէր անցնում, թե երբեւէ կհասնեմ 30, 40… տարեկանի, այժմ 60-ն անց եմ։ Թվում էր, թե գիտեմ՝ որն է ճշմարիտը, որը՝ ճշմարտությունը։ Ժամանակին պարզել էինք մի դրոշ, որի վրա շատ բնական, շատ պարզ, գուցեեւ պարզունակ բան էր գրված. «Արժանապատիվ կյանք»։ Հիմա, կարծես, ամեն բան խառնվել է. ճիշտ այնպես, որի համար ասվում է՝ դու ո՛չ տաք ես եւ ո՛չ սառը, եւ ես պիտի փսխեմ քեզ իմ բերանից։ Խորենացու վիճակի նման մի բան է ստացվել. հեռու բանտերից, աքսորներից ու մեր երազներից վերադարձանք Հույսով, բայց, ահա, տեսնում ենք համատարած անմաքրություն, համատարած անարժանապատվություն։ Եվ դա միայն այսօրը չէ, այլ այն հիմքը, որի վրա ուզում են կանգնեցնել Հայաստանի վաղվա օրը, ապագան։
Եթե Հայաստանը պետք է լինի ընդամենը ազգագրական երգ ու պարի էկզոտիկ համայնք, ապա այդպիսին կար նաեւ Խորհրդային միությունում, ուրեմն՝ անիմաստ էին թե՛ մեր տասնամյակների պայքարն անկախության համար, թե՛ դրա հռչակումը։ Ամենամղձավանջային երազում անգամ այդպիսի Հայաստան չէի կարող երազել։ Ինձ ամենեւին պետք չէ այնպիսի Հայաստան, որի ներկայանալիքը նույնն է, ինչ, ասենք, նենեցական կամ մորդվինական այցեքարտը, որի անունն ինքնախաբեությամբ ազգային մշակույթ ենք դրել։ Մշակույթը շատ ավելին է, քան այս խեղճուկրակ ձեռնածությունը, աճպարարությունը։ Ձեռնածուի ու աճպարարի կյանքը օրահացի ու էժան ծափահարությունների համար է եւ կապ չունի արժանապատվության հետ։

\"\"

Եթե Հայաստանը պիտի լիներ օտար պետության սահմանային դիտակետ, ապա այդպիսին էր նաեւ Խորհրդային միությունում, ուրեմն՝ ոչ միայն իզուր էին անկախության մեր պայքարն ու դրա հռչակումը, այլեւ դրանից բխած բանակի ստեղծումն ու Եռաբլուրը։ Չեմ ուզում այն Հայաստանը, որի զավակների արյունը պիտի ոռոգի ու իրենով սնուցի օտար պետության տարածաշրջանային ազդեցությունը։ Այդ արյունն այսքան դարերի մեջ չի անհետացել, պահպանվել է ոչ նրա համար, որպեսզի անիմաստորեն վատնվի օտար պետության չար ու վատ պտուղ տվող այգիների ընդերքում։ Հայաստանը պիտի լիներ մեր հարազատ՝ քրիստոնեական եւ ժողովրդավարական քաղաքակրթության սահմանապահը, եթե կուզեք՝ պլացդարմը, որի համար միայն արժե ապրել ու զոհվել, պայքարել եւ արարել։ Իսկ սա այն հոգեւոր հիմքերից է, որի դեմ այսպես մոլեռանդորեն կռիվ է տալիս ներկա անառագաստ սերունդը։ Հայաստանից մնացած այս փոքրիկ հատվածում առավոտյան արթնացող ամեն ոք, լինի նա մեր երկրի քաղաքացին կամ հյուրը, պիտի աչքերը բացեր եկեղեցիների զանգերի տակ։ Վերջին մեկ տարում կոչեր եղան վերականգնել կոմունիստ չարագործների ձեռքով ավերված հարյուրավոր եկեղեցիներից մեկը՝ Պողոս-Պետրոսը։ Ես էլ, որպես քաղաքացիական պայքար սիրող եւ արժանապատիվ Հայաստան երազող մեկը, դուրս եկա ու կանգնեցի բարիկադների վրա, որ ինձ թվացել էր, թե քաղաքակրթական բարիկադ է։ Սակայն նույն կոմունիստների զավակների բարձրացրած աղմուկն ավելի զիլ էր եւ ոչ միայն լռեցրեց արժանապատվության վերականգնման կոչերը, այլեւ դատարկեց բարիկադների այս կողմը։ Այդ դեպքում ինչի՞ համար էին բարիկադ ելնելու կոչերը. ինքնահրկիզվողն իրավունք չունի կրակմարիչը հետը վերցնելու, դա կեղծ ու անընդունելի մատաղ է. ահա այստեղ է բուն պատճառը, թե ինչու պատմության ընթացքում իրական Ջորդանո Բրունոներ չունեցանք, մեր ջորդանոներն իմիտացիա են։ Խորհրդային միության նույնիսկ մետրոպոլիայում Խորհրդային միությունը մեռել է, մինչդեռ Տաճարի ավերակների վրա կառուցված «Մոսկվա» կինոթատրոնի սեզոնային դահլիճներում այն շարունակում է ապրել, եւ Տաճարն ավերողների սերունդները, միախառնված հայկական կեղծ ջորդանոների հետ, շարունակելու են «Զանգեզուրի» խայտառակությունը, ստրկությունը, անարժանապատվությունը դիտել, դիտել ու դաստիարակվել որպես անվերջանալի մուղդուսիներ ու ավիսներ։ Իսկ որքա՞ն կբավի մեր հարազատ քաղաքակրթության համբերությունը, որ 21-րդ դարում եւս հանդուրժի այս հակաքաղաքակրթությունը, դիակապտությունը։
Չափազանցնո՞ւմ եմ։ Ամենեւին ո՛չ։ Նախորդ դարի մեր ազատագրական պայքարի ամենալուսավոր հերոսներից մեկի՝ Սեւքարեցի Սաքոյի տապանաքարն այսօր հանգչում է կոմունիստ Ասքանազ Մռավյանի գերեզմանին, իսկ Սաքոյի եւ այլ նվիրական անունների շիրիմները մնացել են ասֆալտապատ սրճարանների տակ։ Գարեգին Նժդեհի հրապարակում կանգնած է Սուրեն Սպանդարյանի արձանը։ Մտեք մեր մեծերի Պանթեոն, եւ կտեսնեք, թե ինչպիսի մանիպուլյացիա է կատարվում Հայաստանի քաղաքացու գիտակցության մեջ Մեծ, Ընդօրինակման արժանի, Հերոս գաղափարի այլասերման ուղղությամբ, մինչդեռ մեկ բուռ հող չգտնվեց նորօրյա շարժման միակ ակադեմիկոս ղեկավարի՝ Ռաֆայել Ղազարյանի համար։ Շարունակե՞նք։ Պետք չէ, երեւի։ Այս ամենը հոգի է արյունում եւ շատ է նվաստացուցիչ մեր պետության ու ազգի համար։
Մենք զարմանում ենք, որ այս փոքրիկ Հայաստանում քրիստոնեական նույնքան ավերված ու անխնամ տաճարներ կան, որքան Թուրքիայում ու Ադրբեջանում։ Ինչո՞ւ ենք զարմանում։ Չարագործ հայրերն ավերեցին, իսկ չարագործ զավակներն անխնամ են թողնում։ 600 տարվա ընդմիջումից հետո պետականություն վերագտած Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրած, Հայաստանի պետականությունը տապալած եւ կոմունիստական կայսրության ծայրագավառ դարձրած, այդ ծայրագավառում Բակունցից մինչեւ Մինաս Ավետիսյան սպանած, հայոց ազնվականությունը, սպայությունը, հոգեւորականությունը ոչնչացրած ու տգետ ծախուներով փոխարինած, հայ ժողովրդի մի հսկայական հատվածը թշնամի հռչակած ու Հայաստանից աքսորած չարագործների արձաններն ու թանգարանները, նրանց անուններով փողոցներն ու պուրակներն են 21-րդ դարին մեր ներկայանալու դեմքը դարձել։ Եթե սա մենք հանդուրժում ենք, ապա ինչո՞ւ օտարները չպիտի հանդուրժեն հոկտեմբերի 27 ու մարտի 1։ Ի դեպ, կլինե՞ր մարտի 1, եթե Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակ ու արձան չլիներ, որ հետո շատ արդարացիորեն անվանվեց Մոսկվայի հրապարակ…
Եթե դրանց անունների կիրառումն ու հուշարձանները գործնական նշանակություն չունեն, ուրեմն դրանք պահպանելու իմաստ չկա, իսկ եթե ունեն, ապա առավել եւս պետք է հեռացնել չարագործներին, որպեսզի նրանք իշխանություն չունենան մեր սերունդների գիտակցությունների վրա, ներկա չլինեն մեր կյանքում, չկարողանան մեզ հսկել, ինչպես իրենց 70 տարիների ընթացքում հսկեցին։ Չարագործների նյութական ներկայությունը պետք է հեռացվի «101-րդ կիլոմետր»՝ որպես դաս, թե ինչպիսին չպետք է լինի Մարդ արարածը։ Դա կարելի է անել չարագործների սերունդների միջոցներով, ովքեր տարողունակ դեմքեր են այսօրվա Երկիր Նաիրիում։ Մեկ անգամ գոնե պետք է դատապարտել չարագործությունն ընդհանրապես՝ ինչ ազգության ու հավատքի էլ որ պատկանի, պետք է բացառել տարբեր անունների տակ չարիքի վերադարձը Հայաստան, ինչպես օտարալեզու դպրոցները, դրանք վերադառնալու հատկություն ունեն։ Այլապես բացառված չէ, որ երբեւէ, իբրեւ բարի կամքի դրսեւորում կամ պարտադրանքի արդյունք, հեռացվեն Երվանդ Օտյանն ու Լեւոն Շանթը, Անդրանիկն ու Նժդեհը, ինչպես մի անգամ արդեն եղել է մեր ամոթալի պատմության ընթացքում։
Եվ սրա համար պետք է ունենալ դրոշ, իսկ դրոշի վրա, առանց խելոք երեւալու բարդույթի, գրել. «Արժանապատվություն»։ Դրա օրինակները շատ են քաղաքակիրթ աշխարհում։ Իսրայելում չեն կատարվում Վագների գործերը, հոլիվուդյան հռչակավոր դերասան դե Նիրոն իր ծննդավայր Իտալիայում ճանաչված է որպես «անցանկալի անձ», ինչ է թե՝ վարպետորեն մարմնավորել է իտալական մաֆիային, մեկ օրվա մեջ մեքսիկացիները, արցունքն աչքերին, ջարդուփշուր արեցին իրենց կուռք դարձած աշխարհահռչակ երգչի միլիոնավոր սկավառակներ, քանի որ վատ էր արտահայտվել իրենց ազգի կանանց մասին…
Կանխելու համար ապագա չարիքները՝ յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ամեն չարիք պատժվում է։ Իսկ եթե շարունակելու ենք այսօրվա պես ապրել, ապա պատժվելու ենք նոր չարիքների դժոխքով անցնելու։ Ի՞նչ ժառանգություն ենք թողնում հետնորդներին, մի՞թե մեզ համար էլ է ասվելու «ժառանգությունից փախչող» ու մյուս դատավճիռները, որ անցնում են Խորենացու Ողբից մինչեւ անարժանապատիվ ներկա։ Շատերը դեռ երեւի պահպանել են աշխատանքի եւ ուսման մեկնելու, արտերկիր ճամփորդելու, «պարտիական» դառնալու… համար կոմունիստական կայսրության հիմնարկներից ստացած իրենց ծառայողական բնութագրերն ու գովասանագրերը։ Ես էլ եմ պահել իմը. իմ բնութագիր-գովասանագրերը դատավճիռներս են, որոնցով իմ մասին կարծիք են հայտնել կոմունիստական իշխանությունները, «Ղարաբաղ» կոմիտեի ու «նժդեհական» իշխանությունները։ Ես դրանցով հպարտ եմ եւ չեմ հրաժարվում, սակայն ամոթալի է, որ չի հրաժարվում նաեւ անկախ պետությունը, չի հրաժարվում Եկեղեցին, ում տաճարներն ավերել ու հոգեւորականներին խեղդամահ են արել։ Չդատապարտելը հենց չհրաժարվել է նշանակում, իրեն չարիքի ժառանգորդ ճանաչել է նշանակում, վաղվա սերունդների միջից մահարիներին ու թոթովենցներին բացառել ու այլախոհ ռուս հանճարների դեմ ստորագրություն հավաքող հայ գրողների միություն է նշանակում։
Եվ «Արժանապատիվ կյանք» գրությամբ այն դրոշը, որ պարզված էր մի ժամանակ եւ անցավ գնդակահարությունների ու դատավարությունների, բանտերի ու աքսորների, պատերազմի ու շրջափակումների միջով, այսօր ընկած է գետնին, թեեւ դրա իմիտացիան կարելի է տնկված տեսնել չարագործների զավակների՝ նորօրյա ֆորպոստի գործակատարների գլխավերեւում փողփողալիս։ Բարձրացնել է պետք անտեր ընկած մեր արժանապատվության դրոշը, եթե, իհարկե, մնացել են մարդիկ, ում համար Հայաստանը Հայրենիք է եւ ոչ տրանզիտ տարածք, ում համար Հայաստանը արժանապատիվ ապագայով երկիր է եւ ոչ թե արյունաքամ եղող Հայաստանի զավակների վերջին կաթիլ արյան գնով հեռուներից հոխորտացող ձրիակեր ֆեոդալիկների՝ իրենց փախստական պապերի ագարակ, ուր էժան աշխատուժ կա հայի, քրդի կամ թուրքի տեսքով։
Տարբեր են մեր Հայաստանները։ Ես ֆորպոստային Հայաստանին, առմյաշկաների Հայաստանին, հօmo-soveticus-ների Հայաստանին, ինչպես իմ պատանեկության տարիներին, ասում եմ՝ ոչ։ Իմ Հայաստանի դրոշին, ինչպես գրեթե կես դար առաջ՝ գրված է. «Անկախ պետականություն», «Արժանապատիվ կյանք», «Մարդ եւ Մարդու իրավունքներ»։ Եվ խաբվել ու հանգստանալ պետք չէ, ընկած դրոշը բարձրացնել է պետք։
Հ. Գ. Վաղը Ազատ Արշակյանի ծննդյան օրն է, ինչի առթիվ «Առավոտը» սրտանց շնորհավորում է նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել