Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մերի Փոփինսից» պրծում չկա

Օգոստոս 12,2011 00:00

\"\"Քաջազնունու փողոցի բնակիչները պնդում են, որ մանկապարտեզի պատճառով խաթարվում է իրենց անդորրը

«Առավոտին» են դիմել Քաջազնունու փողոցի մի խումբ բնակիչներ, նաեւ նամակներ հղել  Կենտրոն վարչական համայնքին, քաղաքապետարան, ԿԳ նախարարություն եւ Մարդու իրավունքների պաշտպանին: Նրանք բողոքում են Քաջազնունու 30 հասցեի սեփական տանը գտնվող  «էլիտար»  «Մերի Փոփինս» մանկապարտեզից, որը նախկինում 4 տարի էլ աշխատել է Այգեստան թաղամասում, ու, ըստ բնակիչների նամակի, այնտեղ էլ դադարեցրել է իր գործունեությունը այգեստանցիների դիմում-բողոքների արդյունքում:
Դառնալով Քաջազնունու փողոցին, նշենք, որ քաղաքացիների նամակում ասվում է, թե  փողոցը խիստ բնակեցված է եւ ունի ծանրաբեռնված երթեւեկություն, ուստի նպատակահարմար չէ, որ նման տարածքում գործի մանկապարտեզ: Ըստ նամակի, մանկապարտեզի աշխատանքային օրվա սկզբին եւ ավարտին, ծնողների մեքենաների մեծ հոսք է լինում, առաջանում են խցանումներ, ավտոմեքենաների ձայնային ազդանշանները խաթարում են բնակիչների հանգիստը, երթեւեկությունը դառնում է վտանգավոր՝ հատկապես տեղաբնակ երեխաների համար: Քաջազնունու փողոցի բնակիչները փաստում են, որ մանկապարտեզի շենքն  ունի ընդհանուր պատեր հարեւան սեփական տների հետ: Ըստ բնակիչների նամակի,  իրենք անհարմարությունների մասին մշապես զգուշացրել են սեփականատեր եւ տնօրեն Սուսաննա Չթչյանին եւ ստացել պատասխան, թե իր դեմ խաղ չկա եւ կարող է վարվել՝ ինչպես սիրտն ուզի:
Կենտրոն վարչական շրջանից բնակիչ Մարտին Ղասաբյանի նամակին պատասխանել են, թե «Մերի Փոփինս» մասնավոր մանկապարտեզը ԿԳ նախարարության ենթակայության ներքո է գործում, եւ վարչական շրջանը նրա գործունեության նկատմամբ որեւէ իրավասություն չունի: Երեւանի քաղաքապետարանից եւս գրավոր առաջարկել են դիմել ԿԳ նախարարություն, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պատասխանել են, որ շուրջ 30 քաղաքացիների բողոքը ընդունել են քննարկման: Քանի որ Քաջազնունու փողոցից պնդում էին, թե մանկապարտեզը լիցենզիա չունի, չի համապատասխանում մի շարք նորմերի, զանգեցինք նաեւ ԿԳՆ լիցենզավորման վարչության պետ Մովսես Մովսիսյանին: Պարոն Մովսիսյանը հայտնեց, թե համապատասխան հանձնաժողովը ստուգման արդյունքում պարզել է, որ լիցենզիայի պայմանների պահանջների խախտում հիմնականում չկա. «Այնտեղ ուրիշ հարց է՝ մեքենաների աղմուկի, խցանումների եւ ընդհանուր պատ ունենալու, որը ԿԳ նախարարության խնդիրը չէ, քաղաքապետարանինն  է»: Նրա խոսքով, եթե քաղաքապետարանը թույլատրել է տունը օգտագործել հասարակական նպատակներով, ԿԳ նախարարությունը ոչինչ անել չկ կարող, լիցենզիայի տրման պայման է կադաստրի կոմիտեի կողմից տրված վկայականը:
Մինչ Երեւանի քաղաքապետարանը եւ  ԿԳ նախարարությունը միմյանց «պաս են տալիս» մեքենաների աղմուկից, խցանումներից եւ անհարմարություններից տուժած բնակիչների բողոքը, մանկապարտեզի սեփականատեր ու տնօրեն Սուսաննա Չթչյանը ամառային հանգիստն է վայելում արտերկրում: Քաղաքային համարով  մանկապարտեզ զանգելիս՝ երեկ ոչ ոք հեռախոսը չէր վերցնում, տիկին Սուսաննան «անհասանելի» էր նաեւ բջջայինով: Ամեն դեպքում, պատրաստ ենք տպագրել նրա տեսակետը նույնպես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել