Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻԶՆԵՍՄԵՆԻՆ ԳՑԵԼ ԵՆ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ»՝ ԻՐԵՆՑ ՉԽԱՆԳԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Օգոստոս 12,2011 00:00

\"\"Պարզ օրինակ, թե ինչպես են պետական պաշտոնյաները, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սեփական բիզնեսն առաջ տանում, իսկ հասարակ տնտեսավարողներին սնանկացնում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Հանքավան» հանքային ջրերի գործարան ԲԲԸ-ն պետության կարիքների համար որոշեց կապալային աշխատանքներ կատարել ու վերանորոգել թիվ 112 դպրոցը: Դառնալով կապալառու, ընկերությունը, այսպես ասած՝ կաշվից դուրս է եկել՝ պետության առաջ ամոթով չմնալու համար: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմեց «Հանքավանի» տնօրեն Լեւոն Հակոբյանը՝ «Պայմանագրով սահմանված ժամկետներում մենք մեր գործն արեցինք, 2008-ի հոկտեմբերի 23-ին կատարողական թիվ 4 ակտը եւ արձանագրությունը ներկայացրինք վճարման: Սակայն քաղաքաշինության նախարարության շինարարության վարչության աշխատակիցների անփույթ ու արհամարհական վերաբերմունքի պատճառով ծավալաթերթերում, որտեղ նախահաշիվն է լինում ու կատարված աշխատանքների ժամանակացույցը, սխալ ամսաթիվ էին նշել, որի պատճառով ստացվել էր, թե մենք մոտ 1 ամիս ուշացրել ենք աշխատանքները: Ինչպես հետո պարզեցի, այդ նախարարության աշխատակիցները հաճախ են նման «սխալներ» անում, սկզբում թվում էր, թե գործը գլխառադ են անում, բայց իրականում այդ թեթեւ վրիպակները քար են գցում ընկերության վաստակի ու բարի համբավի վրա: Այդ սխալի արդյունքում մեզ տույժ ներկայացրին 267 հազար դրամ»: Հաշվի առնելով, որ հաջորդ տարի՝ 2009-ին, դպրոցի մնացած շինաշխատանքները դարձյալ իրենց ընկերությունն էր կատարելու, այդ 267 հազար դրամի համար Լ. Հակոբյանը մտածել էր, որ չարժե հարաբերությունները սրել նախարարության հետ ու լուռումունջ համակերպվել էր տույժի հետ, սակայն, կապալառուի պատմելով, 2009-ին նույնպես ծավալաթերթերը նախարարության կողմից լրացվել են քեֆի թելադրանքով, մի շարք սխալներով. «Խոսքը դպրոցին էր վերաբերում, աշակերտները սպասում էին, մենք մեր անունը բարձր պահելու համար ամեն ինչ արեցինք, որ դպրոցը պատրաստի հանձնենք, կատարեցինք լրացուցիչ 10 մլն դրամի աշխատանքներ, որի դիմաց այդպես էլ չվճարվեցինք, մինչդեռ այդ աշխատանքների մասին հաստատեց նաեւ նախարարության կողմից նշանակված տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը»: Ուշագրավ է, որ Լ. Հակոբյանի բազմաթիվ գրություններին, թե՝ չե՞ք պատրաստվում վճարել կատարված լրացուցիչ աշխատանքների համար, քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության պետ Գոռ Քամալյանը գրավոր պատասխանել է. «Նախարարությունը բարձր է գնահատում ձեր նախաձեռնությամբ 112 դպրոցում կատարված կրկնակի աշխատանքերը, սակայն տեղեկացնում եմ, որ այդ աշխատանքների համար լրացուցիչ գումար հատկացնել հնարավոր չէ»:
Նշենք, որ «Հանքավան» ընկերությունը պետության կարիքների համար մի շարք շինաշխատանքներ է իրականացրել, վերանորոգել է նաեւ ոստիկանության զորքերի մի քանի զորամաս եւ, քանի որ գնային ցածր առաջարկություններ է արել, համարվել է ուժեղ մրցակից: Լ. Հակոբյանի պատմելով՝ «Քաղաքաշինության նախարարությունից ինձ ներքին կարգով զգուշացրել էին չմասնակցել 2009-ի հուլիսի 6-ին պետական գնումների գործակալության հայտարարած ԱՇՁԲ-09/150 եւ 151 մրցույթներին, քանի որ այնտեղ հայտ են ներկայացրել «ԳՈՎԱ» եւ «ԳՈԿՈ-ՇԻՆ» ընկերությունները: Բոլորը գիտեն, որ այդ ընկերությունները պատկանում են հենց Գոռ Քամալյանին, մինչեւ վերջերս պետռեգիստրում դրանք իր սեփական տան հասցեում էին գրանցված: Քանի որ մեր ընկերությանը նման անհեթեթ տույժերի ենթարկեցին ու ծաղրեցին, ես որոշեցի մասնակցել ու 112 մլն դրամով պակաս գնային առաջարկ ներկայացնել, քան Գ. Քամալյանը: Բայց քանի որ նույն Քամալյանն էլ մրցույթի հանձնաժողովի նախագահն էր, մարդիկ հարմար գտան պետբյուջեն զրկել 112 մլն դրամից ու հաղթող ճանաչել սեփական ընկերություններին»: Մեր ձեռքի տակ է Պետգնումների գործակալության տրամադրած նիստի արձանագրությունը, որտեղ իսկապես հստակ երեւում է, որ «Հանքավան» ընկերության առաջարկն ամենամատչելին է: Նախարարության պաշտոնյան, որպես «Հանքավանին» մերժելու հիմք, առաջ է բերում թիվ 112 դպրոցի շինաշխատանքների ժամանակացույցից ուշացումները, այսինքն՝ այն, ինչ նախկինում թվում էր անփութություն, օգտագործվում է բիզնեսմենի դեմ: Ավելին, այդ մրցույթը «չմարսելու» համար շուտով ֆինանսների նախարարի հրամանով «Հանքավանին» գցում են «սեւ ցուցակ»՝ արգելելով մասնակցել որեւէ այլ մրցույթի: Նման կերպ վարվում են այն գործարարների հետ, որոնք աշխատանքները նորմալ չեն կատարում, խաբում են, պետությաննը «քցում» են: Ընկերությունը 1 տարի դատարանների դռներն ընկնելով՝ ապացուցում է, որ սխալ հրաման են արձակել, վճռաբեկը նույնպես անսասան է մնում: Եվ այսօր, թեեւ արդեն «Հանքավանին» այդ «սեւ ցուցակից» ստիպված հանել են, բայց ընկերությանը հասցրել են սնանկացման. «Իրենց, իբր վրիպակների պատճառով մեր գործունեությունը դադարեցվեց, 150-160 մասնագետներ զրկվեցին իրենց աշխատանքից»:
«Հանքավանի» տնօրենը, արդարություն գտնելու հույսով, դիմել է վարչապետին, ՀՀ վերահսկիչ պալատ ու պետական այլ օղակների, բայց նրա դիմումները մնացել են անպատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել