…Իսկ գիշերները շարունակ երկարում են, մի տարօրինակ խորհրդավորություն է իջնում երեւացող եւ աներեւույթ աշխարհներին, ուր ամռան տաք գիշերների մեջ ծառերն սկսում են իրար հետ ուրիշ լեզվով խոսել եւ, իրարից թաքցնելով աշուն բառը, հույս են տալիս տերեւներին՝ ապավինելով իրենցից պոկվող եւ այլեւս հեռացող պտուղների հիշողությանը: Փոխվում է նաեւ ջրերի լեզուն՝ ձկներին կանչելով դեպի սառը ակունքները, տաք հարավի պատկերները անհանգստացնում են հավքերին, եւ բոլորի համար մաքրվում, հստակվում է հավերժի եզրակացությունը ներդաշնակության, եւ միակ ճիշտ ճանապարհը դառնում է հանձնվելը…
Թերեւս ժամանակին սխալը խոստովանելը եւ հանձնվելը մեզ՝ տեսանելի աշխարհում ապրողնրիս համար, նույնպես հաղթանակի ճանապարհ է: Քանի որ ինչպես անապակ ջուրը մեղավոր չէ, որ, մարդու միջով անցնելով, իր մաքրագործ անմեղությունը զոհաբերած՝ դառնում է պղտոր հեղուկ, ինչպես ես ասել եմ մի անգամ, այդպես էլ ամենալուսավոր գաղափարները մեղավոր չեն, որ բեկվելով մեր հոգեւոր խաթարության, նյութապաշտության, մեր եսի անձնապաստանության մեջ, կարող են դառնալ արժեզրկված սովորական հայտարարություններ: Չնայած որ ցանկացած լուսավոր միտք, եթե չի դառնում կյանքին, այսինքն թե՝ ապրողներին օգտակար, կարող է մնալ մեզ անհաղորդ, հեռու վերեւներում՝ նման այն հին աստվածներին, որոնք պարտադրում էին երկրպագել եւ զոհ մատուցել իրենց պատվին: Թերեւս ցանկացած լուսավոր գաղափար պետք է ընկալելի, հասկանալի լինի մեզ համար եւ մեր միջեւ, քանի որ հավատում եմ, որ ամեն մարդ ծնվում է իրեն ի վերուստ տրված առաքելությամբ, բայց լրիվ այլ խնդիր է՝ ծնվածը գտնում է իր առաքելության ճանապարհը, թե մոլորվում ի վերուստ տրված առաքելությունների միջեւ՝ չհասնելով անգամ այն պարզ թվացյալ չգիտակցությանը, որը ունի ծառը, ջուրը եւ հավքը երկնքի…
Ինչ տխուր է, որ օրերը սկսել են կարճանալ: