Կարծում է Հայաստանի «Հելսինկյան ընկերակցության» ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը
2010-ին ՀՀ կառավարությունը մշակեց ոստիկանությունում 2011-15թթ. բարեփոխումների ծրագիր, որը, ըստ էության, միջազգային հանրության կողմից պարտադրանք էր ու բխում էր Հայաստանի պարտավորություններից: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, որ վաղուց է ներգրավված այս գործում, հույս ունի, որ այդ բարեփոխումների արդյունքում հայ ոստիկաններն ավելի կրթված կլինեն, ավելի լավ զինված ժամանակակից սարքավորումներով, այլեւ գիտելիքներով, ու արդյունքում կավելանա քաղաքացիների վստահությունը ոստիկանության հանդեպ, եւ մարդիկ իրենց ավելի պաշտպանված կզգան: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի՝ ոստիկանության հարցերով գլխավոր խորհրդական Կնուտ Դրեյերը (ԵԱՀԿ-ի կայքում՝ տես https://www.osce.org/hy/yerevan/77240) հենց ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությամբ եւ կրթված ոստիկանների առկայությամբ է պայմանավորել նաեւ Հայաստանում ընդհանրապես բարեփոխումների որակն ու արդյունավետությունը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը բազմիցս հրապարակավ խոստացել է, որ ոստիկանության համակարգում շատ բան է փոխվելու: Ասաց, թե՝ ոստիկանությունը վերանայել է սեփական գործողությունների համաչափության եւ իրավաչափության հարցը, որ ոստիկանը միայն ամենավերջին պահին է մտածելու ուժի կիրառման մասին: Իհարկե, ըստ Օսիկյանի, ապագայում էլ հնարավոր են դեպքեր, երբ ոստիկանը կցանկանա գերազանցել իր գործողությունների համաչափությունն ու իրավաչափությունը, բայց որպեսզի այդպիսի ցանկություն ոստիկանների մոտ այլեւս չառաջանա՝ առաջիկայում փոխվելու է ոստիկանների համազգեստը: Դե ինչ, համարենք, որ ոստիկանության բարեփոխումը սկսվելու էր հոգեբանական գործոնից՝ համազգեստից:
Իսկ արդյոք հայրենի ոստիկանությունն իսկապես բարեփոխվելու ցանկություն ու շանս ունի՞: «Հելսինկյան ընկերակցության» ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը նման միտում դեռ չի տեսնում, ու դրա թարմ օրինակը հենց ՀԱԿ 7 ակտիվիստների ձերբակալության պատճառ դարձած միջադեպն է եւ դրա հետեւանքները: Իրավապաշտպանի ասելով, ոստիկանը՝ հատկապես ստորին օղակներում, արդեն բնազդաբար գիտի, որ տեսավ ընդդիմադիր գործչի, առավելեւս երիտասարդ ակտիվիստի, ուրեմն նա պոտենցիալ թիրախ է բռնության ենթարկելու եւ ոստիկանություն բերման ենթարկելու համար: «Նրանք հիմա էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում երկրում, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսություն է գնում, Սերժ Սարգսյանը խոսում է ոստիկանության՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանը լինելու մասին: Սրանք էլի մարդ են ծեծում ու բերում քաղմաս: Բոլոր դեպքերում, եթե ոստիկանը քաղաքացի է ծեծում՝ ոստիկանը մեղավոր է: Նա չպիտի ուժ կիրառի այն դեպքերում, երբ կարելի է դա չանել: Ես վերջերս իմացա, որ Երեւանի համար սովորական երեւույթ է, երբ ոստիկանությունը, կարմիրբերետավորները երեկոյան լիքն են, շրջում են փողոցներով եւ կարող են քաղաքացուն կանգնեցնել, խուզարկել, բարձր խոսելու կամ բանավիճելու համար դիտողություն անել՝ դա որակելով որպես հասարակական կարգի խախտում: Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու է մեր քաղաքացին թույլ տալիս իրեն խուզարկել: Դա խոսում է այն մասին, որ մեր երկրում դեռեւս վախի մթնոլորտ կա: Իսկ ընդհանրապես կարմիրբերետավորների առկայությունը մայրաքաղաքի փողոցներում արդեն վախի մթնոլորտ է: Դա միանշանակ է: Երբ նրանք զինված են մահակով, էլեկտրաշոկով, ատրճանակով՝ դա խոսում է հենց այդ մթնոլորտի եւ դրա սերմանման մասին: Ես զարմանում եմ նաեւ, երբ տեսնում են նրանց բուհերում: Ի՞նչ իրավունք ունի համազգեստավոր ոստիկանը այնտեղ»,- նկատեց իրավապաշտպանը: Մեր դիտարկմանը, թե պատճառաբանությունը, իբր, հասարակական կարգը պահպանելն է՝ Դանիելյանն արձագանքեց. «Հասկացանք, որ կա մի տգետ մաս, բայց հո բոլորս հիմար չե՞նք: Դրանով այստեղ փորձ է արվում երիտասարդությանը կաղապարված պահել եւ ասել՝ եթե փորձեք հակաիշխանական որեւէ բան անել կամ ձեզ մի քիչ ազատ զգալ՝ կձերբակալվեք»: Դանիելյանը նկատեց, թե երբեմն ոստիկանության միջին եւ վերին օղակներում աշխատակիցներն իրենց ավելի զուսպ են պահում, քան՝ ստորին օղակներում:
Վերադառնալով միջազգային կառույցների կողմից ՀՀ ոստիկանությանը պարտադրված բարեփոխումներին, իրավապաշտպանն ասաց, թե չի հավատում, որ այդ բարեփոխումներն ու առավել եւս դրան ուղղված միջոցները ծառայելու են իրենց նպատակին, որովհետեւ ոստիկանության աշխատաոճը, գոնե մինչեւ հիմա, հակառակ արվող հայտարարությունների՝ չի փոխվել: «Ես չգիտեմ՝ այս իշխանությունը պատրա՞ստ է գնալ մինչեւ վերջ եւ, իսկապես, բարեփոխումներ իրականացնել այդ համակարգում, երկրի ժողովրդավարացման հարցում: Նախ, բարեփոխիչներն իրենք չգիտեն, թե ինչն են բարեփոխելու համակարգում, որովհետեւ մինչեւ հիմա չգիտեն, որ քաղաքացուն չպետք է ծեծեն: Իրենք գիտեն, որ քննիչը հանցագործությունը բացահայտելու համար մարդ ծեծելու իրավունք ունի, կամ կարող է խանգարել ընդդիմադիրներին թռուցիկ փակցնել: Ավելի հակված եմ կարծելու, որ այս իշխանությունը բարեփոխումների չի գնա, թեեւ առաջիններից մեկը հենց ինքն է խոսում դրա մասին»,- նշեց պարոն Դանիելյանը: