Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՁԳՁԳՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՀՌԱՀ-Ի «Ա1+»-Ի ՀԱՅՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 12,2011 00:00

Ո՞չ ՀՀ վարչական դատարանը, որը դատական նիստեր է  նշանակում զգալի դադարներով կամ ՀՌԱՀ-ը, որն «Ա1+»-ի հայցի լրացմանը պատասխանել էր շուրջ մեկ ամիս անց:

ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արգիշտի Ղազարյանի, երեկ նախնական դատական նիստում որոշեց, որ արդեն դատաքննությանը նախապատրաստված է «Ա1+»-ի հայցն ընդդեմ ՀՌԱՀ-ի թիվ 96-Ա որոշման՝ «Արմնյուզ» ընկերությանը հաղթող ճանաչելու մասին: Մինչ այդ նիստում հայտնի դարձավ, որ ե՛ւ ՀՌԱՀ-ը, ե՛ւ «Արմնյուզը» պատասխանել են «Ա1+»-ի հայցի հիմքի լրացմանը, որը ներկայացրել էր հուլիսի 8-ին: «Արմնյուզի» պատասխանը, ինչպես տեղում ուսումնասիրելով պարզեց «Ա1+»-ի ներկայացուցիչ Ալեքսանդեր Սահակյանը՝ նույն բովանդակությունն ուներ, ինչ ՀՌԱՀ-ի ուղարկած պատասխանը, որը թվագրված էր օգոստոսի 4-ին:
ՀՌԱՀ Լիցենզավորման եւ մեթոդական վարչության իրավաբանական ու լիցենզավորման բաժնի պետ Արտակ Սարգսյանի ստորագրությամբ՝ հանձնաժողովի պատասխանում ուշագրավ է նրանց առարկությունը «Ա1+»-ի այն փաստարկին, թե «Արմնյուզ» ՓԲԸ-ին հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշման մեջ ՀՌԱՀ-ը հղում չի կատարել ՀՌԱՀ-ի եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջեւ գրագրություններին, որոնք վերաբերում են 500 000 000 դրամ վարկ տրամադրելու պատրաստակամությանը: Դարձյալ հիշեցնենք, որ բանկի տեղեկանքի համաձայն՝ վարկը տրամադրվում էր «Արմնյուզ» ՍՊԸ-ին, մինչդեռ այդ ընկերությունը ՓԲԸ է: Երբ «Ա1+»-ի ներկայացուցիչները հրապարակեցին այս փաստը եւ հետո ներառեցին հայցադիմումի մեջ՝ միայն դրանից հետո ՀՌԱՀ-ը տրամադրեց «Ամերիաբանկի» հետ իր գրագրությունը, ըստ որի՝ իրենք նախապես էին ճշտել, թե ՍՊԸ-ը գրելն ընդամենը վրիպակ էր: Իսկ այժմ դատարան ներկայացրած պատասխանում ՀՌԱՀ-ը գրել է. «Որեւէ իրավական ակտով սահմանված չէ, որ այդ հարցումը պետք է նշվեր վիճարկվող որոշումում»: «Առավոտի» հարցին, թե իր համար սա համոզի՞չ հակափաստարկ է՝ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց. «Իհարկե, ո՛չ: Այն առումով, որ եթե ընկերությունը մասնակցում է մրցույթի եւ իր հայտն ունի թերություններ, ապա նա պիտի հանվի մրցույթից: Նույն կերպ պետք է մրցույթից հանեին «Ա1+»-ին, նույն կերպ պետք է հանեին նաեւ «Արմնյուզին», եւ եթե խորանանք մյուս հեռուստաընկերությունների փաթեթների մեջ, ուրեմն՝ կապուղիների 2010 թվականի մրցույթներն ընդհանրապես պետք է համարվեին չեղյալ»:
Հայցի լրացման մեջ հիշատակելով այն փաստը, որ ՀՌԱՀ 7 անդամների համար «Ա1+»-ի դեպքում կեղծ ֆինանսական փաստաթղթերի առկայությունը հիմք հանդիսացավ 0 գնահատականի, «Ա1+»-ը հարցադրում էր արել, թե «Արմնյուզի» դեպքում ի՞նչն է հիմք հանդիսացել 6 գնահատականի՝ հաշվի առնելով նրանց մրցութային փաթեթն ուսումնասիրելու ընթացքում իրենց նկատած փաստերը: Ներկայացրել էին ծառայությունների մատուցման 6 պայմանագրեր, որոնք կնքված ու ստորագրված չէին եւ չէին կազմվել ձեւաթղթի վրա, «Արմնյուզ» ՓԲԸ-ի հետ Իրինա Յոլյանի կնքած պայմանագրում նույն անձի վերաբերյալ անձնագրային տարբեր տվյալներ էին նշված, մրցութային փաթեթում «առկա էին 2 աշխատողի ինքնակենսագրություններ, որոնց մեջ նշված էր՝ աշխատում են 2001-ից մինչ այսօր, այնինչ «Արմնյուզ» ՓԲԸ-ն գրանցվել է 2002-ին»: Սակայն այս ամենին ՀՌԱՀ-ը չէր տվել ոչ մի գնահատական: Իսկ այժմ հայցի լրացման հանձնաժողովի առարկության մեջ նշված է. «Եթե ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը օրենքով պահանջվում է ներկայացնել եւ պարզ է, որ դրանք քննարկման առարկա էին դաոնալու, ապա աշխատակազմի վերաբերյալ պահանջվում է ներկայացնել սոսկ նրանց քանակի, կրթության եւ մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ տեղեկությունները, այլ ոչ թե, ենթադրենք, նրանց անձնագրային տվյալները կամ աշխատանքային ստաժը։ Հետեւաբար, օրենքով չպահանջվող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում Հանձնաժողովն իրավասու չէր դրանց ընդհանրապես անդրադառնալ եւ անկախ դրանցում առկա վրիպակներից՝ դրանք քննարկման առարկա դարձնել։ Ընդ որում, նույն կերպ է վարվում հանձնաժողովը նաեւ հայցվոր կողմի մրցութային փաթեթում առկա համապատասխան փաստաթղթերին։ Մասնավորապես, քննարկման առարկա չի դարձրել եւ որպես մերժման հիմնավորում չի նշել, որ հայցվորի առաջատար լրագրողներից մեկը՝ Վիկտորյա Աբրահամյանը, համաձայն ներկայացված CV-ի, դպրոցում սովորել է ընդամենը 5 տարի՝ 1986-1991թթ., որը խիստ կասկածի առիթ է տալիս կամ, որ մեկ փաստաթղթում նրա անունը գրվում է Վիկտորյա, մյուսում՝ Վիկտորիա»: Մենք շտկել ենք այն ուղղագրական ու կետադրական բազմաթիվ սխալները, որոնք կան ՀՌԱՀ-ի ամբողջ պատասխանում: Սակայն նշենք, որ գոնե այն նախադասության մեջ, որտեղ ուրիշի 2 սխալներն են մատնացույց արվում՝ չպետք է արվեր 7 սխալ (տես լուսանկարը. սխալների ընդգծումները մերն են):
ՀՌԱՀ-ի առարկությունում ոչ պակաս ուշագրավ է մի փաստարկ, որը Մեսրոպ Մովսեսյանն անվանեց «հիվանդ գլխից առողջի վրա բարդելու փորձ»: ՀՌԱՀ-ը նշել է. «Սույն հայցի լրացումն էությամբ սոսկ կրկնում է նախկինում իր կողմից մատնանշված դիրքորոշումները կամ կատարվում է ապացույցների գնահատում, եւ սոսկ նպատակ էր հետապնդում ձգձգելու սույն դատական գործընթացը, ինչպես արդեն իսկ մի քանի անգամ կատարվել է վերջինիս կողմից»: Հայցի լրացմանը գրեթե մեկ ամիս հետո պատասխանած Արտակ Սարգսյանին, որը ՀՌԱՀ-ի կողմից պատասխանողն է այս գործում՝ հիշեցրինք, որ «Ա1+»-ը միջնորդում էր 15 օրով հետաձգել նիստը՝ դատավորը հետաձգում էր մեկ ամսից ավելի: Բայց հարցին, թե ուրեմն՝ ո՞ւմ կողմից է ակնհայտ ձգձգման միտումը, պրն Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, «Ա1+»-ի ներկայացուցչի դատավարական մարտավարությունն է այդպիսին, քանի որ անընդհատ վերջին պահին՝ դատական նիստից ընդամենը ժամեր առաջ հայցի լրացում է ներկայացնում: Ընդ որում, դատավորն էլ նշեց, որ հայցի ո՛չ հիմքն էր փոխվել, ո՛չ էլ առարկան: Ընդամենը հայցի իրավական հիմնավորումների լրացում են բերել: Դա կարող էին անել շատ ավելի շուտ՝ որեւէ նոր հանգամանք մինչ այդ ի հայտ չէր եկել: Եվ նույնն էր 3-րդ անձին՝ «Արմնյուզին» ներգրավելու միջնորդության դեպքում»: Նաեւ հավելեց. «Դատարանն իր ծանրաբեռնվածության հիման վրա է նիստեր հրավիրում: Հաշվի առեք, որ ՀՀ վարչական դատարանը Հայաստանի ամենածանրաբեռնված դատարանն է, ապա մեկամսյա ընդմիջումը որեւէ կերպ ձգձգում համարել չի կարելի»:
«Ա1+»-ի ներկայացուցիչ Ալեքսանդեր Սահակյանն այս կշտամբանքի կապակցությամբ, թե դատավարական ձգձգումների մարտավարություն է կիրառում՝ ասաց. «Հայցի լրացումը մենք չէինք կարող սկզբից անել, քանի որ ժամկետի սղության պատճառով ընդամենը հասցրինք ներկայացնել հայցը: Իսկ դրանից հետո, երբ մեզ տրամադրեցին «Արմնյուզի» եւ «Արմենիայի» մրցութային փաթեթները՝ ժամանակ էր պետք, որ մանրակրկիտ ուսումնասիրեինք: Նոր դրանից հետո էինք ներկայացրել հայցի լրացումը, որտեղ նշել ենք չստորագրած պայմանագրերը եւ այլ թերությունները»:
Ի դեպ, ինչպես եւ նախորդ նիստից հետո՝ երեկ էլ դատավորը չհայտարարեց, թե երբ է նշանակվում այս գործի դատաքննությունը սկսելու օրը եւ նշեց, թե այդ մասին կհայտարարվի լրացուցիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել