Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անվճար թափուկ եւ գազի հատուկ սակագին

Օգոստոս 11,2011 00:00

Որպեսզի անտառները չոչնչացնեն

ՀՀ անտառային օրենսգրքի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կանոնադրության համաձայն, անտառների կառավարման գործառույթների մեծ մասի իրականացումը վերապահված է նախարարության ենթակայության տակ 2005թ.-ից գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին եւ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին: Անտառտնտեսավարման ծրագրերն իրականացվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից, որի տնօրինությանն են հանձնված 345,8 հազար հա պետական անտառային հողեր: Անտառկառավարման ոլորտի փորձագետները գտնում են, որ անտառամերձ գյուղերի բնակիչները պետք է ունենան կենցաղային վառելիքի արտոնություններ: «Ամբողջ աշխարհում անտառամերձ գյուղերի բնակիչներն ունեն անվճար թափուկներ ստանալու իրավունք: Մենք փորձում ենք հասնել այն բանին, որ մեր երկրում էլ գործի այդ կարգը»,- մեզ հետ զրույցում հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Նա եւ անտառկառավարման ոլորտի որոշ փորձագետներ անտառամերձ գյուղերի բնակիչների կողմից ծառահատումների դեմն առնելու համար առաջարկում են ոչ միայն անվճար թափուկ վառելափայտ եւ երկրորդական անտառանյութ տրամադրել նրանց, այլեւ գազիֆիկացնել այդ գյուղերը եւ տեղի բաժանորդների համար սահմանել գազի հատուկ սակագին: Լոռու մարզի անտառամերձ գյուղերից մեկի գյուղապետն այս առնչությամբ պարզաբանեց. «Եթե անգամ անտառամերձ գյուղը գազիֆիկացված լինի, միեւնույն է, գյուղի բնակիչը կնախընտրի փայտ վառել, քանի որ գազի ներկայիս գնի պայմաններում նա չի կարողանա վճարել»: Մ. Մաթեւոսյանի տվյալներով, ներկայումս անտառամերձ գյուղերում բնակվում է մոտ 30 հազար ընտանիք, եւ 1 ընտանիքի կողմից վառելափայտի միջին տարեկան ծախսը 10 խմ է: Հայաստանի անտառային տարածքները պահպանելու համար, համաձայն անտառաշինական նախագծերի, ստեղծված են 85 անտառտնտեսություն եւ 516 պահաբաժիններ, որոնք ի պահ են տրված նույնքան անտառապետերի եւ անտառապահների: Յուրաքանչյուր անտառապահ հսկում է միջին հաշվով շուրջ 670 հա անտառային տարածք: Անտառապահների միջին աշխատավարձը 42 հազար դրամ է: Անտառապահներին, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու համար, փոխադրամիջոց եւ զենք չի տրամադրվում: Մ. Մաթեւոսյանի խոսքերով, անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձի ու հսկողության միջոցների տրամադրման հարցերը եւ մի շարք այլ խնդիրներ չլուծելու դեպքում «ապօրինի ծառահատումները կշարունակվեն»:
Հատողներին ազատությունից զրկելն անգամ չի լուծի մեր երկրում այս խնդիրը, քանի որ հայ ընտանիքի հայրը կնախընտրի դատվել, միյայն թե իր ընտանիքը պաշտպանված լինի ձմռան ցրտից:
Նշենք որ, Հայաստանում ապօրինի ծառահատումները սկսվեցին 1990-ական թվականներին, եւ հատկապես մեծ վնասներ կրեցին Լոռու եւ Տավուշի անտառները: Այդ տարիներին գրեթե անտառազրկվել են Վանաձոր քաղաքի հարակից տարածքները, դեգրադացվել է Իջեւանի տարածաշրջանի անտառների զգալի մասը: Այդ անտառային տարածքներն այսօր թեեւ վերականգնվում են, բայց նախկին որակն ունենալու համար մոտ 60-70 տարի է անհրաժեշտ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել