Պարզ կլինի դիահերձման արդյունքներից
Մի քանի օր առաջ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում մահացավ 1-ամյա Ջանիբեկ Առաքելյանը: Բժիշկների նախնական ախտորոշմամբ՝ երեխան կարճ ժամանակահատվածում տարել է 2 ծանր հիվանդություն՝ թարախային անգինա եւ աղիքային ցուպիկ: Ըստ նրանց, այդ 2 մանրէների միաժամանակյա առկայությունը երեխայի օրգանզիմում եւ ցածր դիմադրողականության հանգամանքը նպաստել են, որպեսզի հիվանդությունը լրիվ այլ ուղղությամբ զարգանա եւ դառնա մահվան պատճառ: Երեխայի վիճակը կտրուկ վատացել է, եւ բժիշկներն այլեւս չեն կարողացել փրկել նրան: Սակայն փոքրիկի ծնողներն ու հարազատները չեն հաշտվում այս եզրակացության հետ եւ պնդում են, որ իրենց երեխան մահացել է բժիշկների անտարբերության ու անուշադրության հետեւանքով: Երեխայի տատի խոսքերով, փոքրիկ Ջանիբեկին բարձր ջերմությունով «շտապօգնությունը» տարել է հիվանդանոց, եւ մոտ 15 րոպե ինքը թերապեւտիկ բաժանմունքում երեխան գրկին սպասել է, բայց ոչ ոք չի մոտեցել իրենց. «Իմ աղմուկ բարձրացնելուց հետո բաժնի վարիչը հրավիրեց սենյակ, հարցուփորձ արեց, կոկորդը նայեց: Չնայած ես ասացի, որ հոգնա եմ արել, բայց երեխան չի կեղտոտել, բայց բժիշկը փորը չզննեց, միայն ասաց՝ տիկին, մի խանգարեք եւ երեխային ուղարկեց միջամտության սենյակ: Հետո բժշկուհին ասաց՝ եթե պարզվի, որ աղիներում ինֆեկցիա կա, դեղորայքը դուք պիտի բերեք, կամ էլ պիտի տանեք Նորքի ինֆեկցիոն: Դե, ես էլ ասացի, թող պատասխանները գան, տեսնենք ինչ է անհրաժեշտ: Սակայն առաջին օրը ոչ մի անալիզ էլ չեն վերցրել, այնինչ բժշկուհին վստահեցրել էր, որ մասնակի վերցրել են: Միայն 2-րդ օրը արյան եւ բականալիզ վերցրին: Սրա պատասխանը 3 օրից են ստանում: Այսինքն՝ մինչեւ անալիզի պատասխանները ստանային, երեխայիս օրգանիզմն արդեն քայքայված է եղել»: Տատիկի պնդմամբ՝ եթե բժիշկները մի փոքր սրտացավ լինեին եւ հենց նույն օրը անալիզներ վերցնեին եւ ավելի հաճախ երեխային զննեին, կհասկանային, որ ժամ առ ժամ փոքրիկը վատանում է եւ գոնե մի միջոց կձեռնարկեին: Ջանիբեկի մոր՝ Անի Մայիլյանի պատմելով էլ, երեխան բարձր ջերմությունով պառկած է եղել, սակայն հերթապահ բժշկուհիները չեն մոտեցել, որպեսզի զննեին. «Միայն հեռվից հարցնում էին՝ դեղորայքը ստացե՞լ է, ջերմություն ունի՞»: 3-րդ օրը երեխան արդեն այն աստիճան է վատացել, որ ստիպված տեղափոխել են վերակենդանացման բաժին, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել: Տատիկի ներկայացմամբ՝ վերակենդանացման բաժնի բժշկուհին էլ է զարմացել երեխայի վատ վիճակից:
Երեկ «Սուրբ Աստվածամայր» կլինիկայի տնօրենը բժիշկների եւ մահացած երեխայի հարազատների հետ քննարկում էր հրավիրել, որին ներկա էր նաեւ «Առավոտը»: Ծնողների բոլոր հարցերին բժիշկները փորձում էին հիմնավոր պատասխաններ տալ: Ըստ բժիշկների, երեխան արդեն իսկ հիվանդանոց է ընդունվել տոքսիկոզով, եւ, ինչպես որ նման դեպքերում ընդունված է, տրվել է նախնական բուժումը՝ անտիբիոտիկներ, ջերմիջեցնող եւ այլն: Հարազատների այն պնդմանը, թե երեխային գոնե հոգնա անեին, որ աղիները մաքրվեին, բժիշկները վստահեցրին, որ դա պրակտիկայից արդեն հանվել է՝ ԱՀԿ-ի պահանջով, դրա փոխարեն պետք է գլիցերինի մոմիկ դրվեր, սակայն չի դրվել, քանի որ բժշկուհին որոշել էր 1 օր էլ սպասել, սակայն 1 օր հետո էլ այդ գործողությունը չի արվել: Մեր այն հարցին, թե արդյոք մոմիկը կարո՞ղ էր երեխայի վիճակը բարելավել, բժիշկները վստահեցրին. «Օրգանիզմները շատ անհատական են արձագանքում բուժումներին, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլիներ, եթե դիմեին մոմիկի օգնությանը»: Կլինիկայի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի խոսքերով էլ, երեխայի օրգանիզմում եղած բակտերիան եւ վիրուսն արդեն քայքայել էին արյան կարմիր գնդիկները, երիկամները, թոքերը, սիրտը, եւ երեխան արդեն ընկել էր ցնցումների մեջ»:
Ինչ վերաբերում է բժիշկների անուշադրությանը, ներկա բժիշկները նշեցին, որ իրենք այցերը կատարել են սահմանված կարգով: Երեխան մահացել է բժիշկների անտարբերությունից, թե ոչ, կպարզվի մի քանի շաբաթից, երբ պատրաստ կլինեն դիահերձման լաբորատոր արդյունքները: Նշենք, որ երեխայի ծնողները դիմել են նաեւ առողջապահության նախարարություն: