Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԻԶՆԵՍՈՎ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ, ԲԱՅՑ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Օգոստոս 11,2011 00:00

ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավորները եթե չէին հերքում  իրենց վերագրված սեփականությունը, ապա անպայման պնդում էին, թե
անձնապես չեն զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ:

\"\"

Հայ ազգային կոնգրեսի՝ իշխանության հետ երկխոսության պատվիրակությունը կոալիցիայի աշխատանքային խմբին օգոստոսի 9-ի հանդիպմանը ներկայացրած 87 էջանոց փաստաթղթի «Խորհրդարանի ոչ լեգիտիմությունը» ենթաբաժնում մեջբերել է ՀՀ Սահմանադրության 65 հոդվածը. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Եվ հավելված է մեկնաբանություն, թե ԱԺ պատգամավորների մեծ մասը խախտում է այդ դրույթը՝ զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ: Հետո շարադրված են 76 պատգամավորների անուններ, որոնք, ըստ ՀԱԿ-ի, զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ. «Տվյալները վերցված են 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեկնածու առաջադրվելու եւ գրանցվելու համար անհրաժեշտ եկամուտները եւ սեփականությունը հայտարարագրող փաստաթղթերից, ինչպես նաեւ տարբեր ժամանակներում տարբեր լրատվամիջոցների հրապարակումներից, որոնք կամ հաստատվել են տվյալ պատգամավորի/ների կողմից կամ չեն հերքվել»:
«Առավոտն» այս կապակցությամբ մեկնաբանություններ խնդրեց ցուցակում ընդգրկված որոշ պատգամավորներից: Փակագծերում մեջբերել ենք այն սեփականությունը, որն ըստ ՀԱԿ-ի ցուցակի՝ պատկանում է նրանց:
Լեռնիկ Ալեքսանյան («Սնսյում» ՍՊԸ). «Ես արդեն պարզել եմ՝ անգամ նման ընկերություն գոյություն չունի: Առաջին անգամ էի լսում այդ անունը եւ զարմանում եմ, թե այդ ինչպե՞ս են նման անպատասխանատու հայտարարություն արել: Եվ ինձ ճանաչողներն էլ գիտեն, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ»:
Սուքիաս Ավետիսյան («Դավիթ-Ա» ՍՊԸ, «ՅՈՒՄՍ» ՍՊԸ). «Ցավում եմ, որ հին տվյալներ են հրապարակել: «Դավիթ Ա»-ն արդեն 3 տարի է՝ գոյություն չունի, եւ ոչ մի անգամ էլ գործունեություն չի ձեռնարկել, ուղղակի եղել է: Իսկ «ՅՈՒՄՍ»-ում, որը շինարարական իրեր է արտադրում՝ ես ընդամենը 1/3-ի մասնաբաժին ունեմ՝ ո՛չ ղեկավարում եմ, ո՛չ կառավարում: Բայց դե՝ իրենց երեւի պետք էր, որ անուն գրվի՝ գրել են, էլի, այդպես եմ ընդունում»:
Արա Բաբլոյան («Արաբկիր բժշկական կենտրոն» ՍՊԸ, «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ՓԲԸ, գյուղատնտեսական նշանակության հողեր, հատուկ պահպանվող տարածք Արդանիշ գյուղում). «Ո՛չ, ես ձեռնարկատիրական գործունեությամբ չեմ զբաղվում»:
Վոլոդյա Բադալյան («Քիմռեակտիվ» ԲԲԸ, «Կատլին» ՍՊԸ, «Ռեակտոր սինթեզ» ՍՊԸ, «Ինտերգրո Քիմռեակտիվ» ՍՊԸ, «Օլիմպիա» հյուրանոց- ռեստորան). «Դրանք հին տվյալներ են: Այդ բոլոր գործարանները փակված են, ես այնտեղ աշխատել եմ 10 տարի առաջ: «Քիմռեակտիվ» գործարանը, որտեղ ես տնօրեն եմ եղել 90-ական թվականներին՝ դրանից հետո սեփականաշնորհվել է 1993-94-ին, գնացել է սնանկացման ու փակվել: Այդ գործարանի հետքերն էլ չկան: Մնացածը՝ «Ռեակտոր սինթեզ» ՍՊԸ, «Ինտերգրո Քիմռեակտիվ» եւ այլն՝ նույն գործարանի մասնաճյուղերն են եղել, եւ առանձին-առանձին մասերի բաժանվեցին այն ժամանակ, ես էլ տնօրեն-հիմնադիր էի: Բայց դրանք բոլորը լիկվիդացվել են: Դեռ 8 տարի առաջ դրանց բոլորի հետքերը չկային նույնիսկ: Իսկ «Օլիմպիա»-ի հետ ես ընդհանրապես առնչություն չունեմ՝ այն իմ միջնեկ եղբոր հյուրանոցն է: Արդեն 10-20 տարի այն իրենն է՝ հիմքից կառուցել է, ես ոչ մի կապ չունեմ»:
Մանվել Բադեյան («Եվրոստան Ույուտ» ՍՊԸ, «Լույս Կոմ» ՍՊԸ). «Այո՛, ես այդ ընկերությունների սեփականատերն եմ, բայց ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: Այդ ընկերություններն ունեն տնօրեն, որն էլ զբաղվում է կառավարմամբ»:
Արտակ Դավթյան («Էյ Սի- ՖինՌոյալ» ՍՊԸ, «Մարգարիտա եւ Աննա» ՍՊԸ). «Ընդհանրապես, պիտի հասկանանք՝ ինչ ասել է ձեռնարկատիրական գործունեություն: Օրենքում հստակ արձանագրված է՝ ձեռնարկատիրական գործունեությունը շահույթ ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունն է: (Ավելի ստույգ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն. «Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է».- Ա. Ի.): Ես այդ երկու ՍՊԸ-ներում հանդիսանում էի մասնակից, ներկայումս չեմ հանդիսանում՝ ո՛չ մեկում, ո՛չ մյուսում: Եվ ես ո՛չ կառավարման կազմի մեջ եմ եղել, ո՛չ էլ գործադիր մարմնի, այսինքն՝ որեւէ վճարովի աշխատանք չեմ կատարել, աշխատավարձ չեմ ստացել: Այնպես որ՝ իրականությանը չի համապատասխանում նրանց պնդումը, թե Սահմանադրությանը հակասող ձեռնարկատիրական գործունեությամբ ենք զբաղվում: Եվ որեւէ ձեւով գործող օրենսդրությանը չի հակասում, եթե իմ գործընկերները մասնակիցներ կամ սեփականատերեր են հանդիսացել կամ հանդիսանում»:
Հակոբ Հակոբյան («Արփա-Սեւան» ՓԲԸ, «Բազալտ» ՓԲԸ, «Դիլիջանի առողջարան» ՓԲԸ). «Ես որտեղ որ բաժնետոմս ունեմ, սեփականատեր եմ՝ բաժնետիրական սկզբունքով, բնականաբար, իմ տարեկան հայտարարագրի մեջ գրել եմ, իրենք էլ վերցրել են: Եվ ես ինքս չեմ կառավարում: Կառավարման եմ տվել իմ սեփականությունը»:
Արեգ Ղուկասյան («Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, Գյուղատնտեսական նշանակության հողեր– 40հա). «Այո, ճիշտ է նշված: Բայց ես աշխատում եմ Ազգային ժողովում: Ես ուղղակի ունեմ բաժնետոմսեր Ավանի աղի կոմբինատում: Եվ այդ 40 հեկտարն էլ է սխալ գրված. դա ծիրանի այգի է՝ ընդհանուր 80 հեկտար, իսկ ես կազմակերպության 50 տոկոսի բաժնետերն եմ: Բայց ես ընդհանրապես վերջին 9 տարում տնտեսական գործունեությամբ համարյա չեմ զբաղվել: Գնացեք այդ այգին եւ տնօրենին հարցրեք՝ Ղուկասյանը վերջին անգամ ե՞րբ է եղել այդտեղ: Եվ ձեզ կասեն՝ լավագույն դեպքում, երեւի 1 տարի առաջ»:
Խաչիկ Մանուկյան (Գյուղատնտեսական նշանակության հողեր – 200հա, «Մաքս կոնցեռն» ՍՊԸ, «ԼՏԹՖ» ՍՊԸ, «Մաքս Ռեկլամ» ՍՊԸ, «Լուսակերտ» ՍՊԸ, «Սիսարտ» ՍՊԸ, «Արքայահատիկ» ՀԿՏ ՍՊԸ). «Ինչ այդտեղ գրել են՝ ոչ մի հիմնարկում ես չկամ՝ վաճառել եմ, դուրս եմ եկել եւ այլն: Միայն մնացել է «Լուսակերտը», որտեղ ունեցել եմ բաժնետոմսեր, դրանք էլ տվել եմ կառավարման: Ու մինչեւ հրապարակելը՝ կարող էին ճշտել, թե ինչն է սխալ կամ ճիշտ»:
Արմեն Մխիթարյան («Խնուս» ՍՊԸ, «Այգեձոր-Ուտիք» ՍՊԸ, «Աֆինս գոլդ» ՀՁ, «Եվրո կահույք» ՍՊԸ, Նախկին Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարան). «Սրանցից մի քանիսը չգործող հիմնարկներ են, փակ են՝ «Եվրո կահույքը», «Աֆինս գոլդը» եւ այլն: Միայն «Խնուսն» է գործում: Եվ ես այդ ընկերությունում ընդամենը հիմնադիր եմ, բաժնետեր՝ ո՛չ տնօրեն եմ, ո՛չ նախագահ եմ: Սա ամբողջովին Սահմանադրության շրջանակներում է՝ յուրաքանչյուր անձ կարող է ունենալ սեփականություն: Բայց բիզնեսով զբաղվելու, հրամաններ տալու, որոշումներ կայացնելու հետ ես կապ չունեմ՝ կա հատուկ տնօրեն, խորհրդի նախագահ՝ իրենք են զբաղվում»:
Սամվել Նիկոյան («ՆԱՐ» ՍՊԸ). «Իմ բոլոր հայտարարագրերի մեջ նշել եմ, որ ես եւ կինս 10 տարի առաջ հիմնադրել ենք այդ «ՆԱՐ» ՍՊԸ-ն՝ դեղատնային կրպակ է: Բայց ինքս դրանով չեմ զբաղվում: Ի՞նչ, իրենք արգելում են, որ ես որեւէ տեղ սեփականատե՞ր լինեմ: Իրենք չե՛ն հասկանում, թե ինչի մասին են խոսում»:
Գալուստ Սահակյան (Ներքաղաքային տրանսպորտի երթուղիներ). «Նախ՝ շատ լավ կլիներ, որ ունենայի: Շատ լավ կլիներ՝ գոնե ավելի մեծ բաների մասին գրեին: Ես որեւէ ձեռնարկատիրությամբ չեմ զբաղվում: Առավել եւս՝ ամբողջ ցուցակը, որ հրապարակել են, նրանք ձեռնարկատերեր չեն՝ նրանք բաժնետերեր են այսօրվա դրությամբ, եւ Սահմանադրության որեւէ խախտում չկա: Դա արել են պարզապես ժողովրդի մեջ իբրեւ թե իրենց դիրքերն ամրացնելու համար»:
Սամվել Սարգսյան (Գյուղատնտեսական նշանակության հողեր – 20հա). «Ես այդպիսի հող չունեմ: Ես ունեի վարձակալությամբ վերցրած 18 հեկտար հող, որն այս տարի վաճառվել է ուրիշի՝ իմը չի»:
Վահան Հովհաննիսյան (Գյուղատնտեսական նշանակության հողեր–50հա). «Ես՝ ինչպես եւ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, իրավունք ունեմ ունեցվածք ունենալու՝ տան, մեքենայի, հողի տեսքով եւ այլն: Գյուղատնտեսական նշանակության հող ունենալ՝ չի նշանակում զբաղվել բիզնեսով եւ խախտել Սահմանադրությունը: Առավել եւս, որ թիվը՝ 50 հա, ինձ բավական լուրջ տարակուսանքի մեջ է գցել: Իրենք միգուցե ավելի ճիշտ կանեն՝ դիմեն հարկային մարմիններին, որոնց ես՝ ինչպես եւ բոլոր պատգամավորները, ներկայացրել եմ իմ հայտարարագիրը, եւ այնտեղ շատ հստակ նշված է՝ ես ինչ ունեմ, ինչքան եւ դա ինչ աղերս ունի բիզնեսի հետ: Բիզնեսի հետ ո՛չ մի աղերս չուն՝ի ոչ մի գյուղատնտեսական հող, առավել եւս, որ դա 50 հեկտար չէ, կարծում եմ, որ առնվազն մի 10 անգամ քիչ է: Բայց եթե շարունակենք այդ թեման՝ պիտի ասեմ, որ եթե նրանց թվում է, թե իմ բարեկամներն էլ իրավունք չունեն բիզնեսով զբաղվելու… Այսինքն, իրենց, ես կարծում եմ, թվում է, թե մենք ոչ մեկս իրավունք չունենք Հայաստանում ապրելու: Բայց նման արգելքներ չի դնում ո՛չ Սահմանադրությունը եւ ո՛չ էլ որեւէ այլ իրավական նորմ Հայաստանում: Այսինքն, իրավունք ունեմ գույք, սեփականություն ունենալու՝ էնքան, ինչքան ուզեմ, էդ իրենց գործը չի: Իրավունք չունեմ զբաղվելու բիզնեսով ու չեմ զբաղվում: Իսկ իրենց գրածից ոչ մի կերպ չի երեւում, թե ես դա անում եմ: Ուրեմն, կարծում եմ, որ ուղղակի մշտական նենգությանը գումարվել է նաեւ իրավական անգրագիտությունը: Եթե նրանք կարող են ապացուցել, որ ես բիզնեսով եմ զբաղվում՝ այդ ժամանակ կքննարկենք»:
Աշոտ Ափոյան («Աշտարակ կաթ» ընկերություն). «Ես «Աշտարակ կաթ»-ում տնօրեն չեմ, խորհրդի նախագահ չեմ: Ընդամենը բաժնետեր եմ եւ հիմնադիրը»:
Հովհաննես Մարգարյան («Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկա» ԲԲԸ). «Ես ընդհանրապես որեւէ գործարարությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում: Իմ եկամուտների հայտարարագիրը պատշաճ ձեւով լրացված ու հանձնված է Պետական եկամուտների կոմիտե: Եվ համաձայնություն եմ տալիս բոլոր շահագրգիռ անձանց՝ այդ թվում լրագրողներին ու Կոնգրեսին, որ ուսումնասիրեն այդ հայտարարագիրը: Այն համարյա սպիտակ թուղթ է: Ես ընդհանրապես որեւէ բիզնես չունեմ: Եվ ավելին, երբ ընտրվել եմ պատգամավոր՝ 2003 թվականից առ այսօր, ես որեւէ ձեռնարկատիրական գործունեությամբ չեմ զբաղվել, որեւէ կապ չունեմ Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկայի հետ: Ես այնտեղ աշխատել եմ տնօրեն, դրանից հետո եղել եմ շատ քիչ մասով բաժնետեր, բայց դա էլ օտարել եմ 2007-2008-ին: Եվ հիմա սա ակնհայտ զրպարտություն է իմ հասցեին: Եթե կպարզեն, որ ես որեւէ բան ունեմ՝ թեկուզ մի կրպակ Հայաստանում կամ ՀՀ սահմաններից դուրս՝ պատրաստ եմ նվեր տալ Կոնգրեսին: Իսկ եթե ստուգեն ու համոզվեն, որ չունեմ՝ թող բարի լինեն հերքել իմ հասցեին իրենց զրպարտությունը»:
Լյովա Խաչատրյան (Եռաֆազ հաշվիչների արտադրություն Արմավիրում, սրճարաններ). «Զեռներեցությամբ զբաղվելն ու սեփականություն ունենալը տարբեր բաներ են, եւ կարծում եմ՝ իրենք պարզապես «Աստծո տվածը շփոթել են ձվածեղի հետ»: Հայաստանի դեռ առաջին նախագահի օրոք սեփականաշնորհվեցին հողերն ու ձեռնարկությունները եւ ամբողջ հայ ժողովուրդը դարձավ սեփականատեր: Իրենց սեփականությունը մի մասը վաճառեց, մյուս մասը՝ չգիտեմ, կրվեց կազինոներում, մյուս մասը պահպանեց, եւ շահույթ են ստանում: Բայց դա չի նշանակում ձեռներեցությամբ զբաղվել: Ձեռներեցությամբ ես զբաղվում, երբ կառավարում ես բիզնեսը՝ վարձակալությամբ կամ քո սեփականը: Ես ձեռներեցությամբ Հայաստանում չեմ զբաղվել երբե՛ք եւ ոչ միայն Սահմանադրության փոփոխությունից հետո, երբ արգելվեց դա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել