Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԷԼԻ՞ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ

Օգոստոս 11,2011 00:00

\"\"Իսկ ասում են՝ նույն գետը երկրորդ անգամ չես մտնի

Երեկ հայտնի դարձավ, որ օգոստոսի 9-ին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստները՝ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Վահագն Գեւորգյանը ձերբակալվել են: ՀՀ ոստիկանությունում քրգործ է հարուցվել եւ 7 երիտասարդներին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՔՕ երկու հոդվածներով՝ 258-րդի 3-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանություն) եւ 316-րդի 1-ին մասի (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) հատկանիշներով: Ոստիկանությունում ասում են՝ քրգործի նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ի երեկոյան ՀԱԿ-ի երիտասարդները, որոնք «Ընդդեմ ոստիկանական ապօրինությունների» հասարակական խմբի անդամներ են, նախ՝ ծեծի, ապա բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին այն բանից հետո, երբ Տերյան փողոցում միջամտել էին Երեւանի ՊՊԾ աշխատակիցների կողմից մի քաղաքացու խուզարկության ենթարկելուն՝ իրավապահներից պահանջելով ներկայացնել, թե ինչ հիմքով են դա անում: Ոստիկանության աշխատակիցների եւ երիտասարդների միջեւ ծագած լեզվակռիվը վերածվել էր քաշքշոցի եւ ծեծկռտուքի: Ոստիկանությունն, իհարկե, կատարվածի իր վարկածն է ներկայացնում, որը, ինչպես միշտ, առանցքային՝ ոստիկանության գործողությունների, հարցում էապես տարբերվում է վերը նկարագրված տեսարանից: Ըստ ոստիկանության հաղորդագրության, իրավապահները հասարակական կարգը խախտելու համար դիտողություն են արել մի քաղաքացու, եւ այդ պահին մոտեցել են մի խումբ երիտասարդներ, միջամտել են, վիրավորել են նրանց, սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել խեղճ ոստիկանների հասցեին, խոչընդոտել են նրանց աշխատանքները, իսկ երիտասարդներին «կարգի հրավիրելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել. նրանք շարունակել են սադրիչ եւ խուլիգանական գործողությունները»: Հետո ոստիկանության օժանդակ ուժերի օգնությամբ փորձ է արվել «վերականգնել հասարակական կարգը, սակայն երիտասարդները հրմշտոց են հրահրել ու դիմադրություն ցույց տվել», բայց «ի վերջո, հաջողվել է զսպել հասարակական կարգը խախտողներին ու բերման ենթարկել ոստիկանության բաժին»: Այդ ընթացքում նրանցից մեկը հարվածել է մի ոստիկանի, ով դեմքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բերման ենթարկվածները, ըստ ոստիկանության, «սադրիչ ու խուլիգանական գործողությունները շարունակել են նաեւ բաժնում»։ Ոստիկանությունը հերքում է երիտասարդների նկատմամբ ուժ կիրառելու փաստը, թեեւ երեկ կայքերը ողողված էին արդեն ձերբակալված երիտասարդների մարմնի տարբեր հատվածներում եղած ակնհայտ ու բազմաթիվ վնասվածքները, իսկ Դավիթ Քիրամիջյանի դեպքում՝ նաեւ ճակատին եղած կտրվածքը փաստող տեսագրությունով(տես՝ https://www.facebook.com/video/video.php?v=191562307573622&comments): Բոլոր 7 ձերբակալվածներին երեկ դատաբժշկական ուղեգիր է տրվել. տղաները փորձաքննության կենթարկվեն այսօր: Իսկ երեկ կարմիր բերետավորների ուղեկցությամբ, շտապօգնության մեքենայով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Տիգրան Առաքելյանը: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Տիգրանի եւ Արտակ Կարապետյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Տ. Առաքելյանին հիվանդանոց էին տեղափոխել նրա հայտարարությունից հետո, թե իրեն ոստիկանության Կենտրոնի բաժնում ծեծի են ենթարկել: Պաշտպանի ասելով, նրա մոտ բուժզննության եզրակացությամբ արձանագրվել է կողերի եւ դեմքի սալջարդ: Արտակ Կարապետյանի վնասվածքները համեմատաբար թեթեւ են եղել:
Իհարկե, ոստիկանության ապօրինությունները միայն երիտասարդներին բերման ենթարկելուց առաջ, նաեւ Կենտրոնի ոստիկանության բաժնում ծեծի ենթարկելով եւ ոստիկանության կողմից երիտասարդներին բուժօգնություն ցուցաբերելն արգելելով չի սահմանափակվել: Բերման ենթարկվելուց 20 րոպե անց ժամանած փաստաբաններին միայն ժամանելուց 40 րոպե անց է հաջողվել մուտք գործել բաժանմունք, սակայն օրենքի բացահայտ անտեսմամբ փաստաբանները չեն ներգրավվել գործում: Ավելին, բաժանմունքում փաստաբանների նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, նրանց շուրջ 1 ժամ ապօրինաբար զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, խլել են փաստաբաններից մեկի հեռախոսը: Փաստաբանների՝ գործին ներգրավումը մերժելու պայմաններում ընդունվել է ձերբակալության ապօրինի որոշում:
Հիշեցնենք, որ իրադարձությունների այս զարգացումները տեղի են ունեցել ՀԱԿ-իշխանություն երկխոսության ֆոնին, ինչն արդեն իսկ կասկածի տակ է դնում այդ երկխոսության լրջությունն ու իշխանությունների անկեղծությունը: Երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է այս սադրանքը, դիտարկում այն որպես իշխանությունների արձագանք երկխոսության շրջանակներում սկսված արտահերթ ընտրությունների մասին բովանդակային քննարկմանը: ՀԱԿ-ի ներկայացրած ծավալուն փաստաթուղթն, ըստ էության, անհարմար վիճակի մեջ է դրել վարչախմբին եւ նման քայլերով փորձ է արվում վիժեցնել բովանդակային այս քննարկումը: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ, չունենալով փաստարկներ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնավորումների վերաբերյալ, ռեժիմը դիմում է Կոնգրեսի դեմ պայքարում իր համար սովորական դարձած բիրտ ուժի կիրառմանը։ Բացառված չէ նաեւ, որ, օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը։
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր երիտասարդներին եւ օրենքով սահմանված կարգով պատժել բոլոր այն ոստիկաններին, ովքեր բռնություն են կիրառել ինչպես նրանց, այնպես էլ փաստաբանների նկատմամբ»:
«Առավոտը» երեկ զրուցեց նաեւ «Հելսինկյան ընկերակցություն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանի հետ, ով առաջինն էր արձագանքել միջադեպին եւ իր կայքի միջոցով հաղորդագրություն էր տարածել: Նկատի ունենալով նաեւ սոցցանցերում արվող հարցադրումը՝ արդյոք ՀԱԿ երիտասարդներն իրավունք ունեի՞ն միջամտելու ոստիկանության գործողություններին կամ դրանց հիմքերի վերաբերյալ հաշիվ պահանջելու, Մ.Դանիելյանին նման մի հարց վերահասցեագրեցինք՝ արդյոք ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները գիտեն, թե ե՞րբ, ո՞ւմ եւ ինչպե՞ս է պետք խուզարկել, արդյոք նրանք հենց փողոցում, մեկ րոպեում կողմնորոշվում են՝ տվյալ խուզարկությունը օրինակա՞ն է թե՞ ոչ, արդյոք ոստիկանները այդ հարցում պետք է նրանց հաշվետվություն տան, ու եթե՝ այո, ապա, գուցե, իմաստ ունի՞ իշխանությունը տալ ՀԱԿ-ի «ռեւկոմներին», եւ թող իրենց երիտասարդական դրուժինաները ստանձնեն իրավապահների կամ վերջիններիս օժանդակ խմբերի դերը, ինչպես հեռավոր հեղափոխական կամ խորհրդային տարիներին էր ընդունված:
Մինչ այս հարցին անդրադառնալը իրավապաշտպանը նախ՝ արձանագրեց, որ ոստիկանների բռնությամբ ուղեկցված գործողությունները ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ, նաեւ դրան հաջորդած ապօրինությունների շարքն ու ձերբակալությունը միանշանակորեն վկայում են, որ դա քաղաքական ենթատեքստ ունի: Անդրադառնալով մեր հացին՝ Մ. Դանիելյանն ասաց. «Եթե ես լինեի՝ կմիջամտեի: Ի՞նչ իրավունք ունի ոստիկանը Երեւանում երեկոյան քայլող քաղաքացուց փաստաթուղթ պահանջել կամ խուզարկել, դիտողություն անել: Երիտասարդների արածի մեջ ոչ մի օրինախախտում չկա: Իրենք համարում են, որ ավելի տեղյակ են գործող օրենքներին եւ փորձում են այլոց նման դեպքերում օգնություն ցույց տալ: Ես ողջունում եմ դա, նաեւ երիտասարդների՝ իրենց իրավունքներն իմանալու փաստը: Ուղղակի նրանք պիտի պատկերացնեին նաեւ, թե իրենց՝ որպես ընդդիմադիրների, ինչ է սպասվում, ու արդյոք այս պահին իրենք՝ որպես կոնգրեսականներ, ՀԱԿ-ին ավելի օգտակար չէի՞ն լինի դրսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել