Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մամուլը պոնչիկ չէ»

Օգոստոս 10,2011 00:00

Ասում է «Տպագիր մամուլ տարածողների ասոցիացիա» հ/կ նախագահ  Արմեն Դավթյանը՝ մտահոգություն հայտնելով, որ այդ որոշումը ուղղակիորեն կհարվածի թերթերի տպաքանակին ու վաճառքին:

Մայրաքաղաքի փողոցներից կրպակներն ապամոնտաժելու՝ Երեւանի քաղաքապետարանի որոշումը մի շարք կրպակատերերի շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: Օրերս էլ պարզ դարձավ, որ քաղաքապետարանի սույն որոշումը տարածվում է նաեւ մամուլի կրպակների վրա:
Երեւանի փողոցներում գործող մամուլի կրպակների սեփականատերերն արդեն ծանուցագրեր են ստացել, որով քաղաքային իշխանությունները պահանջում են տարածքը 3 օրից ազատել: «Տպագիր մամուլ տարածողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Դավթյանի համոզմամբ, մամուլի կրպակները փողոցներից հանելը պարզապես հակաժողովրդավարական քայլ է եւ սահմանափակում է մարդկանց՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը:
«Ես հասկանում եմ, որ քաղաքապետն ուզում է մեր քաղաքը գեղեցկացնել, ես շատ հպարտ եմ այն աշխատանքներով, որն այսօր արվում է մեր քաղաքում, բայց ոչ մի դեպքում չի կարելի մամուլի կրպակները խառնել պոնչիկ, կանաչի վաճառող կրպակների հետ: Դրանք տարիներ առաջ մեծ գումարներով սեփականաշնորհվեցին եւ, դեռեւս նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք, բոլորն էլ պայմանագրեր կնքեցին, ըստ որի՝ այդ կրպակները պետք է մինչեւ 2015 թվականը մնան իրենց տեղում եւ աշխատեն: Հիմա, ընդհանուր շորշոփի մեջ, այդ կրպակատերերին էլ են ստիպում իրենց կրպակները փակել: Եվրոպական կառույցները ժողովրդավարությունն ընկալում են մամուլի տարածմամբ, էլ չեմ ասում, որ առանց այդ էլ այսօր մամուլ չեն կարդում, ամեն մի կորցրած ընթերցողը թերթերին վնաս է: Մենք պայքարում ենք ամեն մի ընթերցողի համար, առանց այդ էլ թերթերի տպաքանակն այսօր իջել է, եթե մարդկանց հնարավորություն չի տրվում թերթ գնելու, թերթերն աստիճանաբար կմահանան: Մենք հաստատ խնդիրներ կունենաք Եվրոպայի հետ»:
Նշենք, որ ընդհանուր առմամբ մոտ 80 սեփականաշնորհված կրպակ կա մայրաքաղաքում, որոնք, հ/կ-ի նախագահի տվյալներով, այսօր սպառում են մամուլի 40-60%-ը: Մատենադարանից մինչեւ Թումանյան փողոց ընկած ճանապարհահատվածում միայն 6 մամուլի կրպակ է գործում, որոնք բոլորն էլ պետք է ապամոնտաժվեն: Ա. Դավթյանի խոսքերով՝ «Ոչ մի նախագիծ չեն ներկայացնում, որ ասենք՝ կրպակը համապատասխանեցնենք այսինչ չափանիշի, միայն ասում են, որ 3 օրից տարածքն ազատեն: Ընդ որում, որոշումը բերում են շաբաթ օրը, ժամը 5-ին: Թող մի նախագիծ ներկայացնեն եւ մարդկանց ասեն, որ, ասենք՝ այս կրպակը պետք է եվրաչափանիշներով լինի կամ դիզայնը համապատասխանեցնենք քաղաքի ընդհանուր տեսքին եւ այլն: Մամուլին այդպես վերաբերվելը պարզապես սխալ է»:
Հ. Գ. Երեկ, երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Երեւան քաղաքում նոր կրպակների կամ տաղավարների համար հողատարածքներ չեն տրամադրվելու, բացառությամբ մամուլի կրպակների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել