Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՇՈՒՏՈՎ ՓՈՇՈՒ ՀԱՄԱՐ ԷԼ ՄԱՔՍԱՎՃԱՐ ԿՎԵՐՑՆԵՆ

Օգոստոս 10,2011 00:00

\"\" «Պետբյուջեն լցնելու ձեւ է»,- համոզված է  հարկատուների պաշտպանը

Վրաստան մեկնող վարորդները շարունակում են զարմանալ ՀՀ մաքսային օրենսգրքի նոր փոփոխություններից: Որոնք, պարզվում է, ամենեւին էլ նպատակաուղղված չեն բյուրոկրատական քաշքշուկը վերացնելուն: Արդեն 1 ամիս է, Վրաստան մեկնելու համար հայ վարորդները անցակետերում վճարում են 9500 դրամ: Որից 3500-ը՝ մաքսային ձեւակերպումների համար, 1000 դրամը՝ փաստաթղթերի տրամադրման եւ 5000-ն էլ՝ փոխադրամիջոցների մաքսային հսկողության համար: Օրենքով գանձվող մաքսավճարը գործում էր նաեւ նախկինում: Սակայն որոշ ժամանակով այն կասեցվել էր: Ու հաշվի առնելով ամռան այս ամիսներին Հայաստանից Վրաստան մեկնողների մեծ հոսքը, պետբյուջեն լցնելու անհրաժեշտություն առաջացավ: Այս կարծիքին է հարկատուների իրավունքների պաշտպանության հ/կ նախագահ Արտակ Խաչատրյանը. «Պետբյուջեն չգիտեն էլ ոնց լցնեն: Մաքսավճարներ են սահմանում օդի, ճանապարհի, փոշու… ամեն ինչի համար: Աբսուրդ է, որ փաստաթղթերի տրամադրման համար պետք է վճարես կամ էլ մաքսային ձեւակերպումների, որոնք, ըստ էության, ձեւական բնույթ են կրում»: Պարոն Խաչատրյանն աբսուրդ է համարում նաեւ այն, որ վերոնշյալ մաքսավճարը գործում է միայն մեծ (8 եւ ավելի ուղեւորների կամ բեռնատար) մեքենաների համար: ՊԵԿ-ը արտոնություն է սահմանել թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների համար: «Արդեն նկատվում է, որ այդ մաքսավճարի անհրաժեշտությունը չկա: Եթե մի դեպքում քաղաքացին ազատված է վճարից, ինչու պետք է մյուս քաղաքացիները վճարեն»,- զարմանում է պարոն Խաչատրյանը:
«Անցակետերում վարորդներին նյութապես կլպում են օրենքով ու անօրինական սահմանված մաքսավճարներով: Կառավարությունը կոռուպցիան ու բյուրոկրատական քաշքշուկը նվազագույնին հասցնելու մասին է խոսում: Խոսքը մաքսակետերին չի՞ վերաբերում, հենց այստեղ է ամենաշատ կոռուպցիան ու քաշքշուկը: Մի օրով մեկնում եմ Վրաստան, միայն 19000 դրամ անցակետում եմ վճարում. 9500 դրամ՝ մեկնելիս, նույնքան էլ՝ վերադառնալիս: Ոչ բեռ եմ տեղափոխում, ոչ էլ բիզնես անելու եմ գնում: Բավրայի մաքսակետում հարցնում եմ, ինչի՞ համար եմ վճարում, ոչ ոք ոչինչ չգիտի: Ասում են՝ նոր օրենք է: Չենք հասկանում, էդ օրենքն ինչու սկսեց գործել ամռանը, երբ մարդիկ իրենց մի քիչ նեղություն տալով, որոշում են մի քանի օրով հանգստանալու մեկնել»,- հարցնում է քաղաքացի Արմեն Սիմոնյանը: Ի պատասխան վարորդների դժգոհություններին, Պետեկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ կախված տրանսպորտային միջոցի տեսակից եւ հաշվառման երկրից, մաքսային մարմինների կողմից կարող են հաշվարկվել նաեւ այլ վճարներ, մասնավորապես՝ բնապահպանական եւ ճանապարհային վճարներ: Եվ Վրաստան-Հայաստան սահմանին տեղակայված մաքսային կետերում օրենքով սահմանված կարգով մաքսային միջնորդական ծառայություններ են մատուցում մասնավոր տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ինքնուրույն են սահմանում իրենց ծառայությունների համար նախատեսված վճարների չափերը: Բացի մաքսավճարներից, Բավրայի անցակետում վարորդները դժգոհում են նաեւ նոր սահմանված հայտարարագրման գործընթացից: Պարզվում է՝ այսուհետեւ վրացահայ վարորդները սահմանը հատելուց առաջ պետք է լրացնեն մուտքի ու ելքի հայտարարագրեր, որոնք, ըստ նրանց, ավելորդ հերթերի պատճառ են դառնում: «Օրվա մեջ 2 անգամ Վրաստանից Հայաստան եմ գնում ու վերադառնում, 2 անգամ էլ ստիպված եմ նույն հայտարարագիրը լրացնել: Կբացատրե՞ք ինչ նպատակ ունի այդ անիմաստ հայտարարագիրը, որը լրացնելու համար ամեն անգամ առնվազն 1 ժամ հերթ եմ կանգնում: Հնարավո՞ր է օրենքում մի խելքը գլխին փոփոխություն անեն, ինչ որ կարգ հեշտացնեն, վճարները նվազեցնեն»,- բողոքում էին մի խումբ վարորդներ, որոնք չցանկացան ներկայանալ:
Պետեկամուտների կոմիտեից էլ վստահեցնում են, թե առանձին դեպքերում կարող են առաջանալ որոշակի հերթեր, սակայն դրանց առաջացման պատճառ չի կարող հանդիսանալ հայտարարագրման գործընթացը, քանի որ վերջինիս վրա ծախսվում է նվազագույն ժամանակ: ՊԵԿ-ից տեղեկացնում են նաեւ, որ մաքսային օրենսդրությամբ նախատեսված չէ բազմակի օգտագործման մաքսային հայտարարագիր: Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի՝ ապրանքները եւ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվում են համաձայն սույն օրենսգրքով սահմանված «մաքսային ռեժիմների»: Միեւնույն անձի կողմից 1 օրվա ընթացքում ՀՀ սահմանը մի քանի անգամ հատելու դեպքերը կարող են լինել եզակի, ինչը նույնպես չի կարող հերթերի պատճառ դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել