Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստներն էլի բռնության են ենթարկվել

Օգոստոս 10,2011 00:00

Այս անգամ նրանք բախվել են ՊՊԾ-ի  աշխատակիցների հետ

Երեկ հերթական միջադեպն է եղել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ: Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան, Տերյան փողոցի վրա, Կարապի լճի հարեւանությամբ: «Հելսինկյան ընկերակցություն» իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության համաձայն, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կիրակոսյանն ու Վահագն Գեւորգյանը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջիններս մոտեցել են Երեւանի պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների՝ ոստիկանության աշխատակիցներից պահանջելով հիմնավորել իրենց գործողությունները:
Ի պատասխան՝ ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են նրանց վրա, ծեծել վերջիններիս, այնուհետեւ՝ բերման ենթարկել ոստիկանության բաժին: Տիգրան Առաքելյանը,Վահագն Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը ծեծի հետեւանքով ստացել են մարմնական վնասվածքներ: Արտակ Կիրակոսյանի նկատմամբ բռնություն է կիրառվել ոստիկանության բաժանմունքում:
Tert.am-ի մատուցմամբ, ոստիկանության աշխատակիցները, ըստ շրջանառվող լուրերի, եւս տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վնասվածքներ ստացած Կոնգրեսի ակտիվիստներին երկար ժամանակ բուժօգնություն չի տրամադրվել:
«Առավոտի» հետ զրույցում Երեւանի ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը հաստատեց միջադեպի վերը նկարագրված մանրամասները եւ, իհարկե, դրանում մեղադրեց երիտասարդներին՝ հավելելով, թե նրանք խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը, իբր, հայհոյել են, նաեւ ոչ ադեկվատ վարքագիծ են դրսեւորել: Նա հաստատեց նաեւ tert.am-ի տեղեկությունը, թե մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ ոստիկանները:
Փաստաբան Վահե Հովսեփյանին մոտ 40 րոպե թույլ չի տրվել մտնել ոստիկանության բաժանմունք, եւ միայն այնտեղ հավաքված քաղաքացիների ճնշման ներքո է կարողացել ներս մտնել ու դուրս գալիս փոխանցել է, որ երիտասարդների վրա ակնհայտ են բռնության հետքերը, հատկապես դա վերաբերում է Դավիթ Քիրամիջյանին, ում ճակատը պատռված է եղել եւ Տիգրան Առաքելյանին: Շենքի մոտ կանգնած էր շտապ օգնության մեքենա:
Epress.am-ի փոխանցմամբ, բերման ենթարկված ակտիվիստները հանդես են եկել հայտարարությամբ, որը նրանք հեռախոսով փոխանցել են ՀԺ օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանի միջոցով: Հայտարարության մեջ նրանք նշել են, որ Կարապի լճի մոտ ծեծի են ենթարկվել ոստիկանների կողմից, եւ այժմ այդ նույն ոստիկանները չեն կարող գործի օբյեկտիվ քննություն վարել, այդ իսկ պատճառով ակտիվիստները պահանջում են հրավիրել Հատուկ քննչական ծառայության քննիչի: Մինչ քննիչի ժամանելը նրանք հրաժարվում են որեւէ քննչական գործողության մասնակցել:
Երեկ, դեռ 23:15-ի դրությամբ երիտասարդները գտնվում էին ոստիկանության բաժանմունքում: Ոստիկանության բաժին էր եկել նաեւ փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Ոստիկանության բաժնի վարչական շենքի դիմաց երեկ մինչեւ ուշ երեկո հավաքվել էին ՀԱԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, այնտեղ է եղել նաեւ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել