Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՇԱՏ ՀԱՆԳԻՍՏ Է ԼՍԵԼ ՀԱԿ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Օգոստոս 10,2011 00:00

\"\"Օգոստոսի 16-ի նիստում իշխանությունը կներկայացնի իր հակափաստարկներն արտահերթ ընտրությունների անցկացման ՀԱԿ հիմնավորումների վերաբերյալ:

Հայ ազգային կոնգրեսի՝ իշխանության հետ երկխոսության պատվիրակության անդամները կոալիցիայի աշխատանքային խմբի հետ երեկվա հանդիպմանը ներկայացել էին 87 էջանոց բրոշյուրով, որի 18 էջը միայն կազմում է ԱԺ այն 76 պատգամավորների անունների թվարկումը, որոնք Սահմանադրության խախտումով՝ զուգահեռաբար զբաղվում են գործարար գործունեությամբ: Ընդ որում՝ ՀԱԿ պատվիրակությունը հայտարարության մեջ նշել է, որ «բանակցային էթիկայի կանոններից ելնելով՝ չեն ուսումնասիրվել իշխանության պատվիրակ պատգամավորների մասին տվյալները»:
«Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ (փաստաթղթում կիրառված չէ այս բառի փոխարեն Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած նորաբանությունը՝ օրինակարգ.- Ա. Ի.) իշխանության ձեւավորման անհրաժեշտություն» անվանվող այս հայտարարության ընթերցմանը նվիրվել է երեկվա 5 ժամանոց հանդիպման 3 ժամը: Մնացած ընթացքում պայմանավորվել են, թե ինչպես են կազմակերպելու հետագա աշխատանքները՝ մասնավորապես, թե արդյոք կոալիցիային է՞լ պետք է նույնքան ժամանակ տրամադրվի հայտարարությանն իրենց պատասխանը մեկ շաբաթ անց ներկայացնելու համար: Հակափաստարկները հնչելուց հետո նոր անցնելու են քննարկումների:
ՀԱԿ հայտարարության մեջ որպես արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հիմնավորումներ են ներկայացված ինչպես 2008-ի մարտի 1-ի չբացահայտված սպանությունները, զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներին («Գործող նախագահի եւ Ազգային ժողովի ոչ լեգիտիմության վկայություն է նաեւ այն հանգամանքը, որ ո՛չ գործող նախագահը, ո՛չ էլ խորհրդարանն իրենց լիազորությունների շրջանակներում չեն արել ոչինչ՝ այս հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»,- նշված է փաստաթղթում), անկախ դատական իշխանության բացակայությունը, ժողովրդավարական ազատությունների սահմանափակումները եւ մարդու իրավունքների ոտնահարումները եւ այլն:
Մի քանի մեջբերումներ անենք հայտարարության «կեղծված ընտրություններ» ենթաբաժնից: Այստեղ, ինչպես «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում կամ օգոստոսի 2-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում՝ վկայակոչված է, թե 2008 թվականի ընտրությունները կեղծված են ճանաչել նաեւ ՀՅԴ-ի եւ ՕԵԿ թեկնածուները: Հիշատակված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում արձանագրված այն փաստը, որ իրենց վերահսկած ընտրատեղամասերի 16%-ում ընտրություններն անցել են «վատ» կամ «շատ վատ» եւ հավելել են հետեւյալ մեկնաբանությունը. «Եթե անգամ այս 16%-ը տարածենք ողջ հանրապետության վրա (պայմանականորեն համարելով, որ մնացած 84%-ում ընտրություններն իդեալական են անցել) իսկ «վատ» եւ «շատ վատ» գնահատականների տակ դնենք նվազագույն՝ 100-150 կեղծված ձայն, ապա սա միայն բավարար է Սերժ Սարգսյանի ընտրված չլինելը թվաբանորեն փաստելու համար»: Մեջբերումներ կան նաեւ ԱՄՆ պետքարտուղարության 2008թ. Հայաստանին վերաբերող զեկույցներից, որտեղ ընտրությունները գնահատվել են «նշանակալիորեն արատավոր»: Դարձյալ հավելված է մեկնաբանություն. «Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահն այդպես էլ շնորհավորական ուղերձ չհղեց Սերժ Սարգսյանին՝ նկատի ունենալով, անշուշտ, նրա, ըստ էության, ընտրված չլինելու հանգամանքը»: Նաեւ այլ զեկույցներ վկայակոչելուց հետո՝ ՀԱԿ-ը եզրակացնում է. «Արձանագրված փաստերը եւ վերլուծությունները միանշանակ կերպով վկայում են, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել ՀՀ նախագահ՝ համաձայն Սահմանադրության եւ օրինական ընթացակարգերի, ուստի Հայաստանում այս պահին գոյություն չունի ընտրված ու լեգիտիմ նախագահական իշխանություն»:
«Խորհրդարանի ոչ լեգիտիմությունը» ենթաբաժնում, ինչպես արդեն նշեցինք՝ շարադրված են ԱԺ այն պատգամավորների անունները, ովքեր զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Հավելված է, որ «քաղաքական գործունեության եւ ձեռնարկատիրության ակնհայտ եւ ընդգրկուն սերտաճման հետեւանքով Ազգային ժողովը» մասնավորապես «վերածվել է անհատ օլիգարխների, խոշոր բիզնեսի, տնտեսական կլանների ու մոնոպոլիստների շահերի սպասարկմանը ծառայող կառույցի, չի կատարում ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմնի իր հիմնական գործառույթը», «հաշվի առնելով բիզնեսի խիստ վերահսկողությունն ու կախվածությունը գործող իշխանություններից՝ զրկվել է իր բացառապես քաղաքական եւ օրենսդիր բովանդակությունից ու գործադիր իշխանությանը հակակշռելու հնարավորությունից, դարձել է կառավարության կցորդ եւ նրա օրենսդրական նախաձեռնությունների դակիչ», «դարձել է քաղաքական կոռուպցիայի առանցքային կենտրոն»: Ըստ այդմ, ՀԱԿ-ի համոզմամբ՝ խորհրդարանը «թվարկված հիմքերով կորցրել է իր լեգիտիմությունը եւ չի կարող իրականացնել օրենսդիր իշխանության՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները»:
Առանձին ենթաբաժին կա նաեւ ընդհանրապես կոռուպցիայի եւ պետական կառավարման ձախողման մասին, որտեղ, ասենք, արձանագրված է. «Ապօրինի մենաշնորհների վերացման հարցում իշխանությունը կա՛մ անկարող է, կա՛մ իրական ցանկություն չունի։ Երկու դեպքում էլ դա, որպես սահմանադրորեն իր վրա դրված գործառույթների չկատարում, խորացնում է նրա ոչ լեգիտիմությունը»:
Եզրափակման մեջ մասնավորապես նշված է. «Փաստաթղթում բերված փաստերը վկայում են, որ գործող նախագահը չի հետեւում Սահմանադրության պահպանմանը Մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովման տեսակետից, չի կարողանում ապահովել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, ինչի հետեւանքով ջախջախվել է իշխանությունների հակակշռման սահմանադրական մեխանիզմը, գործնականում այլակերպվել են նրանց սահմանադրական գործառույթները։ Առաջացել է իշխանության քաղաքական հիմքով համընդհանուր ոչ լեգիտիմություն»:
ՀԱԿ պատվիրակության անդամ Ֆելիքս Խաչատրյանը «Առավոտին» պատմեց, որ կոալիցիայի ներկայացուցիչներն այս ամենը լսել են «շատ հանգիստ, մտախոհ»:
Մեզ ներկայացնելով իր առաջին տպավորությունը՝ ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մինասյանն ասաց. «Կարծում եմ, փաստաթուղթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին ակնկալում էինք: Իհարկե, միայն լսելով չես կարող խորամուխ լինել փաստաթղթի մանրամասների մեջ: Բայց ակնհայտորեն՝ այնտեղ կան փաստեր, եւ կան հայտարարություններ ու ուղղակի կարծիքներ, որոնց տակը փաստ չկա: Դրանց առանձին վերաբերմունք կարտահայտենք, իսկ փաստերին՝ առանձին վերաբերմունք»:
ՕԵԿ ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը մեր հարցին, թե ՀԱԿ հայտարարության մեջ քննարկման նյութ տեսնո՞ւմ է՝ պատասխանեց. «Բնականաբար, ներկայացված փաստաթուղթը պետք է անպայման քննարկվի: Եվ մենք ի սկզբանե կողմնակից էինք, որ իրենց ներկայացված հիմնավորումները քննարկվեն փուլ առ փուլ: Բայց հետագայում որոշեցինք, որ առաջիկա նիստում ուղղակի կներկայացնենք մեր հակափաստարկները եւ կհիմնավորենք դրանք»: ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն էլ ՀԱԿ հայտարարության կապակցությամբ նշեց, որ «քննարկման նյութ, անշուշտ կա»: Եվ արդեն իսկ ասաց, թե, իհարկե, պատգամավորներն իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ. «Բայց կան շատ օրինակներ, երբ բիզնեսը ղեկավարվում է ոչ ուղիղ եղանակով»: Ըստ այդմ՝ նրա կարծիքով,  ՀԱԿ այդ փաստարկը բավարար չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել