Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ո՞վ է ստում

Օգոստոս 09,2011 00:00

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ հաղորդագրություն է տարածել «Մայր աթո՞ռ, թե՞ մշակույթի նախարարություն. նրանցից մեկն ակնհայտորեն ստում է, իսկ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը կործանվում է աչքի առջեւ» վերնագրով: «Հուլիսի 20-ին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում Մայր աթոռի տեղեկատվական բաժնի տնօրեն Վահրամ Մելիքյանը հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Ժամանակին Վեհափառ հայրապետը դիմում էր կատարել Հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմամշակութային կարեւորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները եւ փոխանցվեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին՝ դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները: Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ցավոք, Մայր աթոռի դիմումն ընթացք չստացավ, եւ որեւէ նախագիծ առ այսօր Մայր աթոռին չի փոխանցվել»: Այս հայտարարության առնչությամբ «Չենք լռելուն» խնդրանքով դիմել էր մշակույթի նախարարությանը, ում ենթակայության տակ է գտնվում Հուշարձանների պահպանության գործակալությունը, պարզել կաթողիկոսի խնդրանքը եւ այն ժամանակվա նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառը: Օգոստոսի 5-ին մշակույթի նախարարությունը տարածել է այս հաղորդագրությունը. «Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Միքայելյանի՝ մամուլին արված այն հայտարարության առնչությամբ, թե դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն, որպեսզի «…պատմամշակութային կարեւորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները փոխանցվեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածին…», հայտնում ենք, որ նշյալի վերաբերյալ որեւէ գրություն կամ գրավոր հանձնարարական չի եղել»: «Չենք լռելուն» հայտարարում է. «Ակնհայտ է, որ կա՛մ մշակույթի նախարարությունը, կա՛մ Մայր աթոռի ներկայացուցիչն ակնհայտորեն ստում է՝ հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման հարցին նայելով մատների արանքով»:
Նախաձեռնությունը ներկայացնում է նաեւ տեսանյութ, որտեղ երեւում է պատմամշակութային հուշարձանների անմխիթար վիճակը՝ https://www.
youtube.com/watch?v=ZI725Ay3rKw:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել