Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ

Օգոստոս 09,2011 00:00

Art politikus

Ա
Եվ կա մի երկիր մատնված սովի,
Որտեղ արեւը ելնում է ծովից
Ու մայր է մտնում հորիզոններում:
Նրա երկնքում կան ծխոտ ամպեր
Եվ քնքշության մեջ՝ արցունքներ թովիչ:
Հիմա չեմ կարող հաշվել մտովի
Այն տաճարները, որ աներկրային
Աղոթքներ են հար առաքում Աստծուն:
Այդ երկիրը, որ ուներ իմաստուն
Եվ խորհրդավոր այրեր բյուրավոր,
Այսօր ապրում է մտքեր մուրալով,
Իսկ վաղը պիտի դառնա կորուսյալ,
Թե շարունակի մեզ իշխել Ռուսիան:
Բ
Ասպատակվում ենք՝ գաղթում ենք հոգով,
Այլակերպվում ենք՝ դառնում մեզ օտար,
Վարկեր ենք առնում տոկոս առ տոկոս,
Որ սերունդներին թողնենք ի կտակ,
Որպեսզի նրանք լինեն վարձակալ
Իրենց սեփական հայրենի հողում:
Այսպես՝ տալիս ենք գույք պարտքի դիմաց
Եվ ջրահեղձի նման փրփուրից
Փորձում ենք հուսալ փրկության եզերք,
Քանզի նավավար չունենք բանիմաց:
Այսպիսի օրեր երբեք չի տեսել
Ոչ մի ժողովուրդ հաղթանակ տարած,
Ինչպիսին մենք ենք՝ այսօր զոհ դառած:
Գ
Մնում է միայն խորհել մի վայրկյան՝
Դեպի ո՞ւր գնալ, ո՞ւմ դառնալ գերի,-
Նրանց, որ կուզեն մեր ցեղը հայկյան
Բնաջինջ անել ու տալ հողմերին,
Թե՞ ապավինել ներքին թուրքերին,
Որ նույն նվաստն են եւ նույնքան անարգ,
Որ քառասուն պորտ թուրք են ավելի,
Քան բազմադարյան ախոյանը մեր:
Այս դրության մեջ անելանելի,
Եվ անառաջնորդ այս երկրում անզոր,
Ինչպե՞ս անծանոթ ուժերին դիմել,
Որ մեր փոխարեն ճգնեն հասկանալ
Մեռնել-ապրելու խնդիրը այսօր:
Դ
Ուրեմն, ելնենք մաքառման ճամփա
Եվ անսանք խոսքին մեր նախնիների՝
Ազատվենք դավից անմիտ ու անբան
Եվ ամբարտավան այս նախնիների:
Տառապյալների մեր երթը անդարձ
Թող քայլի դեպի հաղթական ավարտ,
Երթա աննահանջ եւ անտարակույս,-
Խեղճին ներշնչի ապրելու հավատ
Եվ կեղեքվածին՝ վերապրելու հույս,
Որ հեռու մեկնած մարդիկ տարագիր
Կարոտով դառնան հայրենի երկիր,
Եվ վերածնվի ազգային ոգին՝
Արագած լեռան ծաղկավառ գոգին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել