Լրահոս
Օրվա լրահոսը

Եղբորը սպանողը համաներմամբ ազատ է արձակվել

Օգոստոս 09,2011 00:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարելով փաստաբան Ռուբեն Հակոբյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ  համաներում կիրառելու միջնորդությունը, Վանաձորի Սիվաշավան ավանի բնակիչ Արայիկ Գրիգորյանին  ազատել է պատիժը կրելուց:
26-ամյա Արայիկ  Գրիգորյանն այս տարվա մայիսի 26-ին 3 տարվա ազատազրկման էր ենթարկվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ կրտսեր եղբորը կյանքից զրկելու  համար:
Սիվաշավանի բնակչին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօրի 104 հոդվածի առաջին մասով, այն է՝ «սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»:
Սակայն դատարանը որոշում էր կայացրել վերաորակել այն ՀՀ քրօրի 105 հոդվածի առաջին մասով՝ գտնելով, որ դիտավորյալ սպանություն տեղի չի ունեցել, այլ հանցագործությունը կատարելիս անձը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:
«Իմ պաշտպանյալը շուրջ 1 տարի 5 ամիս մնաց կալանքի տակ՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում: Բողոքներ չունենք, կալանքը օրինաչափ էր, մեր խնդիրը արարքի որակման հետ էր կապված: Դա էլ վերաորակվեց»,- ասում է պաշտպան Ռուբեն Հակոբյանը:
Վերջերս էլ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը՝ կապված արարքի վերաորակման հետ:
«Ցանկանում էին, որ վերաքննիչ դատարանը արարքը վերաորակի ՀՀ քրօրի 104 հոդվածի առաջին մասով,  սակայն բողոքը մերժվեց, եւ  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մնաց անփոփոխ: Վճռաբեկ բողոք դեռեւս չի բերվել»,- տեղեկացնում է փաստաբանը:
«Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ արձակվածների թիվը 18-ն է, պատժաչափի կրճատում էլ ստացել է 14 դատապարտյալ:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել