Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԶԱՐԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ՍՈՎԻ՞ ԵՆ ՄԱՏՆՎԵԼՈՒ

Օգոստոս 09,2011 00:00

\"\"Քաղաքապետարանը ֆայլաբազարցիներին, առեւտրականներին տեղավորեց, կոշկակարները, ժամագործներն ու թերթավաճառները մնացին օդում:

Այս օրերին քաղաքապետարանը հերթով ապամոնտաժում է մայրաքաղաքի այն բոլոր կրպակները, տաղավարները, որոնք անօրինական են կամ ժամանակին տեղադրված են եղել սխալ որոշումներով, քաղաքաշինական նորմերի խախտումներով, եւ որոնց պայմանագրերի ժամկետն արդեն ավարտվել է: Առաջին հայացքից քաղաքապետարանի այս նախաձեռնությունը ողջունելի է այն առումով, որ վերջապես քաղաքը կմաքրվի, ինչպես խոստանում են՝ այդ տաղավարների տարածքում, որտեղ նախկինում կանաչ գոտի է եղել, նորից ծառեր կտնկվեն, քաղաքը նորից թթվածին կունենա, ու քիչ-քիչ գուցե ասֆալտները նորից դառնան այգիներ: Բայց մյուս կողմից հարց է առաջանում՝ քաղաքապետարանը ո՞ւր է տանելու մեր կոշկակարներին, ժամագործներին, թերթավաճառներին, որոնք բազմաբնակարան շենքերի բակերում, մայթերին, «դալաններում» իրեց արհեստով, գլուխը կախ օրվա հացի փող էին վաստակում: Մեր տեղեկություններով՝ ապամոնտաժման ենթակա է մայրաքաղաքի մոտ 3000 կրպակ: Իսկ դա նշանակում է, որ եւս 3000 ընտանիք սովի է մատնվելու, դառնալու է գործազուրկ: Կա՞ այսօր Հայաստանում 3000 աշխատատեղ՝ կոշկակարի, ժամագործի ու նման արհեստավորների համար: Երբ բացօթյա առեւտուրն արգելվեց, քաղաքապետարանն ուներ պատասխան՝ «նրանց համար ստեղծվել են քաղաքակիրթ առեւտրի պայմաններ՝ շուկաներ, թող գնան, շուկայում իրենց ապրանքը վաճառեն»: Բայց հիմա այս արհեստավորների համար քաղաքապետարանը ոչ մի այլընտրանք չի տալիս, այլ կերպ ասած՝ մարդկանց ուղարկում է հարկադիր պարապուրդի, դարձնում է հարկադիր միգրանտ՝ առանց հաշվի առնելու, որ մեր երկիրը, մեր տնտեսությունը պատրաստ չի այդ որոշմանը: Գործազրկության այսքան բարձր ցուցանիշներ ունեցող մեր երկրում, փաստորեն, զբաղվածության հարցերը լուծելու փոխարեն իշխանությունը գործազրկության նոր ալիք է բարձրացնում:
Օրերս քաղաքապետարանի վերը նշված որոշման շրջանակներում ապամոնտաժվել է Խորենացու 40 հասցեում գտնվող մի կոշկակարանոց, որը պատկանում էր Հարությունյան Գեւորգ անունով մի մարդու: Այդ կոշկակարանոցը 20 տարուց ավելի եղել է Գումի շուկայի «մսի պասաժ» կոչվող հատվածում՝ «Չինարի» շենքի մոտ, ոչ մեկին չի խանգարել: Ավելին, մինչեւ վերջերս կոշկակարը իր կրպակի սեփականաշնորհման վկայականով կատարել է անհրաժեշտ բոլոր մուծումները՝ ամսական մոտ 30 հազար դրամի հարկ է վճարել: Իսկ սեփականաշնորհման վկայականը նրան տվել են դեռեւս սովետի ժամանակ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչությունը: Բայց, փաստորեն, հիմա քաղաքապետարանը գտնում է, որ այդ վարչությունը սխալ է արել, ծանուցագիր է ուղարկել կոշկակարին, թե «կրպակը չունի օրինականությունը հաստատող փաստաթղթեր, ուստի 3-օրյա ժամկետում այն ենթակա է ապամոնտաժման»: «Առավոտի» խմբագրություն եկած կոշկակարը խնդրում էր քաղաքապետարանից ճշտել՝ «Իմ տարիքի մարդու համար այսօր կա՞ աշխատատեղ: Ես արդեն 60-ն անց եմ, ամբողջ կյանքում կոշիկ եմ սարքել, իմ ընտանիքում ոչ մեկը չի աշխատում, տուն պահողը ես եմ, հիմա ես ո՞ւր գնամ: Թող ասեն մի տեղ՝ ես կրպակը կտանեմ, իրենց ասած տեղը կդնեմ, կաշխատեմ, եթե ուզում են՝ այն տեսքի կբերեմ, որ քաղաքի դեմքը չփչանա, ինչ ուզում են՝ կանեմ,  բայց ընտանիքներն այսպես օդի մեջ թողնելը անհասկանալի է: Ինձ համար հիմնավորում չէ իրենց ծանուցագիրը, եթե անօրինական էր, բա տարիներ շարունակ այդ նույն փատաթղթերով ինչի՞ էին մուծումներս ընդունում»:
Քաղաքապետարանից «Առավոտին» պարզաբանել են, որ այս տարվա ընթացքում Երեւան քաղաքի տարածքում ապամոնտաժվել է մոտ 900 կրպակ, տաղավար եւ ժամանակավոր այլ շինություն: Բայց թե քանիսն են դեռ ենթակա ապամոնտաժման՝ քաղաքապետարանից հայտնեցին, որ ներկայումս քաղաքապետի հանձնարարությամբ դեռ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից ընթանում են գույքագրման աշխատանքներ, որի հիման վրա մինչեւ օգոստոսի 15-ը պետք է ներկայացվեն ապամոնտաժումների փուլային ժամանակացույցեր:

Հ. Գ. Երեկ մի խումբ կրպակատերեր քաղաքապետարանի առաջ կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել՝ նշելով, որ իրենց կրպակների ապամոնտաժումը օրենքի տեսանկյունից բավարար հիմնավորված չէ: Ցուցարարներին էին միացել ԱԺ «Ժառանգութուն» խմբակցության պատգամավորները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել