Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԵՐԿԽՈՍՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոս 09,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ այսօր կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվի արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Հիշեցնենք, որ երկխոսության օրակարգում երկու հարց է ընդգրկված՝ լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, որն առաջարկել է ՀԱԿ-ը եւ ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցության կանոնների ձեւավորում, որը կոալիցիոն պատվիրակության նախաձեռնությունն է:
Ակնկալվում է, որ թվով արդեն չորրորդ հանդիպման ընթացքում ՀԱԿ պատվիրակության անդամները կներկայացնեն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ իրենց առաջարկություններն ու հիմնավորումները:
«Ազատություն» ռ/կ-ն երեկ հիշեցրել է ՀԱԿ համակարգող եւ Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ավելի վաղ արած հայտարարությունը, որ «եթե արտահերթ ընտրությունների համաձայնություն չլինի, կլինի առճակատում»:
Իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն «Ազատություն» ռ/կ-ին երեկ տեղեկացրել է, թե իշխանական պատվիրակությունը ընդդիմության բարձրացրած հարցի վերաբերյալ իր մոտեցումն ունի եւ այն հետեւյալն է. արտահերթ ընտրությունների համար ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ սոցիալական որեւէ հիմք չկա: Նրան չի մտահոգել, որ հակադիր տեսակետների առկայության պարագայում երկխոսությունը կարող է փակուղի մտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել