Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԸ՝ ՄԻՄՅԱՆՑ ՄԱՍԻՆ

Օգոստոս 09,2011 00:00

ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանը օգոստոսի 5-ին «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցը՝ «Երկխոսության փաստի, Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի հետ կապված քննադատություններ հնչում են ոչ միայն քաղաքական դաշտի այն հատվածից, որը սովորաբար քննադատաբար է հանդես գալիս ՀԱԿ-ի հասցեին, այլեւ ձեր նախկին զինակիցներից, մասնավորապես՝ հայտնի է նախկին արտգործնախարար…» կիսատ էր թողել հետեւյալ դիտարկմամբ. «Գիտեք, Սերժ Սարգսյանն էլ է մեր նախկին զինակիցը, հետո՞ ինչ»: Լրագրողը դարձյալ նշել էր, թե խոսում է Ալեքսանդր Արզումանյանի մասին, որը «Ֆեյսբուքում» խիստ քննադատությամբ էր արձագանքել ՀԱԿ առաջնորդի օգոստոսի 2-ի ելույթին: «Ես «Ֆեյսբուքում» չկամ եւ ծանոթ չեմ այդ քննադատությանը,- պատասխանել էր պրն Շահնազարյանը:- Մի բան ասեմ ուղղակի: Հարցն իհարկե ձեր ասած անձանց չի վերաբերում: Ընդհանուր առմամբ՝ սա լրիվ նոր երեւույթ է,  եւ թե՛ իշխանության մեջ մեծ քանակությամբ մարդիկ կան, թե՛ քաղաքագետ ու վերլուծաբաններ կան, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ ինչպես դասականներն էին ասում՝ մարդիկ ամենաշատը վախենում են անհասկանալի բաներից: Ոչի՛նչ, կամաց-կամաց կսովորեն»:
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ այս զուգահեռին՝ Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Այդ համեմատությունը թողնում եմ պրն Շահնազարյանի խղճին: Ես բոլոր նրանց, ովքեր պայքարում են ավազակապետության դեմ՝ համարում եմ իմ զինակիցները: Անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, կամ այս պահին մեր դիրքորոշումները համապատասխանում են միմյանց, թե չէ՝ եթե մարդը պայքարում է ռեժիմի դեմ, նա իմ զինակիցն է: Իսկ եթե որոշ մարդիկ բարդույթներ ունեն՝ այդ բարդույթները թող իրենց մեջ պահեն եւ հրապարակային քննարկումներով չզբաղվեն: Մենք շատ ավելի լուրջ անելիքներ ունենք՝ մեր երկիրը կարգի բերելը, սահմանադրական կարգը հաստատելը: Եթե ուրիշ անելիք չունեն ընդդիմադիր մեր ընկերները՝ նրանց խորհուրդ կտայի լծվել գործի եւ ոչ թե քննարկել ընդդիմադիր դաշտի այլ գործիչների գործունեությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել