«ԿԳԲ-ի» մայորը համագործակցել է մարմնավաճառի հետ
Անցյալ տարվա նոյեմբերի 18-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի դատախազը ստացավ Էջմիածնի բնակչուհի, մարմնավաճառությամբ զբաղվող Մելանյա Մ.-ի դիմումը: Դիմումատուն գրում էր, որ նախորդ օրը պատահական ծանոթացել է Գեւորգ անունով մի երիտասարդի հետ, ով իրեն հրավիրել է Հարավ-արեւմտյան զանգվածի Բ-1 թաղամասում գտնվող «Աղավնի» հյուրանոց եւ փորձել է իր նկատմամբ կատարել «սեռական հարաբերությանն ուղղված բռնի գործողություններ»: Մելանյա Մ.-ն նաեւ նշել էր, որ հյուրանոցից դիմել է փախոււստի:
Նա ցուցադրել էր անգամ իր մարմնի վրա եղած «ճանկռվածքները», ներկայացրել զուգագուլպաները, բջջային հեռախոսը, ուր արձանագրվել էր իր եւ Էջմիածնի բնակիչ Գեւորգ Մկրտչյանի հեռախոսային խոսակցությունը:
Նյութերի նախապատրաստական փուլում դատաբժիշկները բռնաբարության փորձի մասին հետեւություններ չկարողացան անել, քանի որ մարմնավաճառը հրաժարվել է փորձաքննությունից եւ 1 օր անց է պատմել եղելությունը: Պարզվեց, որ բռնաբարության ձախողված փորձի «սցենարը» մշակել է ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր, մայոր Արայիկ Անտոնյանը: Գործին խառնվեց ՀՔԾ-ն, որն էլ նոյեմբերի 25-ին հարուցեց քրեական գործ:
Մարմնավաճառը հասցրեց Արայիկ Անտոնյանի գնած տոմսով թռչել ՌԴ՝ Մոսկվա:
ԱԱԾ օպերլիազորն իրեն մեղավոր ճանաչեց եւ խոստովանական ցուցմունքներ տվեց: Նա ասել է, որ տեղյակ է եղել, որ Գեւորգ Մկրտչյանը մեկ այլ գործով տուժող է ճանաչվել եւ նրան պետք է փոխհատուցեին 3 մլն դրամ: Մեկ այլ գործը կապված էր Էջմիածնի «Ատաման» մականունով հայտնի Արմեն Հովսեփյանի որդու՝ Աբելի հետ, ում մեքենային հանդգնել էր վազանց անել շարքային մահկանացու Գեւորգը: Աբել Հովսեփյանը իջել էր մեքենայից ու բռունցքով ջարդել Մկրտչյանի դեմքը, վնասել աչքը, ինչի հետեւանքով Գեւորգը ստիպված վիրահատվել էր՝ կորցնելով տեսողությունը: Ըստ գործի նյութերի, ԱԱԾ մայորն ասել էր, որ Արմեն Հովսեփյանին օգտակար լինելու նկատառումներով հանդիպել է Մելանյա Մ.-ին, ապա «ծառայողական դիրքից բխող հովանավորչություն խոստացել, դրդել է խաբեությամբ նրան ներգրավել ինտիմ փոխհարաբերությունների մեջ, արհեստականորեն ստեղծել բռնաբարության կամ բռնաբարության փորձի սադրանք, դրդել էր, որ Մելանյան սուտ մատնությամբ հայտարարություն տա դատախազությունում կամ ոստիկանության բաժնում»: Հաջող ավարտից հետո խոստացել էր նաեւ գումար:
Ուշադրության արժանի է այն, որ ոստիկանությունը Մելանյայի հայտարարությունը չի ընդունել, բավարարվել է բանավոր հարցուփորձով: Մելանյայի հետ կապվելով, իմանալով, որ ոստիկանությունը հայտարարությունը չի ընդունում, ԱԱԾ մայորը նրան տրամադրում է «Ռանջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որը «պատահական զուգադիպությամբ» վարում էր Այգեշատի գյուղապետը՝ Ռոբերտ Հովսեփյանը, նույն «Ատամանի» եղբայրը:Այս մեքենայով Մելանյա Մ.-ն գնում է դատախազություն՝ հայտարարություն տալու:
Երեկ Գեւորգ Մկրտչյանը մեզ հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանը, Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, արագացված դատաքննությամբ մայորի համար վերջնական պատիժ է նշանակել 2 տարվա ազատազրկումը: Ի դեպ, խաբելով տուժողին, դատարանը չի ասում, որ արագացված դատաքննության ժամանակ պատժաչափը քչանում է:
Դատարանը վճռել է 2 մանկահասակ երեխաների հոր՝ Գեւորգ Մկրտչյանին Արայիկ Անտոնյանի կողմից հասցված 1.500000 դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջը թողնել առանց քննության: Արայիկ Անտոնյանը դատավճիռը բողոքարկել էր, ինչը վերաքննիչ դատարանում արդեն այսպիսի բովանդակություն ուներ. «Տեղեկանալով Գեւորգ Մկրտչյանի շորթման հակումների մասին, իմ գործողությունները չեն հետապնդել Գեւորգ Մկրտչյանին ծանր հանցագործության մեջ մեղադրել, այլ Մելանյային փորձել եմ ծառայության հետ համագործակցելու նպատակով ներգրավելու համար պիտանի լինելու, ավելի կոնկրետ՝ անկեղծությունը պարզելու հանգամանքը»: Ասել է թե՝ մի ձեռքով երկու ձմերուկ վերցնել:
ԱԱԾ մայորը նշել է նաեւ իրենց համակարգի «նրբությունների, բարդությունների» եւ աշխատողների կարգավիճակի մասին: Վերաքննիչ դատարանը, Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, համաներում է կիրառել, եւ օպերլիազորն ազատվել է պատժից: Գ. Մկրտչյանը, որը փաստաբան չունի՝ անվճարունակ լինելու պատճառով, մտադիր է դիմել ՀՀ վճռաբեկ դատարան: