Այս պայմաններում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անկեղծ չի համարում ընտրությունների օրինականությանը միտված նրանց առաջարկած միջոցառումների փաթեթը:
– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ ՀԱԿ-ն իշխանության հետ բանակցության օրակարգում ներառել է ընտրությունների օրինականության ապահովման մի փաթեթ, որում առաջարկվող լուծումները գերազանցապես կրկնում են այն ամենը, ինչ առաջարկում էին ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»՝ անցնել ամբողջովին համամասնական ընտրակարգի, հրապարակել քվեարկության մասնակիցների կողմից ստորագրված ընտրացուցակները, տեսագրել ձայների հաշվարկման ու արդյունքների ամփոփման ողջ ընթացքը եւ այլն:
– Պարզ գնահատական կարող եմ տալ՝ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ երկու կողմն էլ ազնիվ չեն. առավելապես Հայ ազգային կոնգրեսն անկեղծ չէ, եւ ամենեւին նպատակ չունի իրականում ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնել՝ հակառակ դեպքում առնվազն կպաշտպաներ խորհրդարանական ընդդիմության համանման առաջարկները, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Ընտրական օրենսգրքի» նախագիծը: Ավելի՛ն, երբ միջազգային կազմակերպությունները Հայաստանում քննարկումներ էին անցկացնում այս թեմայով՝ ՀԱԿ-ը ոչ միայն համեստորեն լռում էր, այլ նույնիսկ հանդես էր գալիս ընդդեմ խորհրդարանական ընդդիմության առաջարկների:
– Բայց ՀԱԿ-ն այն ժամանակ էլ հայտարարեց, թե կողմ են մատերի թանաքոտմանը, մեծամասնական ընտրակարգի բացառմանը եւ այլն: Ուրեմն, ինչպե՞ս չեն աջակցել:
– Շատ պարզ ձեւով չաջակցեցին՝ փորձեցին նսեմացնել այդ գործընթացը: Հիշեցնեմ, որ 2010 թ հոկտեմբերի 22-ին Կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ, թե «Գործող, անգամ պակասավոր, Օրենսգրքով կարելի էր անցկացնել լիակատար արդար ու թափանցիկ ընտրություն»: Այսպիսով փորձ էր արվում մղել իրավական նիհիլիզմի դաշտ՝ հայտարարելով, թե «Ընտրական օրենսգրքում» որեւէ փոփոխություն էական չէ ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Նաեւ հայտարարել էին, թե ցանկացած քաղաքական ուժ «մտնելով այս քննարկման մեջ՝ ակամա մասնակից կդառնա վարչախմբի գործած՝ ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակելուն»։ Դրանով իսկ խորհրդարանական ընդդիմությանն էին փաստորեն մեղադրում իբր թե ձեւական գործընթացի եւ շղարշ ստեղծելու մասնակից դառնալու մեջ:
– Այնուամենայնիվ, ընտրական փաթեթի կարծեմ միայն մի դրույթի վերաբերյալ էին ՀԱԿ-ի եւ ԱԺ ընդդիմության տեսակետները տրամագծորեն հակադիր: ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» դեմ էին, որ կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովների ձեւավորվեն պետության կողմից:
– Այն, ինչ Կոնգրեսն անվանում է «պետության կողմից ձեւավորում», այսօր հենց այդպես էլ ձեւավորված են առնվազն կենտրոնական եւ ընտրատարածքային հանձնաժողովները, իսկ տեղամասային հանձնաժողովները փորձ է արվել լղոզել՝ քաղաքական ուժերի միջեւ բաժանելով առանձին տեղերը: Խորհրդարանական ընդդիմությունը շատ հստակ խնդիր էր առաջադրում՝ մեզ պետք է, որ ընտրական հանձնաժողովների կողմից կայացվող որոշումները լինեն անաչառ: Այդ խնդիրը լուծելու երկու հնարավոր ճանապարհ կա, եւ միջազգային փորձն էլ դա է վկայում՝ կա՛մ հանձնաժողովները կազմավորվում են իշխանության եւ ընդդիմության 50/50 հարաբերակցությամբ՝ ի սկզբանե հավասարակշռելով որոշումները, կա՛մ էլ պատասխանատվությունն ամբողջությամբ վերապահվում է իշխանությունը, բայց ընդդիմությունն է ստանձնում վերահսկողական ու բողոքարկման արդյունավետ համակարգեր:
– «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը վերջերս իր բլոգում գրել է, թե այն, որ ՀԱԿ-ը շարունակում է պահանջել նաեւ ստորադաս հանձնաժողովների ձեւավորումը պետության կողմիցե, կարող է ունենալ նաեւ հետեւյալ բացատրությունը՝ «ՀԱԿ-ը բավարարված չէ, որ խորհրդարանական ընդդիմությունից խլվել են միայն վերին երկու մակարդակի հանձնաժողովների տեղերը, սակայն թողնվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ ունենալու հնարավորությունը»: Ձեր կարծիքով, այդ պահանջը պնդելն իրոք կարելի՞ է դիտարկել տվյալ համատեքստում:
– Դատելով երկխոսության կոնգրեսական մտածողությունից՝ կարող է եւ դա իրական լինել, քանի որ եթե գնում են բանակցությունների եւ այնուհետեւ վերջնական գործարքի փուլում պետք է ակնկալեն խորհրդարանում որոշակի տեղեր՝ բնականաբար, նրանց ձեռնտու է, որ բանակցությունների մեջ մտնեն մեկ մարմնի, այն է՝ իշխանության հետ, ու վստահաբար ունենան այդ տեղերը: Այդպիսի տեղեր կարող են երաշխավորել նաեւ ընտրական հանձնաժողովները, եթե կազմակերպեն ընտրություններն այնպես, ինչպես կազմակերպել են միշտ, այսինքն՝ ընտրախախտումների վրա աչք փակելով կամ առնվազն նաեւ խրախուսելով այդ խախտումները: Եթե ՀԱԿ-ի մտադրությունն այդպիսին է, ապա՝ այո՛, պարոն Սաֆարյանի հայտնածն իրական մտահոգություն է:
– Օգոստոսի 2-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Քանի դեռ ընտրացուցակները չեն համապատասխանեցվել ընտրողների իրական թվին, Հայաստանում երբեւէ օրինական ընտրություններ չեն կարող տեղի ունենալ, եւ լեգիտիմ իշխանություն չի կարող ձեւավորվել։ Հարցերի հարցն, ըստ այդմ, ընտրացուցակների մաքրումն է շուրջ 500 000 ավելորդ անուններից»: Ո՞վ պետք է իրականացնի այդ մաքրումը, գուցե այստեղ դեր ունեն ընտրողների ակտիվացմանը միտված շարժումնե՞րը:
– Սա եւս կար մեջ առաջարկների մեջ: Ինձ թվում է, քանի որ Կոնգրեսում այնպիսի դերակատարներ կան, որոնք մասնակցել են Հայաստանում ընտրությունների կեղծման «վարպետության դասերին»՝ նրանք շատ լավ հասկանում են, որ ընտրացուցակներն են այն հիմնական մեխերը, որոնք կարող են բացահայտել ընտրակեղծարարների իրական նպատակներն ու գործողությունները: Բայց եթե նրանք նման բացահայտումների ցանկություն ունեն, ապա առնվազն տարօրինակ է, որ Կոնգրեսը չի միանում «Քվեն ուժ է» շարժմանը կամ չի նախաձեռնում այլընտրանքային մի մեխանիզմ, որով հնարավոր կլինի հսկողություն կապահովել ընտրությունների բուն գործընթացի վրա, մասնավորապես՝ հնարավորություն չտալով Հայաստանից բացակայող ընտրողներին «քվեարկել» այդ օրը, իսկ ավելի ստույգ՝ նրանց փոխարեն այլ անձանց կողմից իրականացնել ընտրական գործընթացներ:
– Իսկ ընդհանրապես ներկա պայմաններում, երբ արդեն իսկ ընդունվել են «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները եւ բարձր գնահատական են ստացել եվրոպական կառույցների կողմից՝ նոր փոփոխությունների հնարավորությունը որքա՞ն հավանական եք համարում:
– Հավանականությունը գնահատում եմ շատ ցածր, եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ իշխանությունն ամեն գնով փորձելու է պահպանել իր ռեսուրսները՝ օրենսդրորեն ապահովված ընտրակեղծարարության շրջանակում: Բայց մյուս կողմից՝ իրական եմ համարում հնարավորությունը, եթե այս երկխոսությունը տեղափոխվի դեպի գործարքի պայմանների ճշգրտման հարցեր: Մասնավորապես՝ իշխանությունը կարող է գնալ այդ փոփոխությունների, եթե Կոնգրեսը ավելի սուր ձեւով պնդի պահանջներից 1-2-ը՝ նպատակ ունենալով տեղեր ունենալ ԱԺ-ում եւ դերակատար լինել իշխանության ոչ ազգային քաղաքականությանն աջակցության հարցում: