2008թ. ռուս-վրացական պատերազմը գնահատելով՝ ասաց վրաց վերլուծաբանը
Երեք տարի առաջ՝ 2008-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, վրացական եւ հարավօսեթական զինված ուժերի միջեւ տեղի ունեցած բախումը շատ կարճ ժամանակահատվածում վերաճեց ռուս-վրացական հնգօրյա պատերազմի, որը երկու երկրների միջեւ, արդեն դիվանագիտական ճակատում, շարունակվում է մինչ օրս:
Երեկ «Առավոտը» «Հակամարտությունների եւ բանակցությունների միջազգային կենտրոնի» ղեկավար, վրաց քաղաքագետ ու վերլուծաբան Գեորգի Խուցիշվիլիի հետ զրուցեց մասնավորապես 5-օրյա պատերազմից հետո փակուղի մտած ռուս-վրացական հարաբերությունների շուրջ: «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունի լուրջ խնդիր, եւ դա կայանում է նրանում, որ անկախ այն բանից, թե ո՞վ է սադրել կամ սկսել ռուս-վրացական պատերազմը, ինչպե՞ս է այն ընթացել՝ դա, բոլոր դեպքերում, Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիայի ակտ էր եւ հակամարտության սահմաններից դուրս գտնվող ինքնիշխան Վրաստանի տարածք ներխուժելու փաստ: Որեւէ բացատրություն, թե Ռուսաստանը, իբր, պաշտպանում էր Հարավային Օսեթիայի բնակչությանը՝ արդարացված չէ, քանի որ այդ տարածաշրջանի սահմաններից անդին՝ Վրաստանի տարածքի մեկ երրորդը գրավված էր ռուսական տանկերի կողմից, ինչի անհրաժեշտությունը ռազմական տեսանկյունից բացարձակապես չկար: Ռուս-վրացական հարաբերությունների մասին խոսելիս սկսել պետք է այստեղից: Հարավային Օսեթիայի բնակչության անվտանգությունն ապահովելու համար ամենեւին էլ պարտադիր չէր անել այն, ինչ արեց Ռուսաստանը: Այսինքն, ՌԴ գործողությունները միանշանակ ագրեսիայի դրսեւորում էին: Արդյունքում մենք ունենք լուրջ խնդիր՝ գրավված տարածքներ: Այդ համատեքստում էլ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունի մեծագույն եւ չլուծված խնդիր, բայց եթե հարց առաջանա՝ ինչպե՞ս հաղթահարել այդ խնդիրը եւ ինչպե՞ս ապրել այսուհետ՝ ապա, ըստ իս, շատ բան է պետք անել երկու երկրների միջեւ երկխոսություն ծավալելու՝ առկա չլուծված խնդիրները լուծելու համար»,- արձանագրեց Խուցիշվիլին՝ միաժամանակ հավելելով, թե դա երբեք տեղի չի ունենա, քանի որ մի կողմից՝ Ռուսաստանի առաջնորդներ Մեդվեդեւի եւ Պեւտինի, մյուս կողմից՝ Սահակաշվիլիի միմյանց հետ խոսել չկարողանալու պատճառով փակուղային իրավիճակ է ստեղծվել: «Ստացվում է, որ օբյեկտիվորեն ռուս-վրացական հարաբերությունները ինչ-որ ուղղությամբ զարգանալ կարող են միայն այն բանից հետո, երբ այդ երկրներում փոխվեն առաջնորդները»,- նկատեց վրաց քաղաքագետը:
Բայց արդյոք Մոսկվայում ու Թբիլիսիում առաջնորդների փոփոխության դեպքում հնարավո՞ր է, որ մեծապետական հավակնություններ ունեցող այդ երկիրը հրաժարվի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի նկատմամբ հավակնություններից: «Մոտ ապագայում դա դժվար թե իրագործելի խնդիր է, եւ դժվար թե արժե սպասել, որ Ռուսաստանը ապագայում չեղյալ կհամարի այդ տարածքների անկախությունը ճանաչելու՝ 2008թ. օգոստոսի 26-ի իր որոշումը: Բայց բոլոր դեպքերում, պոզիտիվ երկխոսության ծավալման պարագայում, եթե լինեն առաջնորդներ, որոնք տրամադրված կլինեն երկխոսություն ծավալել, եւ եթե այդ երկխոսությունն արդյունավետ լինի, կարելի կլինի մտածել նաեւ ռուս-վրացական հարաբերությունները վերականգնելու մասին: Ես ապագայում, երբեւէ այդ հնարավորությունը չեմ բացառում, իսկ մոտ ապագայում՝ բացառում եմ, որովհետեւ Ռուսաստանն ու Վրաստանը գտնվում են հակադրության այնպիսի մակարդակում, երբ Ռուսաստանի համար բացարձակապես անիմաստ է վերանայել իր որոշումը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի նկատմամբ: Ռուսաստանը դա կանի մի դեպքում, եթե Վրաստանը դառնա իր վասալը, այսինքն՝ ամբողջապես եւ փաստացի առաջարկի իր ծառայությունը Ռուսաստանին՝ Վրաստանի տարածքում ռազմական բազաներ տեղակայի, միջազգային ոլորտում լինի ՌԴ, այսպես ասած, ներկայացուցիչը, փոխի իր արեւմտյան կողմնորոշումը եւ ԱՄՆ-ի ու աշխարհի հետ իր հարաբերությունները կառուցի Ռուսաստանի միջոցով: Իսկ դա փաստացի կնշանակի՝ Վրաստանի անկախության կորուստ: Կարծում եմ, միայն այդ դեպքում Ռուսաստանը կվերանայի իր վերաբերմունքը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի նկատմամբ»:
Այսինքն, դա ըստ էության անիրագործելի խնդիր է: Մեր այս դիտարկմանը Խուցիշվիլին այսպես արձագանքեց. «Այո: Կարծում եմ՝ անիրագործելի է, բայց չնայած դրան Վրաստանը պետք է կառուցի իր հարաբերությունները հարեւանների հետ՝ նույն Ռուսաստանի, եթե նա անգամ չհրաժարվի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի նկատմամբ իր հավակնություններից, ապա գոնե նպաստի Թբիլիսիի եւ այդ տարածաշրջանների միջեւ վստահության ձեւավորմանը: Ապագայի իմաստով կարելի է այնպես անել, որ մշտապես գտնվենք փակուղային իրավիճակում, բայցեւ անել այնպես, որ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ ստեղծվեն թեկուզ տնտեսական հարաբերություններ, որին Ռուսաստանը չի միջամտի: Կարծում եմ, դա աստիճանաբար, բայց կարող է նպաստել ռուս-վրացական հարաբերությունների նորմալացմանը: Դա, իհարկե, շատ երկարատեւ գործընթաց է, որին պետք է պատրաստ լինել: Չեմ բացառում, որ երկու երկրներում էլ առաջնորդների փոփոխության եւ պատմական ինչ-որ զարգացումների դեպքում դա հնարավոր է անել: Չեմ կարծում, թե իրավիճակն այն աստիճանի է արգելափակված կամ սառած, որ դա որեւէ կերպ հնարավոր չէ փոխել»: