Օգոստոսի 13-ին Երեւանում կտրվի Համահայկական համաշխարհային 5-րդ խաղերի մեկնարկը, որի գլխավոր առաքելությունը սպորտի միջոցով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունն ամրապնդելն է:
Հոբելյանական մարզական այս տոնախմբությունն սկսվելուց առաջ արդեն գրանցվել է առաջին ռեկորդը: Վերջերս հրավիրված մամուլի ասուլիսում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողներին հիշեցնելով, որ նախորդ՝ 4-րդ խաղերին մասնակցել է աշխարհի 92 քաղաքի 2179 մարզիկ, վստահություն հայտնեց, որ հոբելյանական Խաղերում հայտ ներկայացրած քաղաքների ու մասնակիցների թվաքանակը կգերազանցի բոլոր նախորդներին: «Panarmeniangames.am» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ի դրությամբ արդեն գրանցվել է աշխարհի 119 քաղաքի 2863 մարզիկի մասնակցության հայտ: Ռեկորդային այս ցուցանիշը մեծանալու միտում ունի, քանի որ հայտերի ընդունումը շարունակվում է: